Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄՍԻ 8-ԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՀԻԱՍԹԱՓՎԻ»

Ապրիլ 07,2011 00:00

\"\"Սամվել Գեւորգյանը վստահ է, որ Վազգեն Մանուկյանն ու Դաշնակցության վերնախավը դեռ պատասխան են տալու:

– Ամեն հանրահավաքից առաջ խոսակցություններ են շրջանառվում, թե հենց այդ հանրահավաքը լինելու է վճռորոշ: Այս առումով բացառություն չէ նաեւ ամսի 8-ի հանրահավաքը: Իսկապե՞ս այս հանրահավաքը հանգուցային է լինելու՝ նկատի ուենալով, որ ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների կողմնակից է, իսկ հերթական ընտրություններին էլ արդեն քիչ ժամանակ է մնացել:
– Բայց չէ՞ որ վերջին երեք հանրահավաքներում ինչ-որ կարեւոր բան ոչ թե ասվել, այլ կատարվել է: Վերջին հաշվով, մենք կարողացանք Ազատության հրապարակ մտնել, իսկ հայտարարված 15 կետերը կոնկրետ քաղաքական պահանջներ են: Եվ հայտարարվեց, որ սա դառնում է ֆորում՝ ժողովրդական հավաք, որը որոշումներ է կայացնում: Այս ամենը լոկ բառեր չեն հենց այնպես ասված: Ես գիտեմ, որ ամսի 8-ի հանրահավաքը լինելու է եւս մեկ քայլ առաջ, եւ մարդիկ պետք է գան որոշում կայացնեն եւ տեր կանգնեն իրենց որոշմանը: Քաղաքական ողջ տրամաբանությունը դրան է տանում, եւ ես վստահ եմ, որ կհաջողվի. մարդիկ արդեն գիտակցել են իրենց անելիքը, իրենց դերը, իրենց քաղաքացիական պարտքը: Փոքր, առողջ միջուկն ավելի ընդլայնվել եւ ավելի կայուն է դարձել:
– Ամսի 8-ից կլինե՞ն անժամկետ բողոքի ակցիաներ՝ արտահերթ ընտրությունների պահանջով:
– Դա տակտիկական խնդիր է, ես չեմ ուզում ինչ-որ բաներ բացել, բայց որ կոնկրետ քայլ է արվելու, եւ որից ժողովուրդը չի հիասթափվի՝ հաստատ է:
– 2008-ի ողբերգական ելքով ընտրություններից հետո իշխանական դաշտը կարողացավ շատ արագ համախմբվել եւ զիջել անձնական ամբիցիաներում: Արդեն հաջորդ ընտրությունների շեմին ընդդիմադիր դաշտն այդպես էլ չի կարողանում համախմբվել մեկ նպատակի՝ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու շուրջ: Ինչո՞ւ:
– Ցավոտ հարց է: Լրջանալու պահը, ինչպես առաջին նախագահն էր ասում, վաղուց է եկել. ես պարզապես զարմանում եմ ոչ այնքան մեր ժողովրդի անտարբեր հատվածի իներտության վրա, որքան մտավորական եւ քաղաքական գործիչ կոչվածների: Այսօր նրանց պահվածքն այլ կերպ անվանել, քան դավաճանություն, չեմ կարող: Սա տրված մեկ գնահատական չէ: Մեր դաժան իրողության պատկերն է: Հիշո՞ւմ ես ինչ եղավ եւ ովքեր օգնեցին, որպեսզի ավազակապետությունը կայանա: Վազգեն Մանուկյանը եւ Դաշնակցության վերնախավը մի օր պատասխան են տալու՝ նոր կայացող պետության դեմ պայքարելու համար: Պետության, ոչ թե իշխանության: Խոսքս 1991-ի միակ արդար ընտրությունների եւ այն ժամանակվա իրադարձությունների մասին է՝ Դաշնակցության տեռորիստական գործունեության, սադրիչ հանրահավաքների մասին է, եւ այդ ամենը՝ պատերազմող երկրում: Հիշեք, թե Ադրբեջանում ինչ եղավ, եւ երեւի Ադրբեջանի պարտության հիմնական պատճառներից մեկն էլ դա էր: Ժողովրդի առաջնորդի լրջմտությունը, փաստորեն, փրկեց պատերազմող Հայաստանն աղետից, հայ ժողովրդի նվիրյալ զավակներով, նրանց արյամբ հաղթանակ պարգեւեցին: Մի պահ պատկերացրեք՝ ի՞նչ կլիներ, եթե լեգիտիմ իշխանություն չլիներ: Այսօր այդ նույն արկածախնդիրները փորձում են նույն՝ մեկ դերասանի իրենց թատրոնը խաղալ՝ օգտագործելով պատեհապաշտներին, արկածախնդիրներին, անձնապաշտներին: Վազգեն Մանուկյանին անձնապաշտության հիվանդությունը խանգարեց, թե չէ՝ նա խելացի մարդ էր եւ վերջին հաշվով կարող էր դառնալ պետության ղեկավար կամ ղեկավարներից մեկը: Անձնապաշտությունից ելնելով նա դուրս եկավ պետության դեմ ու մինչ օրս շարունակում է քայքայել պետության հիմքերը:
Այսօր նույն բանն է. եւ միամիտ հավատավորներ կան, եւ անհամբերներ, կան նաեւ շատ պատեհապաշտներ, արկածախնդիրներ, որոնց պարզապես օգտագործում են: Նույն թատրոնն արդեն քանի անգամ տեսել ենք՝ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, հիմա էլ էս վերջին թատրոնը… Ինձ ապշեցնում են այդ քաղաքական գործիչները. մի օր նրանք պետք է շիտակ նայեն իրենց երեխաների աչքերի մեջ եւ ասեն ճշմարտությունը՝ վիճակը աղետալի է, մենք Հայաստանը կորցնում ենք, անկախությունն արդեն կորցրել ենք՝ արտաքին քաղաքական եւ տնտեսական լծակները Ռուսաստանին տալով: Այդ ամենն իրենց խղճին եմ թողնում: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է հայ մարդը, մտավորականը, ՀՀ քաղաքացին նման դերասանություն անել, երբ Ռուսաստանն ու Թուրքիան են մեր ամենակարեւոր՝ Ղարաբաղի հարցը քննարկում:
Այսօր ժողովրդի միակամությունն է պետք: ՀԱԿ-ը հազար անգամ դիմեց՝ մենակ դժվար կլինի հաղթելը, եկեք միավորվենք: Մեր նպատակը՝ կուսակցությունների գաղափարական տարբերությունները հաղթահարելով, Հայաստանի փրկության գաղափարի շուրջ հավաքվելն է. դե, եկեք համախմբվենք: Ծրագրեր ունեք՝ ասեք: Չէ՞ որ ՀԱԿ-ը կայացած կառույց է, կարո՞ղ է քանդվի, ինչն էլ ուզում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որ էդ թատրոնը խաղաց: Դա իշխանությունների ուզածն, է եւ այդ խաղին մասնակից են դառնում մնացածները: Մի մասը՝ միամտորեն, մյուսը շտապում է, որ շուտ լինի, բայց մենք անարյուն հեղափոխություն ենք ուզում: Եվ դա կլինի: Պարզապես վիրավորական է, որ մեր ժողովրդի զավակներն այսօր իրենց համար նորից դավաճանի կերպար են կերտում: Սա մեր Սարդարապատն է, եւ «Սարդարապատ» շարժումն էլ պիտի դա հասկանա: Էնտեղ բոլորն ազնիվ տղաներ են, ի՞նչ է պատահել, թող գան, միանան, առաջարկներ անեն: Եթե լուրջ, կարգին առաջարկներ անեն, վստահ եմ, որ ժողովուրդը կընդունի: Իշխանությունն ուզում է քանդել, բա մե՞նք:
Շարունակությունը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել