Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը ՀԱԿ-ն է

Ապրիլ 07,2011 00:00

«Մյուս ուժերը ընդդիմություն են ՀԱԿ-ին»,- ասում է Դավիթ Շահնազարյանը

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն իր ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանում հիմա ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Lragir.am-ի մատուցմամբ, Շահնազարյանի ասելով, առաջինն այն է, որ ժողովուրդը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից ելքը տեսնում է միայն քաղաքական հարթության մեջ եւ միայն քաղաքական փոփոխությունների տեսքով:
«Երկրորդը՝ առավել քան երբեւէ Հայաստանում հստակեցված է քաղաքական դաշտը՝ կա իշխանություն, հանձինս Հայ ազգային կոնգրեսի՝ կա միավորված ընդդիմություն, եւ, իհարկե, կան Հայ ազգային կոնգրեսին ընդդիմություն հանդիսացող այլ քաղաքական եւ հասարակական միավորներ»,- թվարկել է Դավիթ Շահնազարյանը՝ դրանց շարքում թվարկելով «Ժառանգություն» կուսակցությանն ու ՀՅԴ-ին: Նա ասել է, թե չի կարծում, որ այդ ուժերը քաղաքական ապագա ունեն, ու եզրակացրել է, թե նրանք կամ կմարգինալանան, կամ ամբողջությամբ կհայտնվեն իշխանության դաշտում: Ըստ Դավիթ Շահնազարյանի, Հայաստանում ստեղծված աննախադեպ իրավիճակի երրորդ հատկանիշն այն է, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, օրինականության հաստատման միակ ռեսուրսը Կոնգրեսն է: Չորրորդ՝ ըստ Կոնգրեսի ներկայացուցչի, Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձեւավորվում եւ թելադրում է ՀԱԿ-ը: Եվ հինգերորդ՝ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներն այսօր գերիշխում են արտաքին հարցերի եւ խնդիրների նկատմամբ: «Միջազգային հանրության, մեր հարեւանների, աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերմունքը եւ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, նաեւ տարածաշրջանային անվտանգությունը եւ դրա հետ կապված խնդիրները այսօր ուղղակիորեն կախված են Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներից»,- հայտարարել է Դավիթ Շահնազարյանը:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ էլ, անդրադառնալով խոսակցություններին, թե՝ ՀԱԿ-ը փորձում է մենաշնորհել ընդդիմության դաշտը, Շահնազարյանը հակադարձել է. «Բոլոր պահանջները հասարակության կողմից, ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացվում են ՀԱԿ-ին, նույնիսկ քննադատությունը ուղղված է ՀԱԿ-ին: Սա ուղղակիորեն ապացուցում է, որ ՀԱԿ-ն է ժողովրդավարության միակ ռեսուրսը Հայաստանում: Այսօր ընդդիմությունը եւ ՀԱԿ-ը նույնացված են: Հավատացեք, որ ՀԱԿ-ը զգում է այդ ողջ պատասխանատվությունը եւ պատասխանատվությունից երբեք չի խուսափել»,- ընդգծել է Շահնազարյանը:
Նա հերքել է ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ գործարքի, ստվերային շփումների մասին տեղեկությունները՝ նշելով, թե դրանք հրապարակ են նետվում հենց իշխանության կողմից: Երկխոսությունը իշխանությունների հետ, ըստ նրա, հնարավոր է միայն արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, այն էլ՝ «բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո»:
«Իշխանության եւ իշխանության ներկայացուցիչների հետ եղե՞լ են շփումներ, իհարկե, եղել են՝ մի քանի տասնյակ հազար մարդկանց աչքի առաջ, Ազատության հրապարակի, Մատենադարանի շրջակայքում։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ այլ շփումներ եւ կոնտակտներ չեն եղել։ Թեեւ նույնիսկ եթե լինեին էլ, այդտեղ ոչ մի կրիմինալ բան չկա, որովհետեւ երբեք մենք այդ ամենը հասարակությունից չէինք թաքցնի»,- հայտարարել է Շահնազարյանը։
ՀԱԿ ներկայացուցիչը խոսել է նաեւ առաջիկա հանրահավաքի մասին՝ հավաստիացնելով, թե այն շատ կարեւոր է լինելու, ու մասնակիցների թիվն էլ նախորդ հանրահավաքից գոնե պակաս չի լինելու:
Շահնազարյանը նաեւ շեշտել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են, որոնք, նրա համոզմամբ, անարյուն են անցնելու, իսկ մարտի 1-ի կրկնությունը պարզապես բացառվում է: «Նույնիսկ այն պահերին, երբ մեր գնահատականով՝ իշխանությունները կարող էին նման գործողություններ կատարել, մենք նրանց այդ հնարավորությունը չենք տվել: Ավելի քան համոզված եմ, որ արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը Հայաստանում անցնելու է առանց որեւէ ցնցումների, էլ չասած, որ մենք բացառում ենք նման ողբերգության, իշխանության կողմից նման ահաբեկչության կրկնությունը»,- երեկ հայտարարել է Դավիթ Շահնազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել