Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՏԵՍԱԿԱՆՆ Է ՇԵՇՏՎԱԾ

Ապրիլ 06,2011 00:00

Փաստում է Ֆրանսիայում փոխանակման ծրագրով վերապատրաստված Արեւիկ Հովհաննիսյանը

Կյանքում հաճախ է պատահում, որ որդին կամ դուստրը, ժառանգելով ծնողի ձիրքը, նաեւ նույն մասնագիտությունն է ընտրում: «Փոքր տարիքից հակում եմ ունեցել նկարչության հանդեպ, եւ այդ ձիրքը ժառանգել եմ հորիցս, բայց առիթ չի եղել, որ նա ինձ հրահրի գնալ ճարտարապետության ուղղությամբ: Երբ ծնողներիս հայտնեցի որոշմանս մասին, նրանք այնքան էլ գոհ չէին, մտածելով՝ աղջկա մասնագիտություն չէ,- պատմում է Արեւիկ Հովհաննիսյանը եւ հավելում,- բայց, կարծում եմ, որ այս դարում աղջկա, տղայի մասնագիտության մասին խոսելն ավելորդ է: Օրինակ՝ մեր կուրսում աղջիկների ու տղաների քանակը հավասար էր»:

Արեւիկ Հովհաննիսյանը ավարտել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի՝ ճարտարապետության ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով: Արեւիկի հայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, նույնպես մասնագիտությամբ ճարտարապետ է, եղել է Շիրակի մարզի Արթիկի շրջանի գլխավոր ճարտարապետը, լավ գիտեր, որ դստեր համար շատ դժվար է լինելու, բայց աղջիկն արդեն կայացրել էր իր ընտրությունը:

Համալսարանում սովորելու տարիներին Ա. Հայրապետյանը համոզվել է, որ հայաստանյան բուհերը մի մեծ թերություն ունեն՝ ավելի շատ ուշադրություն են դարձնում տեսական, քան գործնական մասին. «Չնայած ուսումնառության 6 տարիների ընթացքում ուսումնասիրել էի արվեստի, ճարտարապետության պատմությունը, բայց երբ սկսեցի աշխատել, հասկացա, որ ճարտարապետությունը լրիվ այլ բան է»,- խոստովանում է Արեւիկը: Նաեւ ավելացնում. «Ցավալի էր, որ 6 տարի ջանասիրաբար սովորած լինելով հանդերձ, չէի կարողանում աշխատանքում ինձ ինքնավստահ զգալ»: Նա հիշում է, որ իրեն շատ բան տվեց Ուսանողների փոխանակման միջազգային ծրագրին մասնակցությունը, որի ընթացքում եղավ Ֆրանսիայում եւ շփվեց այնտեղի ուսանողների հետ: «Հայերը մի քիչ ալարկոտ են, նաեւ՝ մեծամիտ. իրենք կարող է եւ ավելի խելացի են, բայց պատիվ չեն համարում երկար քննարկել նյութը, խորանալ թեմայի մեջ»,- նշում է Արեւիկը:

Ինչպես հայրը, այնպես էլ դուստրը զբաղվում են նկարչությամբ. ճարտարապետը պետք է պարտադիր կարողանա գոնե գրաֆիկական նկար անել: Ի դեպ, Արեւիկը դպրոցական տարիներին մասնակցել է հնդիկ ծաղրանկարիչ Շանկարի հոբելյանական մրցույթին եւ ստացել է արծաթե մեդալ: Նա միշտ իր հետ մի տետր ու մատիտ է ունենում եւ եթե ինչ-որ պատկեր է հղանում՝ հանձնում է թղթին:

Մոտ ինն ամիս է՝ Արեւիկն աշխատում է իր մասնագիտությամբ, ասում է՝ ցանկության դեպքում աշխատանք գտնելը դժվար չէ. «Երբ նոր էի բուհ ընդունվել, կուրսում 90 հոգի էինք, հայրս էլ էր զարմացել՝ եթե տարեկան այդքան ճարտարապետ են ընդունում, հետո ի՞նչ են անելու: Նախկին կուրսեցիներիս հետ կապի մեջ եմ եւ գիտեմ, որ շատերն աշխատանք ունեն»: Արեւիկի հայրը, որ երկար ժամանակ է՝ իր մասնագիտությամբ չի աշխատում, այլ կարծիքի է: «Այսօր ճարտարապետությամբ զբաղվելը ոչ միայն արդյունավետ չէ, այլեւ հաճույք չի պատճառում ինձ: Այսօր շուկայական մրցակցությունը չի գործում ու օժտված մարդը կարող է գործ չգտնել»,- ընդգծում է ավագ ճարտարապետը եւ կարծիք հայտնում, որ Երեւանում ճարտարապետությունն ահագին առաջ է գնացել, իսկ մարզերում դեռ անելիք կա. «Օրինակ՝ այսօր գյուղացին մի մարագ կառուցելու համար պետք է երեք հազար դոլար միայն փաստաթղթերի վրա ծախսի, եթե օրենքով վարվի: Դրա համար էլ շատերը օրենքով չեն վարվում, ինչի պատճառով էլ այսօրվա շինությունների 95%-ն անօրինական է»: Ասում է՝ ճարտարապետությունը նրա համար է, որ բնական պայմանները մարդուն հարմարեցնի, մինչդեռ այսօրվա ճարտարապետությունը հակառակին է ծառայում. շատերը իրենց մի չնչին ցանկության պատճառով անհարմարություն են ստեղծում մյուսների համար՝ գցելով ճարտարապետության վարկը: Ներկայումս հայր ու դուստր աշխատում են մի ճարտարապետական ձեռնարկի վրա՝ հայրենի Գեղանիստ գյուղում հուշարձան են նախագծել՝ նվիրված Հայրենական պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին:

Դառնալով Արեւիկին՝ նշենք, որ դեռ մեծ գործեր չի արել, բայց դիպլոմային աշխատանքի ղեկավար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի օգնությամբ Երեւանում միջազգային շախմատի տան նախագիծն է արել, որը արդիական համալիր է՝ հյուրանոց, դպրոց, մրցումների անցկացման վայր: Ա. Հովհաննիսյանը հույս ունի, որ համալիրը գուցե հետագայում կյանքի կոչվի:

Հայր ու դուստր փաստում են, որ մարդիկ սխալմամբ ճարտարապետին ու շինարարին նույնացնում են, բայց առաջինը երկրորդից տարբերվում է այնքանով, ինչքան կոմպոզիտորը՝ երգչից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել