Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՏՎԵԼ

Ապրիլ 06,2011 00:00

Ոչ բոլոր տղամարդիկ են իրենց տված այս մեկ ամիսն «արդյունավետ» օգտագործել

Վաղվանից տղամարդիկ հանգիստ շունչ կքաշեն. կանանց միամսյակն արդեն ավարտվում է: Իսկ թե այս մեկ ամսվա ընթացքում քանի՞ օր են կանանց համար տոն դարձրել նրանք՝ փորձեցինք ճշտել հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը շատ գոհ էր թե՛ ստացած նվերներից, թե՛ տղամարդկանց վերաբերմունքից, բայց նա Հայաստանում կանանց միամսյակը ձեւականություն է համարում. «Դա խեղճության նշան է: Ես դա մեր հաղթանակը չեմ համարում: Չեմ կարծում, որ ֆրանսուհիները, որոնք ամենանրբագեղ կանայք են համարվում, միամսյակ ունեն: Մեր երկրում այդ միամսյակն արհեստական է, իսկ ես արհեստական բաներ չեմ սիրում»: Սա չի նշանակում, որ տիկին Պետրոսյանը կանանց միամսյակին անտեսված է եղել տղամարդկանց կողմից. «Ես հաճախ եմ ծաղիկներ ստանում տղամարդկանցից, բայց այս ամսվա ընթացքում չափազանց շատ ծաղիկներ եմ ստացել՝ թոռնիկիցս սկսած, ընկերներիցս վերջացրած: Իսկ երեկ ամուսինս այնքան լավ անակնկալ մատուցեց, ինձ նվիրեց խաչ, այն ոսկի չէ, արծաթ է, բայց իսկական արվեստի գործ է, ես շատ-շատ եմ սիրում նման անակնկալներ, վստահ եմ, որ ամուսինս մոռացել էր, որ կանանց միամսյակում ենք դեռ, նա ողջ տարվա ընթացքում է նման անակնկալներ անում»: Տիկին Պետրոսյանը գտնում է, որ կինը պետք է տղամարդուն մեծարի, նրան բարձրացնի, որ տղամարդն էլ կնոջը «ծաղիկի» պես պահի. «Ստանում ես այն, ինչ ցանում ես: Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում տղամարդկանց, տանել չեմ կարողանում, երբ տղամարդուն ստորացնում են, դրա համար էլ ես ավելի շատ տղամարդ ընկերներ ունեմ: Ինձ մանկուց այդպես են դաստիարակել: Հայրս միշտ ասում էր՝ կնոջ մեջ թագուհի կա, որին պետք է պահել, կինն էլ պետք է տղամարդու մեջ տղամարդուն պահի, որ նա տեսնի այդ թագուհուն: Ինչպես գիտեք, ես առանձնապես աչքի չեմ ընկնում կոկետությամբ, երիտասարդ ժամանակ էլ առանձնապես չեմ սեթեւեթել, բայց գտնում եմ, որ կինը գեղեցկությամբ չէ, որ պետք է գրավի տղամարդուն, ամենակարեւորը կանացիությունն է, որը բնածին պետք է ունենալ»:

Մեր հարցին՝ կառավարության շենքի հայտնի դեպքերը չհաշված՝ ի՞նչ տվեց ձեզ այս մեկ ամիսը՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարճ ու կոնկրետ պատասխանեց. «Ոչինչ, ոչ մի բան էլ չտվեց»: Ինչպես պարզեցինք, առանձնապես նվերներ, ծաղիկներ կամ տղամարդկանց կողմից վերաբերմունքի փոփոխություն Զարուհին չի ստացել ու չի նկատել. «Դե, գարուն է, իսկ գարունն իհարկե անդրադարձ կատարում է, հետաքրքիր զգացմունքներ է բերում, բայց դա թե կանանց է վերաբերվում, թե տղամարդկանց: Իմ կողքին կանգնած տղամարդիկ, այսինքն՝ իմ հարազատները, ինձ միշտ էլ ջերմ են վերաբերվել, իսկ այլ տղամարդկանց վերաբերմունքի մեջ որեւէ փոփոխություն այս մեկ ամսվա ընթացքում՝ չկա»:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքերով՝ «այս միամսյակի ժամանակ ոչ դարդերս պակասեցին, ոչ էլ…»: Լիլիթը անձնական «դարդերը» նկատի չուներ. «Տոնը տոն է, երբ նման զգացողություն կա եւ ամբողջ միջավայրն է տոնի մեջ, իսկ մեր իրականությունը բացարձակապես տոնի տեղ չի թողնում: Կինը պետք է երջանիկ լինի, որ իր շուրջը երջանիկ դարձնի: Եվ եթե իսկապես մեր տղամարդիկ շատ են մտածում մեր կանանց մասին, ուրեմն պետք է փորձեն երկիրն այս ցեխից հանեն: Իմ ես-ը այս միամսյակում չի, որ պիտի շոյվի, կարծում եմ, բոլոր կանայք են ուզում, որ այդ հարգանքը, կնամեծարությունը լինի ողջ տարվա մեջ»:

Ամեն տարի հատկապես մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած հատվածում կանայք ակտիվ պայքար են տանում, միջոցառումներ են կազմակերպում՝ գենդերային հավասարության համար: Այս տարի կանայք կարծես թե զենքերը վայր են դրել ու հաշտվել, որ ինչպես ընտանիքում, այնպես էլ կառավարական բոլոր օղակներում տղամարդիկ գլուխն են, իրենք՝ լավագույն դեպքում վիզը:

Ալվարդ Պետրոսյանի համոզմամբ՝ «Այս երկրում նախեւառաջ տղամարդկանց իրավունքները պետք է պաշտպանել, հետո՝ կանանց: Տղամարդիկ պետք է արժանապատիվ ապրեն, նրանք հիմա աննկարագրելի դժվարությունների միջով են անցնում, չեն կարողանում հաղթահարել, ուստի այդ ֆոնի վրա գենդերային քաղաքականության մասին խոսել՝ անհեթեթություն է ու անիմաստ բան»:

Լ. Գալստյանը գտնում է, որ գենդերային քաղաքականությունը մեր երկրում սխալ է ընկալվում. «Գենդերային քաղաքականություն ասելով՝ միանգամից հասկանում են փողոցում հայտնված էն Շամիրամներին, վուլգարացնում են այդ ամենը: Գենդեր նշանակում է սեռ եւ դա երկու սեռերի ներդաշնակ, հավասարակշռված մոդելն է»: Ըստ Լ. Գալստյանի, այնուամենայնիվ, պետք է պայքարել գենդերային հավասարության համար. «Մեր քաղաքական մշակույթը, այսպես ասած, «արական» է, բայց նրանք մի օր կհասկանան, որ այդքան «շռայլություն» ունենալ ու չօգտագործել հայ կնոջ ներուժը՝ կբերի երկրի աղքատացման հեռանկարին: Ներուժ ասելով՝ նկատի ունեմ, որ բարձրագույն կրթություն ունեցողների 65 տոկոսը կանայք են, ավելի շրջահայաց ու խոհեմ են, այս 20 տարիների սոցիալական, բարոյական, տնտեսական բեռն իրենց ուսերին են տարել: Մեր իրականության մեջ մենք իսկապես խտրականության հետ ենք բախվում, ցածր վարձատրությամբ աշխատանքներն են կանայք անում, բիզնեսում գրեթե կանայք չկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել