Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՏԱԾԵՔ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 07,2011 00:00

«Սիվիլիթաս» հիմնադրամի «Հարյուր հարց եւ պատասխան» շարքի հյուրը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, երեկ անդրադարձավ նույն օրն ասուլիսի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի՝ ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանն» ուղղված հետեւյալ դիտարկմանը. «Երբ փորձում են այրել վերջին կամուրջները ընդդիմության կամ որը նույնն է՝ ՀԱԿ-ի հետ, ես չեմ կարծում, որ նրանք քաղաքականապես ճիշտ են գործում: Նման գործելակերպը կտանի մարգինալացման, կհայտնվեն քաղաքական արխիվում կամ իշխանության դաշտում ամբողջապես»: Վահան Հովհաննեսյանի պատասխան մեկնաբանությունն էր. «Կարծում եմ, որ այդ խորհուրդը լավ կլիներ ծագեր ՀԱԿ-ի մտքում այն ժամանակ, երբ իրենք անխնա կերպով ծաղրում էին եւ շարունակում են ծաղրել Րաֆֆի Հովհաննիսյանին իր քաղաքացիական ակցիայի ժամանակ: Ինչ ցեխ ասես՝ շպրտեցին, ինչ վարկաբեկիչ արտահայտություն ասես՝ ՀԱԿ-ը Րաֆֆիի նկատմամբ արեց ու հիմա հանկարծ ասում է՝ մի այրեք կամուրջները: Այ, երբ Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ-ի պետ էր, իսկ էդ շենքի նկուղում՝ բանտում նստած էի ես, թող այդ ժամանակ մտածեր այդ կամուրջների մասին»: Դավիթ Շահնազարյանն ասել է 1in.am-ին. «Վահան Հովհաննեսյանին 1995թ. կալանավորել է Սերժ Սարգսյանը, ոչ թե ես: Դրանից հետո ինքը՝ Վահան Հովհաննեսյանը, շարունակում է այժմ էլ սերտորեն համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, իսկ նրա այն հանցագործ ընկերները, որոնց ես եմ 1994-ին կալանավորել, առայսօր բանտերում են»:
Անդրադառնալով ընդդիմության համագործակցության հնարավորությանը՝ պրն Հովհաննեսյանն ասել է. «Միավորում ինչի՞ համար, որ ինչ-որ ուժ գա իշխանության եւ անի այն, ինչ անում է այսօրվա իշխանությո՞ւնը, որովհետեւ ուրիշ փորձ ձեզ հայտնի ուժը չունի: Թե՞ այնուամենայնիվ վերափոխենք կառավարման կարգը: Եթե մեզ նման առաջարկով դիմեն՝ մենք չենք մերժի: Բայց այսօր, որքան հասկանում ենք, մեկ քաղաքական շրջանակի իշխանության ներքո միավորվելու առաջարկ են անում, իսկ ով չի տեղավորվում այդ սխեմայի մեջ՝ նրանց սկսում են անխնա հայհոյել»: Եվ հավելել է. «Ոչ մի իրեն հարգող ուժ չի կարող համագործակցել լիդերի շուրջ, լիդերի անուն ազգանվան շուրջ: Համագործակցել ծրագրի, անելիքի, արդար ընտրության համար՝ խնդրեմ, բայց ոչ այն թեմայով, թե ով է լինելու ազգի պապան կամ պապիկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել