Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ՉԷ

Ապրիլ 06,2011 00:00

Նոր շարժառիթ՝ «գաղափարական շահ»

«Հատկանշական է, որ լրտեսության հիմնական շարժառիթը վերը նշված բոլոր գործերով եղել է նյութական շահը, սա բնորոշ է բոլոր երկրներում այդ բնույթի հանցագործություն կատարող անձանց, շատ քիչ դեպքերում է լինում այլ շահ, օրինակ՝ գաղափարական» (ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն):

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հրապարակել է 2002 թ. մինչեւ օրս պետական դավաճանություն եւ լրտեսություն կատարած Մուրադ Բոջոլյանի եւ մյուս դատապարտյալների հանցանքի էությունը («Առավոտ», 27.11.2010թ.): Դրանցից Մուրադին վերագրված մեղադրանքի անարժանահավատությանը օրաթերթը անդրադարձել է:

Իմիջիայլոց, մտահոգիչ է նաեւ Գեւորգ Հայրապետյանին վերագրված մեղադրանքը: Այդ քրեական գործով առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել, որ Գ. Հայրապետյանը Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ է, ընդսմին՝ 2009 թ. ապրիլից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հավաքել, պահել, իսկ 2009 թ. սեպտեմբերի 1-ին այդ կազմակերպության ներկայացուցիչ, Իրանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ազերի Բեհնամ Բաղերիին հանձնել է հակահայկական քարոզչություն հանդիսացող՝ ՀՀ զինված ուժերի կողմից Շուշիում եւ Լաչինում իրականացրած մաքրման գործողությունների տեսագրությունը:

Դատարանը հանցավորների նկատմամբ կիրառել է քրեական պատիժ՝ համապատասխանաբար 12 եւ 10 տարի ժամկետով ազատազրկում:

Իրավ, արարքը զայրալից է, մինչդեռ հակված եմ չհավատալ, որ Արցախը ազատագրող ջոկատներից մեկի հայտնի հրամանատարը դարձել է թշնամու գործակալ եւ ի վնաս հայրենիքի՝ արտաքին անվտանգության թշնամական գործողություններ կատարել:

Դիտարկենք պետական դավաճանություն եւ լրտեսություն հանցագործությունները: Պետության արտաքին անվտանգությունը ապահովող հիշյալ նորմերի դիսպոզիցիան նկարագրական է, այսինքն՝ թվարկված են հանցագործությունը բնորոշող հատկանիշները: Ըստ այդմ, պետական դավաճանությունը կարող է կատարվել հետեւյալ ձեւերով. թշնամու կողմը անցնելը, լրտեսություն, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցչին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործողություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը (Քրեական օրենսգրքի 299 հոդված):

Լրտեսությունը բնորոշվում է նրանով, որ օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցչին հանձնվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կամ հանձնելու նպատակով դրանք հավաքում, հափշտակում կամ պահում է, ինչպես նաեւ օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ է հավաքում եւ հանձնում (Քրեական օրենսգրքի 302 հոդված):

Նկատենք, որ պետական դավաճանության լրտեսության ձեւի եւ լրտեսության հանցագործության կազմի օբյեկտիվ կողմը համընկնում է միմյանց, միայն սուբյեկտներն են տարբեր: Ըստ այդմ, երբ այդ արարքը կատարում է ՀՀ քաղաքացին, վրա է հասնում հայրենիքի դավաճանության պատասխանատվությունը (299 հոդված), իսկ երբ նույն արարքը կատարում է արտերկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, առաջանում է լրտեսության հանցագործության քրեական պատասխանատվությունը (302 հոդված):

Դիտարկվող հանցագործությունների կազմը բարդ կառուցվածք ունի, ուստի հանցանքը ճիշտ որակելու համար պահանջվում է բազմակողմանի պարզաբանել հանցակազմի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերի հատկանիշները ու տարրերը: Լրտեսության պարագայում առանցքային է հատկապես հանցագործության առարկայի ճշտումը, քանզի լրտեսության ձեւի որակումը կապված է առարկայի բնույթից:

Այսպես. ա) երբ առարկան պետական գաղտնիքն է, նշանակում է՝ դրանք պետության կողմից պահպանվող, նրա ռազմական, արտաքին հարաբերություններին, տնտեսական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող, պետության համար կենսական նշանակություն ունեցող տեղեկություններ են, ինչը ենթակա է գաղտնագրման եւ ունեն գաղտնիության գրաֆա («Հատուկ նշանակության», «Հույժ գաղտնի», «Գաղտնի»): Իմիջիայլոց, դավաճանության այս ձեւի դեպքում սուբյեկտը այն անձն է, ում աշխատանքի կամ ծառայության բերումով վստահված է եղել պետական գաղտնիքը:

բ) Երբ օտարերկրյա հետախուզությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին ՀՀ քաղաքացին ցույց է տվել օգնություն, ապա հանցագործության առարկան համարվում են ծառայությունները, այսինքն՝ պետական գաղտնիք հանձնելը եւ լրտեսությունից բացի, օտարերկրյա հետախուզությանը, կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին թշնամական գործունեություն ծավալելու ամեն տեսակի աջակցություններն են, օրինակ, օտարերկրյա հետախուզության համար գործակալ հավաքագրելը, նրանց հետախույզներին բնակարանով, փաստաթղթերով, դրամով մատակարարելը եւ այլն:

գ) Երբ սուբյեկտը այլ տեղեկություններ է հանձնում, հանցագործության առարկան վերաբերում է տնտեսական, գիտական, տեխնիկական, քաղաքական բնագավառների տեղեկություններին, բաց գյուտերին եւ այլն, որոնք պետական գաղտնիք չեն համարվում, մինչդեռ հետաքրքրում են օտարերկրյա պետությանը կամ կազմակերպությանը:

Տարբերվում է լրտեսության երկու ձեւ՝

1. լրտեսություն, որի առարկան պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն են,

2. լրտեսություն, որի առարկան այլ տեղեկություններն են:

Իր հերթին, պետական գաղտնիք չպարունակող տեղեկություններ հավաքելը եւ հանձնելը պարագայում լրտեսության օբյեկտիվ կողմը առաջանում է միայն երկու դեպքում.

ա) երբ այդ գործողությունները կատարել են օտարերկրյա հետախուզության առաջադրանքով,

բ) դրանք նախատեսված են ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության դեմ օգտագործվելու համար:

Հետեւաբար, եթե այս պայմաններից թեկուզ մեկը բացակայում է, արարքը լրտեսության հանցակազմ չի առաջացնում՝ լրտեսությունը բացառվում է: Բացի այդ, լրտեսության պարագայում պարտադիր է նաեւ լրտեսության համար ընդհանուր բաղկացուցիչների առկայությունը: Դրանք են՝ հասցեատերը, որը իրականացնում է թշնամական գործողություններ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ներկայությունը, ով, ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության, աջակցում է թշնամական գործողությունների իրականացմանը:

Հատկանշական է նաեւ սուբյեկտիվ կողմի տարրերի առկայության պարզաբանումը, որովհետեւ դիտարկվող հանցագործությունները միայն կատարվում են մեղքի ուղղակի դիտավորությամբ, ըստ որում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հավաքելը պետք է հետապնդի այդ տեղեկությունները լրտեսության հասցեատիրոջը հանձնելու նպատակ, եւ հանցավորը պետք է գիտակցի ինչպես հավաքած տեղեկությունների բնույթը, այնպես էլ հասցեատիրոջ բնույթը, որին ենթակա է տեղեկությունը, իսկ լրտեսության երկրորդ ձեւի դեպքում՝ այլ տեղեկություններ հավաքելը եւ հանձնելը, սուբյեկտը պետք է գիտակցի, ըմբռնի, որ տեղեկությունները հավաքում, պահում եւ հանձնում է օտարերկրյա հետախուզության առաջադրանքով:

Քանի որ քրեական գործով դատաքննությունը դռնփակ է, հայտնի չէ՝ հիշյալ առանցքային հանգամանքները պատկան մարմինները պատշաճ ստուգե՞լ են, թե՞ ոչ: Օրինակ, դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում շեշտադրված է «Հայաստանի զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանվածության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցել է» ապացույցը:

Իմ պատկերացմամբ, հիշյալ ապացույցը, որի հենքով դատարանը հանգել է հետեւությունների, լայն հասկացություն է, ըստ որում՝ անորոշ է հանցավոր գործողության օբյեկտը, իսկ հանցագործության առարկան հստակ անվանված չէ, ինչը քրեական վարույթ իրականացնողը պարտավոր է ճանաչել իրեղեն ապացույց եւ մանրամասն նկարագրել (Քրեական դատավարության օրենսգրքի 115 հոդված): Անորոշ է նաեւ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձեռքբերման եղանակը, այսինքն՝ դրանք աշխատանքի կամ ծառայության բերումով վստահված են եղել Գեւորգի՞ն, ստացել է մեկ ուրիշի՞ց, թե՞ հափշտակել է (պետական գաղտնիքները հենց այնպես թափված չեն):

Անորոշ են նաեւ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները եւ այդ տեղեկությունները հավաքելու եւ պահելու ստույգ ժամանակը: Հանցագործության կատարման եղանակը եւ ժամանակը մտնում են հանցակազմի օբյեկտիվ կողմի կազմի մեջ եւ ազդում են հանցագործության որակմանը:

Օրինակ, եթե դատախազության հաղորդագրությունում թվարկված եւ քրեական գործով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները եւ պետական գաղտնիք չպարունակող այլ տեղեկությունները՝ ճանաչված մատյանները, քարտեզը, լուսանկարները, տեսագրությունները հրամանատարը հավաքել է նախկինում, մինչ օտարերկրյա հետախուզության «գործակալ» հավաքագրվելը (2009թ. ապրիլ), ապա այս պարագայում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելը, պահելը եւ դրանք լրտեսության հասցեատիրոջը հանձնելու ներքին հոգեբանական թելադրանքը՝ շարժառիթը, ինչպես նաեւ հանցավոր հետեւանքներին հասնելու ձգտումը՝ նպատակը, բացակայում են: Ընդսմին, բացակայում է նաեւ պետական գաղտնիք չպարունակող այլ տեղեկությունները օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքելու, պահելու, հանձնելու դիտավորությունը՝ մեղքը:

Խնդիրն այն է, որ, որպես կանոն, պետական դավաճանության հանցագործությունը համարվում է ավարտված՝ գործողությունը կատարելու պահից, անկախ հետեւանքների առաջանալը: Այսպես, պետական գաղտնիք հանձնելը ավարտվում է՝ տեղեկությունը հասցեատիրոջը հանձնելու պահից, լրտեսությունը ավարտվում է՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հավաքելու կամ հափշտակելու պահից, այլ օգնություն ցույց տալը՝ այդպիսիք փաստացի ցույց տալու պահից: Հետեւաբար, այս պարագայում էլ հայտնի չէ՝ Գեւորգին վերագրված արարքները ստույգ ե՞րբ են ավարտվել (շարժառիթը եւ նպատակը առաջանում են հանցագործության նախապատրաստության փուլում եւ մեղքի հետ կազմում են հանցակազմի սուբյեկտիվ կողմ):

Իմ կարծիքով, քրեական գործով հանցագործության կազմի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերին ներհատուկ հատկանիշներ՝ ժամանակը, եղանակը, շարժառիթը, նպատակը, դիտավորությունը լիարժեք չեն պարզաբանվել:

Բացառված չէ, որ մեղադրանքի հիմքում թվարկված տեղեկությունները ազատամարտիկը հավաքել եւ պահել է որպես մարտական ուղին բնութագրող հավաքածու եւ սոցիալական ծանր պայմաններից դրդված, դրանք վաճառել է օտարերկրացուն, չգիտակցելով տեղեկությունների բնույթը:

Այս պարագայում շարժառիթը (մոտիվ) նույնպես նյութական շահն է, մինչդեռ ներքին հոգեբանական մղումը եւ հանցագործության մոդելը, ինչի հետեւանքներին ձգտել է հասնել սուբյեկտը, պետական դավաճանության լրտեսության ձեւը չէ:

Հիշեցնենք, սույն քրեական գործով դատարանում մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել