Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն «հանձնարարել է» «Ալեքս Գրիգին»՝ չկեղծե՛լ

Ապրիլ 07,2011 00:00

Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հաղորդագրություն էր տարածել «Ալեքս Գրիգ» ընկերության մասին, որում, մասնավորապես, ասված էր. «2010 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ եւ կիրառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝ այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար: Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել եւ հետագայում եւս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը եւ հանել այդ ապրանքները  շրջանառությունից: Սակայն ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են հանձնաժողովի բոլոր 7 որոշումները, եւ այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքով անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար տուգանքի առավելագույն չափ է սահմանված 500 հազար դրամը:  Սակայն նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է զգալիորեն խստացնել անբարեխիղճ մրցակցության դրսեւորման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: Հանձնաժողովը մշտապես հետեւողական է նաեւ այս դաշտում առկա խնդիրների եւ իր կողմից կայացված որոշումների հանդեպ»: 
Ի դեպ, երեկ կայացած նիստում ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել բեռնափոխադրումների շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ՝ «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» եւ «ՍՕՀՕ»: Վարչական վարույթի ավարտից հետո օրենքով սահմանված ժամկետներում արդյունքները կներկայացվեն հանրությանը: Հիշեցնենք, որ տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար առեւտրականներից գանձվող վճարի չափը՝ Թուրքիայից ներկրվող ապրանքի 1կգ-ի մաքսազերծումը $4-ից դարձել է $8, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ $7-ից $14: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել