Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեռած օրենք՝ Հայաստանում

Ապրիլ 06,2011 00:00

Աղանդավորները մեծ պահանջարկ ունեն ընտրությունների շրջանում

Հայաստանում գրանցված աղանդավորական շարժումների հետեւորդները հրաժարվում են զինվորական ծառայությունից, իսկ ըստ օրենքի նրանց համար սահմանված այլընտրանքային ծառայությունը աղանդավորներին կարծես չի հետաքրքրում: Խուսափողական այս դիրքը անհանգստության ալիքի պատճառ է դարձել: Վերջերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը հայտարարություն է տարածել, որ բացի աղանդավորական շարժումներից, էմոական շարժումն էլ եթե շարունակի մեծ թափով զարգացում ապրել, ապա լուրջ վտանգ կներկայացնի բնակչությանը:

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը նույնպես մտահոգված է խնդրով: Սակայն ընդգծեց, որ Հայաստանում գրանցված աղանդավորական շարժումներից միայն «Եհովայի վկաներն» են զինծառայությունից հրաժարվող աղանդավորները. «Այսօրվա դրությամբ միայն նրանք են խուսափում: Հայտնի է, որ մոլոկաններն էլ են հրաժարվում, բայց նրանք ազգային փոքրամասնություն են, ոչ թե աղանդավոր: Ինչ վերաբերում է էմոների՝ ծառայությունից խուսափելուն, այստեղ խնդիրն այլ է: Ողջ աշխարհում նման բան չի եղել ու չկա: Մեր պաշտոնատար անձինք չգիտեն՝ ինչ է նշանակում ենթամշակույթ. էմոների ամենամեծ վտանգն այն է, որ անչափահաս երեխան ինքնասպանություն է գործում: Այստեղ կարեւոր է հոգեբանական պահը: Այսօր ինքնասպանության փորձերի եւ դեպքերի թիվը տարեկան հասնում է 500-ի, նախկին 40-ի փոխարեն: Այսինքն, 10 տարվա մեջ 100 տոկոսից ավելի աճել են ինքնասպանության փորձերն ու դեպքերը»: Ա. Ամարյանը մեկնաբանելով «Եհովայի վկաների»՝ բանակում չծառայելու ցանկությունը, ասաց, որ նրանց ձեռնտու է բանակ չգնալը. «Նրանք դրանից նյութական շահ են ստանում: Բանակ չգնալու համար նրանց դատապարտում են 1.5 կամ 2 տարվա ազատազրկման, ապա 1/3-ով ազատվում են ու որպես խղճի կալանավորներ գնում են արտասահման: Վիզաներն էլ տրամադրում է դեսպանատունը: Իսկ նյութական աջակցությունը տարբեր է լինում: Ցավալի է ասել, բայց մարդուն գնահատում եմ նրանով, թե որքանով կարող է վնասել մեր պետությանը: Մեզ մոտ կրոնական կառույցներն աշխատում են այսպես. տունդ տուր եկեղեցուն, մենք կօգնենք՝ կգնաս արտասահման»:

Նա ընդգծեց, որ «Եհովայի վկաներն» ի սկզբանե չեն ընդունել ոչ զինծառայությունը, ոչ իրենց համար ստեղծված այլընտրանքային ծառայությունը. «Մեզ մոտ աղմուկ բարձրացավ, որ պետք է նրանց համար այլընտրանքային ծառայության օրենք ընդունել: Օրենք ընդունվեց եւ 24 «Եհովայի վկա» ու 1 մոլոկան ընտրեցին այլընտրանքային զինծառայությունը: Մոլոկանն ընտրեց զինվորական այլընտրանքայինը, այսինքն՝ առանց զենքի ծառայություն, իսկ «Եհովայի վկաներն» ընտրեցին քաղծառայությունը: Մեկ օր չանցած՝ նույն ժամին բոլոր 25-ը դիմում գրեցին, որ հրաժարվում են: Արդյունքում ստեղծվեց մեկ այլ օրենք, որ չգործող է: Սա դեռ վաղ անցյալում է եղել, եւ չգիտես ինչու հիմա այն մեզ համար նորություն է դառնում, որ «Եհովայի վկաները» նույնիսկ այլընտրանքային զինծառայությունից են հրաժարվում»: Բանախոսը հավելեց, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքն ընդհանրապես չի գործում, եւ այս պահի դրությամբ զինվորական ծառայությունից խուսափող մոտ 170 «Եհովայի վկաների» գործեր գտնվում են իրավապահ մարմինների ձեռքում. «Նույնիսկ ուժային կառույցներում կան աղանդավորներ. օրինակ՝ ունենք աղանդավոր դատավորներ: Նշեմ, որ մեզ մոտ ցանկացած անձ կարող է կրոնական կառույցի անվան տակ բիզնես ծավալել եւ հարկ չվճարել: Որպես օրինակ՝ «Բարի սամարացի» ընկերությունը, սա կրոնական կառույցի անվան տակ բիզնես է ծավալում: Մեզ մոտ չկա օրենք, որը կթույլատրի հանգիստ ուսումնասիրություններ կատարել կրոնական կառույցների ներսում, պատժել նրանց: «Բարի սամարացի» անունով կազմակերպվում են եւ հավաքներ, եւ ժողովներ: Ոչ ոք չի ասում՝ դուք կրոնական կառույց եք, ի՞նչ գործ ունեք սննդամթերքի արտադրության հետ»:

Ա. Ամարյանը նաեւ շեշտեց, որ «Եհովայի վկաները» մեծ պահանջարկ են վայելում հատկապես ընտրությունների ժամանակ. «Կրոնական կառույցները սկսել են ակտիվորեն օգտագործել քաղաքականության մեջ: Եթե կառույցի ղեկավարը դիմի անդամներին՝ ասելով, որ ընտրեք այս անձին, նույնիսկ առանց նրան ճանաչելու անպայման կընտրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել