Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ Ո՛Չ ՖՐԱՆՍԻԱ Է, Ո՛Չ ԷԼ ՃԱՊՈՆԻԱ»

Ապրիլ 06,2011 00:00

  «HTB»-ի մասնագետները` Հայաստանի ու հայկական հեռուստաալիքների մասին

«Օրդֆիլմ» կինոարտադրող ընկերությունը ԱՊՀ երկրների հարցերով դաշնային գործակալության եւ Մոսկվայի տան աջակցությամբ ռուսական «НТВ» հեռուստաընկերությանը առաջարկել են մեր երկրում իրականացնել վարպետության եռօրյա դասեր, որը կանցկացվի Երեւանի Մոսկվայի տանը՝ ապրիլի 15-17-ը:

«Օրդֆիլմ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանն ասում է, որ վարպետության դասերը կվարեն «История всероссийского обмана» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Ալեքսեյ Եգորովը, «НТВ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, «История всероссийского обмана» թոք-շոուի գլխավոր պրոդյուսեր Դիանա Ստեպանովան եւ բեմադրող օպերատոր Կոնստանտին Օլերսկին: «Բարձրակարգ մասնագետներն իրենց` տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքը պատրաստ են փոխանցել լսարանին: Ասեմ, որ դասընթացն իր բնույթով բացառիկ է Հայաստանում, եւ մենք անում ենք ամենը, որպեսզի միջոցառումը կրի շարունակական բնույթ»,- ասում է Հայկ Օրդյանը:

Հարցին, թե ինչպե՞ս սկսվեց իրենց եւ «НТВ»-ի համագործակցությունը, Հ. Օրդյանը նշում է. «Օրդֆիլմ» ընկերությունը մոտ մեկ տարի է, ինչ կազմակերպում է վերապատրաստման «Հեռուստատեսային հմտություններ» եռամսյա դասընթացը, եւ, մեր փորձից ելնելով, հասկացանք, որ այս ոլորտում ամենամեծ թերությունը կամ բացթողումը շփման եւ փոխգործակցության պակասն է՝ այլ երկրների մեր գործընկերների հետ: Առաջինը մենք նախընտրեցինք համագործակցել ռուսական հեղինակավոր «НТВ» հեռուստաընկերության հետ, քանի որ այդ հեռուստաընկերության մասնագետների հետ ունեինք ավելի սերտ ու հարազատ կապեր: Գիտե՞ք, հետաքրքիրն այն է, երբ մեր գործընկերներին ասացինք մեր մտադրության մասին, նրանց պատրաստակամությունը պարզապես աներեւակայելի էր»:

Հայկ Օրդյանի միջոցով հեռախոսով զրուցեցինք «НТВ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովի եւ նույն հեռուստաընկերության «История всероссийского обмана» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Ալեքսեյ Եգորովի հետ:

Պարոն Սիդորովից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լսել Հայաստանի մասին: «Գիտեք, Հայաստանի մասին ես այնքան էլ շատ տեղեկություններ չունեմ, իմացածս հիմնականում հավաքական կերպարների շուրջ է: Օրինակ, գիտեմ արեւային Հայաստանի մասին, Արարատ լեռան, Սեւանա լճի, հայկական կոնյակի: Գիտեմ Ֆրունզիկ Մկրտչյանին, Արմեն Ջիգարխանյանին, Կարեն Շահնազարովին, հայազգի մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրին, երգչուհի Շերին, ով հայկական արմատներ ունի, վերջապես Տիգրան Քեոսայանին… Եվ մի քանի ընկերներ ունեմ, ովքեր ապրում ու աշխատում են Երեւանում»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Սիդորովը:

«История всероссийского обмана» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Ալեքսեյ Եգորովը ասում է, որ շատ բան գիտի Հայաստանի մասին. «Գիտեմ, որ հայերը միակն են աշխարհում, որ առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Իմ ընկերներն ու գործընկերները Հայաստանի մասին առանձնակի տպավորություն են ստացել: Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց. «Ալեքսեյ, Հայաստանը ո՛չ Ֆրանսիա է, ո՛չ Ճապոնիա…… Այնտեղի օդն ու ջուրը ստիպում են քեզ հարազատանալ, մարդիկ սպասվածից ավելի ջերմ ու հյուրընկալ են. դա, իրոք, հետաքրքիր է…»: Հետո հայերն ունեն դարերի կենսագրություն, ունեն Նարեկացի, որը ճանաչված է ամբողջ աշխարհում: Ես այն երջանիկներից եմ, ով լսել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, կարդացել հայազգի հռչակավոր գրողների գործերից»:

Հետաքրքիր էր իմանալ ռուս հեղինակավոր ռեժիսորի` Ս. Սիդորովի կարծիքը հայկական հեռուստատեսության մասին: «Հայկական հեռուստաալիքների մասին տպավորություններ եմ ստացել միայն ու միայն ինտերնետ պորտալներից, որոնք այնքան շատ չեն: Հայկական ֆիլմերից, օրինակ, շատ լավ եմ հիշում Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ը՝ Արմեն Ջիգարխանյանի եւ Ռոլան Բիկովի մասնակցությամբ: Լավ եմ հիշում Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, որը բավական մեծ տպավորություն է թողել հենց միայն այն պատճառով, որ ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը Մհեր Մկրտչյանն է»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Ստանիսլավ Սիդորովը:

Հարցին` շուտով վարպետության դասեր է անցկացնելու Հայաստանի լրագրողների եւ լրագրության ֆակուլտետների ուսանողների համար, հեռուստատեսությանը վերաբերող հատկապես ո՞ր հարցերին է ուշադրություն դարձնելու, պարոն Սիդորովը պատասխանեց. «Կփորձեմ ներկայացնել լավագույն ու առավել զարգացած TV-ների եւ հեռուստաալիքների օրինակները, թեկուզ «»-ն, եւ այն մասին, թե ինչպես է դա մեզ հաջողվել եւ որքան է արժեցել»:

«История всероссийского обмана» » հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Ալեքսեյ Եգորովն էլ նշեց. «Ես հիմնականում խոսելու եմ այն ամենից, ինչ գիտեմ հեռուստատեսության մասին: Եթե նկատի ունենանք, որ լսարանում կլինեն նաեւ ուսանողներ, ապա պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես են ստացվում իմ ֆիլմաշարերն ու հաղորդումները: Կարծում եմ, որ մասնագիտական իմ ունակությունները կկարողանամ փոխանցել լսարանին»:

Մեր նկատառմանը, որ իր ֆիլմերում, հեռուստաշարքերում քրեական ուղղությունը նկատելի է, Եգորովը պատասխանեց. «Ես միտումնավոր որեւէ բան չեմ անում: Գտնում եմ, որ հեռուստատեսությունը պետք է ճաշակ ձեւավորի: Իրականում ես այնքան էլ սկանդալների սիրահար չեմ, բայց չես կարող անել հաղորդում, որը չունենա հետաքրքրություն»:

Ս. Սիդորովին խնդրեցինք մի քանի արտահայտություններով բնորոշել բոլոր այն պրոֆեսիոնալներին, ովքեր ապրիլի 15-17-ը լինելու են Երեւանում: «Ես կարծում եմ, որ իրենք իրենց մասին ավելի մանրամասն կարող են պատմել, այդ իսկ պատճառով կարող եմ նրանց բնութագրել ընդամենը երկու բառով. Ալեքսեյ Եգորովը՝ ամենահետաքրքրասեր եւ պրպտող լրագրողը, Դիանա Ստեպանովան, ում հմայքը իրեն շատ է օգնում հարցազրույցներ վերցնելիս, Կոնստանտին Օլերսկին, անշուշտ, երիտասարդ է, փոքր-ինչ հավակնոտ, բայց, իրոք, իր գործի վարպետն է»,-շեշտեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել