«2011 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» հրամանագիրը ՀՀ նախագահը ստորագրեց մարտի 24-ին: Վաղը՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունը կհաստատի 2011 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» որոշումը եւ մինչեւ հունիս կիրականացվի զորակոչ ու զորացրում: Սովորականի նման ստեղծվել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, սովորականի նման՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Մարզային զորակոչային հանձնաժողովներն էլ կղեկավարեն մարզպետները:
Բայց արդեն 8 ամիս է, ինչ Նոյեմբերյանի տարածքային զինկոմիսարիատը ղեկավար չունի: Նախկին զինկոմ, փոխգնդապետ Անդրանիկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո նրա տեղը թափուր է: Զինկոմիսարիատի աշխատանքները համակարգում է զինկոմի տեղակալ, մայոր Գարեգին Գոգինյանը:
2010 թվականի մայիսի 28-ին, օգոստոսի 4-ին եւ 8-ին գրել ենք Անդրանիկ Հարությունյանի եւ նրա չծառայած որդու մասին: Այս հրապարակումներին ի պատասխան, Նոյեմբերյանի զինկոմիսարիատից ասել էին, որ զինկոմ Հարությունյանը հուլիսի 23-ից արձակուրդում է, իսկ հուլիսի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է արձակել նրան աշխատանքից ազատելու եւ «կադրերի տրամադրության տակ թողնելու» մասին: Ու այս վիճակն է արդեն ութ ամիս:
Վրացական ջրերը հեղեղում են մեր հողերը
Վրաստանին սահմանակից Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակիչ Վովա Զախարովը բողոքեց, որ իր արքայանարնջի այգին հեղեղում են Վրաստան ձգվող ոռոգման ջրագծի ջրերը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանն այս առթիվ ասաց, որ Դեբեդից սնվող ոռոգման ջրագիծը Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերի համար է եւ մոտ 600 մետր ձգվում է դեբեդավանցիների հողամասերով ու դրա հետեւանքով տուժում է 7 դեբեդավանցու պատկանող մոտ 2,5 հա տարածք: Վրացական կողմը ջուր վերցնում է, բայց առանձնապես մաքուր չի պահում ջրատարը: Ջրատարի հատակը պատվում է տիղմով, բարձրացած ջուրը դուրս գալով առվից` հեղեղում է դեբեդավանցիների դաշտերը: