Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց տխուր պատկեր

Ապրիլ 07,2011 00:00

Կամ՝ գնաճ, գործազրկություն, կոռուպցիա

Հայաստանցիների մեծ մասը՝ 81%-ը, բավարարված չէ հայրենիքում տիրող ընդհանուր, իսկ շուրջ 60%-ը՝ տնտեսական իրավիճակից: Այս պատկերն է արձանագրում ԱՄՆ ՄԶԳ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն) օժանդակությամբ եւ «Կասալս ընդ ասոշիեյթս» ընկերության կողմից «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակում իրականացված հետազոտությունը: Չբավարարվածների թիվը 2008-2010 թվականների ընթացքում զգալիորեն ավելացել է: Ըստ հետազոտության արդյունքների, տնտեսական իրավիճակի ընկալումը 2008թ. շատ վատ է գնահատվել 17% հարցվածների կողմից, իսկ նախորդ տարի այն հասել է 35%-ի: Երկրի ընդհանուր իրավիճակով չբավարարվածների բաժինը 2010-ին ամենաբարձրը եղել է մայրաքաղաքում, որտեղ բոլորովին կամ մասամբ բավարարված չի եղել հարցվածների մոտ 85%-ը, մինչդեռ այլ քաղաքներում ու գյուղերում  արձանագրվել է համապատասխանաբար 80% եւ 77%: Չնայած գյուղաբնակների ավելի ցածր կենսամակարդակին, նրանց ակնկալիքներն ավելի քիչ են գնահատվել: Տնտեսական իրավիճակը լավ կամ շատ լավ գնահատողների թիվը եւս նվազել է՝ 2009-ի 6%-ի համեմատ նախորդ տարի հասել է 4%-ի: Հարցվածներն ամենակարեւոր հիմնախնդիրների շարքում նշել են գործազրկությունը, որն առաջին տեղում է եղել վերջին 3 տարիների ընթացքում: Գնաճը, որպես Հայաստանում կարեւոր հիմնախնդիր, 2010 թվականին ավելի սուր է ընկալվել: Եթե 2009-ին հարցվածների միայն 20%-ն է գնաճը համարել լուրջ հիմնախնդիր, ապա 2010-ին՝ 43%-ը:
2010 թվականի հարցվածների մեծամասնության (82%) կարծիքով, Հայաստանի համար լուրջ հիմնախնդիր է կոռուպցիան: Հետազոտության արդյունքների համաձայն, կաշառք պահանջելու հաճախականությունը եւ պահանջված կաշառքների չափերը գնալով աճում են: Մեր հայրենակիցները հույսեր չեն փայփայում բացասական այդ երեւույթը կրճատելու կամ վերացնելու հնարավորության վերաբերյալ: Ուսումնասիրությունը պարզել է նաեւ, որ կոռուպցիան ավելի շատ է տարածված բարձրաստիճան պաշտոնյաների, քան միջին օղակի եւ ցածրաստիճան պաշտոնյաների շրջանում: Առավել կոռումպացված հաստատություններ են համարվել Գլխավոր դատախազությունը, դատարանները (64%) եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (60%): Հարցվածների մոտ կեսը նախագահի աշխատակազմն ու Երեւանի քաղաքապետարանը ընկալել է որպես կոռումպացված, իսկ մնացած մասն էլ կա՛մ չի իմացել, կա՛մ էլ հրաժարվել է հարցին պատասխանել: Հետազոտության մեջ նշվում է նաեւ, որ Հայաստանում կոռուպցիոն դեպքերի մեջ ներքաշվելու հիմնական պատճառն այն է, որ դա խնդիրները լուծելու միակ տարբերակն է: Կոռուպցիոն փաստերի վերաբերյալ էլ մեր հայրենակիցներն իրավասու մարմիններին չեն հայտնում, որովհետեւ չեն հավատում, որ հայտնելուց հետո ինչ-որ քայլեր կձեռնարկվեն: Հարցվածների բացարձակ մեծամասնությունը նշել է, որ անտեղյակ է կառավարության հակակոռուպցիոն նախաձեռնությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել