Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդամենը «կծել» եմ Հայաստանից

Ապրիլ 06,2011 00:00

Վախթանգովյան թատրոնի դերասանը՝ Հայաստանի եւ  իր մոնոներկայացման հերոսների՝ ռուս դասականների մասին:

Դաշնամուր, սեղան, մեկ բաժակ ջուր եւ աթոռ. վարագույրը բացվում է, վառվում են բեմի լույսերն ու կուլիսներից հայտնվում է ՌԴ վաստակավոր արտիստ Յուրի Կրասկովը: «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի շրջանակներում օրերս Մոսկվայի տանը Ե. Վախթանգովի անվան ռուսական թատրոնը հայ հանդիսատեսին ներկայացավ «Լսելով հեռուն»՝ 1 ժամ 20 րոպե տեւողությամբ մոնոներկայացումով, որի հեղինակն ու բեմադրիչը Յու. Կրասկովն էր: Մոնոներկայացման բեմական դեկորացիան պարզ լուծումներով էր: Վաստակավոր դերասանի հագուստից էլ զգացվում էր՝ ճոխություններ ռուսական թատրոնը չի սիրում: Մենախոսությունն ուղեկցվում էր դաշնակահար Նատալիա Գավրիլովայի նվագակցությամբ:

«Լսելով հեռուն» բեմադրությունը կառուցված է ռուս դասական գրողների ստեղծագործությունների հիման վրա: Մեկ երեկոյի ընթացքում դերակատարը հանդիսատեսին հնարավորություն տվեց «հանդիպել» Պուշկինին, Գոգոլին, հպանցիկ զգացինք նաեւ Մանդելշտամի, Գումիյովի, Մայակովսկու ներկայությունը դահլիճում: Յու. Կրասկովը մեկ շնչով Պուշկինի տեսանկյունից որպես հեղինակ պատմեց Եվգենի Օնեգինի մասին, ապա հնչեցրեց նաեւ մյուս ստեղծագործողների լավագույն քաղվածքներից:

Իր մենախոսությունը հեղինակը նվիրում է ռուս դասականներին:

«Յուրաքանչյուր մարդ ունի իր ուրույն ներաշխարհը: Այլ մարդու համար այդ աշխարհը ասես հեռավոր առեղծվածային մոլորակ լինի, բայց իր համար այն հայրենիք է, որտեղ նա սեփական տանն է: Առնչվելով այս կամ այն ստեղծագործողի գործունեությանը, մենք ասես հայտնվում ենք նրա հեռավոր մոլորակում՝ հոգու հայրենիքում»,- ասում է Յու. Կրասկովն ու բեմից դիմում հանդիսատեսին. «Մենք բոլորս այս կյանքում անելիք ունենք: Պետք է ամեն ոք այնպես փորձի ապրել, որ իրենից հետո մի բան թողնի, որը կդիպչի մարդկանց հոգիներին, սրտերին: Լսելով հեռուն՝ ես մեր դասականներից վերցրել եմ այն, ինչը հարազատ է իմ հոգուն եւ ահա այդ ամենը այժմ փոխանցում եմ ձեզ»:

Դերասանը ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում եւ ջուր խմում՝ անմիջապես հանդիսատեսի աչքի առջեւ: Նա ներկայացման ընթացքում մի քանի անգամ հետաքրքրվեց դահլիճից՝ արդյո՞ք չի հոգնեցրել: Ներկաները միահամուռ պատասխանեցին, որ ոչ, մեծ հաճույքով են ունկնդրում պոեզիա, մյուս կողմից էլ՝ դահլիճի որոշ նստարաններ աստիճանաբար դատարկվում էին…

Չնայած ըստ ծրագրի մոնոներկայացումը նախատեսված էր 1 ժամ 20 րոպե, սակայն դերասանն այնքան լավ էր իրեն զգում հայկական բեմում, որ ձգվեց մինչեւ 2 ժամ:

Յու. Կրասկովը խոստովանում է, որ դժվար է հանդիսատեսին երկու ժամ պահելը, բայց միեւնույն ժամանակ՝ նաեւ շատ հետաքրքիր. «Դերասանը բեմում երկու տարբերակով է խաղում, երբ պետք է խաղա այն, ինչ ծրագրված է, եւ այն, ինչը ծրագրից դուրս է: Վերջինը կախված է հանդիսատեսից: Դա դո՛ւ չես ծրագրում, չե՛ս նախատեսում… Կախված է նրանից, թե ինչ դահլիճ է եւ ով է քո հանդիսատեսը: Այսօր, անկախ ինձնից, ներկայացումը երկարեց, որովհետեւ դահլիճը սրտատրոփ լսում էր: Զգում էի, որ հետաքրքրում եմ: Պարտադիր չէ, որ հանդիսատեսի ուշի ուշով լսելը արտահայտվի բուռն ծափահարություններով, բավական է միայն տեսնել նրանց հայացքները»:

Նշենք, որ Կրասկովն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Ասում է. «Հայաստանն ինձ ձգում է: Մեկ տարի առաջ կրկին այստեղ էի՝ նույն փառատոնին: Ընդամենը 3 օրով էի Հայաստանում, իսկ դա բավական չէ մի ամբողջ ազգի հետ ծանոթանալու համար, շփվել է պետք, գրկել, համբուրել մարդկանց, օդը վայելել, հոտը զգալ… Այնպես որ, անցյալ անգամ ընդամենը մի փոքր «կծեցի» Հայաստանից եւ գնացի: Դա ինձ չբավարարեց, դրա համար նորից եմ եկել»:

«Լսելով հեռուն» մոնոներկայացումը դերասանն արդեն խաղում է շուրջ 2 տարի: Ռուս դասականների քաղվածքների արանքում նա իր սեփական խոհերն է հնչեցնում կյանքի մասին: Կրասկովի բնորոշմամբ, «Գոգոլի անհանգստությունը՝ մարդկային արատների մասին, շատ գրավիչ է, իսկ Պուշկինը փիլիսոփա է… այդպես գրե՜լ… Նրան այնքան հաճելի է կարդալը՝ ասես «էսկիմո» պաղպաղակ ուտես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել