Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՇԱՏ ՄՈՏ Է

Ապրիլ 06,2011 00:00

Կոտ Դ’Իվուարում նախագահական ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածու Ակասսան Ուատտարան, որի հաղթանակը ճանաչել է նաեւ միջազգային հանրությունը, հայտարարել է, որ երկրի նախկին ղեկավար Լորան Գբագբոն բանակցություններ է սկսել դիմադրության դադարեցման շուրջ: Գբագբոյի ներկայացուցիչները, մինչդեռ, այդ տեղեկությունները չեն հաստատում: BBC-ի փոխանցմամբ, Ուատտարայի եւ Գբագբոյի կողմնակիցների միջեւ զինված դիմակայությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկ ամիս: Այսօր էլ դաժան մարտեր են ընթանում երկրի խոշորագույն եւ 5 մլն բնակչություն ունեցող Աբիջան քաղաքում, որտեղ նոր նախագահին լոյալ վերաբերվող ուժերը ակտիվ գրոհներ են ձեռնարկել: Ուատտարայի շտաբը եւս հաղորդել է Աբիջանում Գբագբոյի նստավայրն ու հեռուստակենտրոնը գրավելու մասին, սակայն Լոնդոնում Կոտ Դ’Իվուարի նախկին նախագահի խորհրդականը այդ տեղեկությունը որակել է որպես քարոզչություն:

Ավելի վաղ, ֆրանսիական բանակի ուղղաթիռները եւ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը գնդակոծել էին Գբագբոյի կողմնակիցների ռազմական հենակետերն ու զենքի պահեստները՝ խաղաղ բնակիչների դեմ հարձակումները կանխելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն՝ հավելելով, որ այդ հարվածները որեւէ կերպ չի կարելի գնահատել որպես՝ Լորան Գբագբոյին հայտարարված պատերազմ:

Պան Գի Մունը շեշտել է, որ վերջին մի քանի օրերին իր պաշտոնը կամովին թողնել չցանկացող երկրի նախկին ղեկավարի ուժերը սկսել են ակտիվորեն ծանր հրազեն կիրառել: Ընդսմին, Գբագբոյի օգնականը BBC-ի թղթակցին հաղորդել է, թե ավիահարվածները ոչ մի բանի չեն հանգեցնի, եւ որ նախկին նախագահին հավատարիմ ուժերը կկռվեն մինչեւ հաղթանակի հասնելը:

Այդուհանդերձ, Գբագբոյի իշխանությանը շատ շուտով վերջ կդրվի:

Կոտ Դ’Իվուարում նախագահական ընտրություններին հաջորդած անկարգությունների եւ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է մի քանի հարյուր մարդ, մոտ մեկ միլիոնը ստիպված է եղել թողնել իր բնակության վայրերը: Արդեն հիմա Ուատտարայի ուժերը վերահսկողության տակ են առել Արեւելյան Աֆրիկայի՝ այդ երկրի փաստացի ողջ տարածքը՝ բացառությամբ Աբիջանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել