Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-6

Ապրիլ 07,2011 00:00

\"\"Թվային հեռարձակման ցանցի միջոցով վերջին՝ 25-րդ մրցույթի մասնակիցը խոստացել է, որ «հաճելի վաղորդյան թարմություն եւ զվարթ տրամադրություն կսփռեն մարզի բնակչությանը»:

Արագածոտնի մարզում թվային ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու համար մրցույթի միակ մասնակից «Երեւան Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ն մայրաքաղաքում ԱԼՄ-ին հաղթած «Երեւան» հեռուստաընկերության, այսպես ասած՝ դուստր ձեռնարկությունն է: «Երեւան Մեդիա Հոլդինգը» գրանցվել է 2006 թվականին, եւ ընկերության իրավաբանական հասցեն Երեւանի Մաշտոցի պողոտայում է: Ըստ ներկայացված մրցութային առաջարկի՝ «2010 թվականի հոկտեմբեր ամսից ընկերության միակ մասնակիցը եւ տնօրենը հանդիսանում է Արմեն Հովսեփյանը»: Ինչպես եւ մայրաքաղաքային «Երեւանի» դեպքում՝ Արագածոտնի «Երեւանի» եկամտի աղբյուրներն էլ են գոյանալու «Էլիտ Շանթ» եւ «Էկո Ֆուդ»՝ «Երեւան» հեռուստաընկերության հիմնադիր Վարշամ Ղարիբյանին պատկանող այս երկու ՍՊԸ-ների տրամադրած գումարներից (որոնց դիմաց, ըստ կնքված նախնական համաձայնագրերի՝ 10 տարի շարունակ ցուցադրելու են նրանց գովազդները), եւ ի շարս այլ աղբյուրների՝ նաեւ «Ավտոշուկայում հայտարարությունների դիմաց վճարից»:
Անգամ որոշ հաղորդումներ են նույնը: Ասենք, «Երեւան Մեդիա Հոլդինգ»-ն էլ է խոստացել «Երեւան» հեռուստաընկերության պես հեռարձակել «SMS chat» ծրագիրը, որն ըստ մրցութային առաջարկի՝ «Ժամանակակից բարձրաճաշակ երաժշտական տեսանյութերի ներքո բովանդակային քննարկում է ծավալում երիտասարդներին հետաքրքրող բազում հարցերի շուրջ եւ հնարավորություն է ընձեռում անմիջական շփում հաստատել հեռուստադիտողների միջեւ, այդ թվում օգնում է տարբեր բարդույթներով անձանց անկաշկանդ շփման»: Ձեւակերպումը բացարձակապես նույնն է, ինչ եւ մայրաքաղաքային «Երեւանի» դեպքում, բայց այս գրագողությունը պակաս դատապարտելի է՝ մարդիկ գողացել են իրենք իրենցից:
Այս նույնականության կապակցությամբ, սակայն, հիշեցնենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 18 հոդվածը՝ «Հակամենաշնորհային երաշխիքը», ըստ որի՝ «1. Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության լիցենզիա: 2. Ֆիզիկական անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված երկու անձի (մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության) հիմնադիր եւ (կամ) մասնակից»: Ակնհայտ է, որ օրենքը եթե ոչ իրավական առումով, բայց փաստացի խախտվել է:
Սակայն անցնենք լիրիկական զեղումներին, որոնք էլի տեղ են գտել մրցութային առաջարկում՝ «հեռուստալսարանի նկարագիր» հատվածում. «Մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից», «Արագածոտնի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝ Ամբերդը, Թալինի մեծ եւ փոքր Կաթողիկե, Աշտարակի Ծիրանավոր, Սպիտակավոր եւ այլ վանքերով: Օշական գյուղում գտնվում է հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը»: Ինքն իր նկատմամբ սեւ հումոր է արել «Երեւանը»՝ որպես իր հեռուստալսարան նկարագրելով Մաշտոցի դամբարանը: Իսկ ահա Արագածոտնում բնակվող ապարանցիների եւ այլոց նկարագրությունն, ըստ այս առաջարկի. «Մարզի հայ բնակչությունն առանձնանում էր ազգային-ժողովրդական ոգով, եղեռնի եւ գաղթի նկատմամբ չթմրացող հիշողություններով, ազգային երգ ու պարի նկատմամբ ունեցած առանձնահատուկ սիրով, իրենց պապերի բնօրրանների ավանդույթների եւ սովորությունների պահպանմամբ»: Հետեւում է էլի հատուկ աշխարհագրության դասը՝ ՀՌԱՀ-ի համար, թե որքան է Արագածոտնի մարզի տարածքը, ինչ քաղաքներ ու գյուղեր ունի եւ այլն: Ներկայացված են նաեւ հիմնական ժողովրդագրական ցուցանիշները, ինչպես ասենք՝ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, ինչն արել էր նաեւ մայրաքաղաքային «Երեւանը»:
Դրան հաջորդում է արդեն պատճենում Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգից, թե երբ է դադարեցվելու անալոգային հեռարձակումը, ինչ առավելություններ ունի թվայնացումը եւ այլն: Երեւի մտածել են, թե ՀՌԱՀ անդամները չգիտե՞ն այս ամենը, կամ գիտեն, բայց մոռացե՞լ են, ուստի պետք է մրցութային առաջարկում հիշեցնել այս ամենը՝ հույսով, թե երախտագետ ՀՌԱՀ-ականները սույնով անմիջապես կտրամադրվեն հօգուտ «Երեւանի»:
«Նպատակը եւ ռազմավարությունը» ենթաբաժնում բառացի ամրագրված է. «Հեռուստատեսության նպատակն է Արագածոտնի մարզի բնակչությանը սփռել բարձր տրամադրություն»: Եվ վստահություն է հայտնված, որ հեռուստաեթերում ներառված ծրագրերն ի վիճակի են իրագործել այդ նպատակները: Այստեղ արդեն օգտագործված է մի արտահայտություն, որը Հայաստանում շրջանառության մեջ մտավ վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով. «Հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհի պահանջները, հեռուստածրագիրը որպես ամբողջություն եւ նրանում ներառված յուրաքանչյուր հեռուստահաղորդում կենթարկվի պարբերական վերլուծության»:
Մեջբերենք մի քանիսն այն հաղորդումներից, որոնք մտադիր են հեռարձակել: «Իմ հայրենիքը»՝ սա ծրագիր է մարզի «հմայքի եւ պերճանքի, Արագածոտնեցու տագնապի, հույզի ու հույսի, խնդիրների եւ անելիքների մասին մտահոգություն»: «Եզդիների մշակույթ եւ կյանք». այն ներկայացնելու է «Հայաստան երկրում ստեղծող եւ ստեղծագործող եզդի ժողովրդին» եւ վերջապես՝ «Սերունդների կամուրջ» հաղորդումը ժամանակների փողկանչն է (այս եւ տվյալ նախադասության մեջ այլ տառասխալները մերը չեն.- Ա. Ի.)՝ կապող անցյալն ու ներկան, որ ապագան ամուր եւ անսասան լինի, որ հայոց մեծերի բառն ու բանը, մշակույթային անկորչների ժառանգությունը տեր ունենա, այսօր ու հատկապես վաղը: Ծրագիրը հնարավորություն է տալիս վայելելու մեր հանճարների շռայլ ընկերակցությունը, ստանալ հայրենասիրության ու նվիրումի դասեր, սովորել համեստ ու խոնարհ լինել»: Խոստանում են «տրամադրել գրավիչ ծրագրեր», որոնցից մեկն է մասնավորապես՝ «Արագածի առավոտ» առավոտյան ծրագիրը, որի հաղորդավարները, ըստ մրցութային առաջարկում ներառված խոստման՝ «հաճելի վաղորդյան թարմություն եւ զվարթ տրամադրություն կսփռեն մարզի բնակչությանը»:

Հ. Գ. Սա թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակման մրցութային առաջարկների վերաբերյալ մեր վերջին հրապարակումն է: Եվ չնայած ողջ հոդվածաշարում բավական քննադատաբար ենք դիտարկել ներկայացված ծրագրերը՝ վերջում ցանկանում ենք նշել մի դրական առանձնահատկություն: Ի տարբերություն հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների՝ մարզային հեռուստաալիքները շատ ավելի խնամքով են վերաբերվել ներկայացված փաստաթղթերին, որոնց վրա միշտ կան երկու կողմերի կնիքներն ու ստորագրությունները: Այնպես՝ ինչպես «Երեւան մեդիա հոլդինգի« եւ «Էլիտ Շանթ»-ի միջեւ լուսանկարում պատկերված պայմանագրի դեպքում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել