Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԵՆ, ԱՆՑԵՔ ԱԱԾ-ԻՆ

Ապրիլ 06,2011 00:00

Մեղադրում են առանց ցուցմունքների

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով դատական նիստը:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանը մեղադրական ճառով հանդես էր եկել եւ միջնորդել էր 15 տարվա ազատազրկման դատապարտել «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի պատասխանատու Արա Կարապետյանին:

Երեկ Արա Կարապետյանը հանդես եկավ իր պաշտպանական ճառով, որը, ինչպես պարզվեց, 400 էջից էր բաղկացած: Երեկ, ժ.15.30-ի դրությամբ, նա ներկայացրել էր իր ճառից 40 էջը: Նրա համար ցուցատախտակ էր բերվել, որի վրա պետք է ցուցադրվեին իր գործով բոլոր հակասությունները:

Արա Կարապետյանն ասաց, որ «որպես քրիստոնյա տղա» գիտակցում է իր ճառի ողջ պատասխանատվությունը եւ բաց ճակատով կարող է ասել, որ հանցագործություն չի կատարել: Նա իր ճառը կառուցել էր մեղադրական եզրակացությունում առկա հակասությունների վրա: Նա ասաց, որ ուսումնասիրել է գործի 13 հատորները: Այս գործում ներգրավված են 10 մեղադրյալ, 19 վկա, սակայն Արա Կարապետյանի համար անհասկանալի է, որ որեւէ մեկի հետ առերեսում չի եղել: Նա դատարանին ներկայացրեց իր նկատմամբ կալանք ընտրելու մասին 5 որոշումները, ըստ որոնց. «Արա Կարապետյանը Արմեն Նիկողոսյանի (Նոր Նորքի նախկին ոստիկանապետը) հետ պլանավորել են Արմեն Ավետիսյանի տան հարձակումը, առանց Արա Կարապետյանի մասնակցության»: Մեղադրյալը հարցնում էր, եթե «առանց իր մասնակցության» է, ապա ինչպես կարող էին պլանավորել…

Ըստ նրա՝ այս քրեական գործի «դերձակները» ԱԱԾ աշխատակիցներն են՝ Պապոյանը, Եպիսկոպոսյանը, Մարուքյանը: Նրա կարծիքով, ոստիկանները հրեշտակներ են, եւ ՀՀ նախագահը պետք է ուշադրություն դարձնի ԱԱԾ-ի վրա, քանի որ «դերձակներն» առանց որեւէ մեկի ցուցմունքի ազատազրկում են մարդկանց:

Արա Կարապետյանն անդրադարձավ գլխավոր վկաներից մեկի՝ Հարություն Ալեքսանյանի ցուցմունքին, որը հայտնել էր, թե չի հիշում ում խնդրանքով է ցուցմունք տվել, թե մաքսայինի պետի տան գողոնը հանձնել է ոմն Սուրիկի…

Արա Կարապետյանը տեղեկացրեց, որ այս վկան, որին փախցրել են Թուրքիա, երկու անգամ ենթարկվել է գլխի վիրահատության, սակայն նրա նկատմամբ փորձաքննություն չի անցկացվել, որպեսզի ճշտվի՝ արժանահավա՞տ են արդյոք նրա ասածները: Չնայած Ալեքսանյանը Կարապետյանի փաստաբանին գրավոր հայտնել էր, թե Սուրենին չի ճանաչում, ընդհանրապես տեղյակ չէ կատարված հանցագործության մասին:

Պաշտպանական ճառի ժամանակ Ա. Կարապետյանը դատարանին հանձնեց եւ ներկայացրեց առանց ընթերակայի մասնակցության 2009թ. մարտի 12-ի իրավապահների կազմած արձանագրությունը. «Արձանագրություն են կազմել: Սա ինչ է նշանակում: Չեն գրել որեւէ մեկի տվյալները: Չկա ընթերակա: Մեծարգո նախագահը անբարոյականներ անվանեց ոստիկանության աշխատակիցներին: Բա որ իմանա, որ ԱԱԾ-ում վկաներ են փոխում, դրան ի՞նչ անուն կտա: Ոստիկանները հրեշտակներ են, անցեք ԱԱԾ-ին»: Շրջվելով դեպի դատարանում նստած փաստաբանները, Ա. Կարապետյանն ասաց. «Մեր երկրում չի գործում Փաստաբանների պալատը: Ցանկացած փաստաբան չի ուզում վատամարդ լինել: Դուք բիզնես կկորցնեք, փող: 10-ով հավաքվեիք, գնայիք ՀՀ նախագահի մոտ, ասեիք, թե ինչ է կատարվում»: Նա դիմեց նաեւ մեղադրողին, որ եթե մի ցուցմունք, մի տող կլինի իր դեմ, պատրաստ է տղամարդավարի ընդունել իրեն 15 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունը: Բերվեց հերթական դրվագներից մեկը: Ըստ մեղադրական ճառի, Կենդանաբանական այգու մոտ սպասել են ավազակային հարձակման ավարտին: Մեղադրյալներից մեկը գումարը տվել է Արմեն Նիկողոսյանին ու, ըստ գործի նյութերի, գնացել «օֆիս». «Ցույց տվեք այդ ցուցմունքը, եթե կա՝ ներողություն խնդրեմ: Իրավունք ունե՞մ ասելու, որ «մուտիլովկա» է սա կամ՝ շանտաժ»: Ինչ վերաբերում էր ոսկու շուկայից իրավապահների համազգեստով ոսկեղեն հափշտակելու դրվագին, Ա. Կարապետյանը հարցրեց. «Ումի՞ց եմ ստացել հափշտակության համար նախատեսված ապրանքները, ե՞րբ, որտե՞ղ: Ո՞ւմ եմ ուղղորդել, հանձնարարել: Հավատո՞ւմ եք, որ ԱԱԾ-ն չգտավ Վաղարշի մոտից տարած ոսկեղենը: Ցույց տվեք մեզնից որեւէ մեկին, որին 100 000 դոլար եմ խոստացել հանցագործությունից հետո տալու: Չկա, որտեղի՞ց»:

Նախաքննության ժամանակ պաշտոնապես տեղեկացվել էր, որ Արա Կարապետյանը հետախուզվել է «ինտերպոլի» կողմից՝ ԱՄՆ-ում կատարված հանցագործությունների համար: Այս խնդրի հետ կապված՝ նա մի ցնցող բացահայտում արեց: Ա. Կարապետյանն ասաց, որ 2008թ. ամռանը՝ երեկոյան, երբ խանութը փակել էր, իր պահակն է զանգում, ասելով, որ սեւ «ջիպով» մի ընկեր է հարցնում իրեն: Ջիպավորը ներկայացել է՝ դատախազության աշխատակից: Ա. Կարապետյանը կապվում է նրա հետ, պարզվում է՝ Կոտայքի մարզի դատախազի օգնական Խաչիկն է: Հանդիպում են, եւ Խաչիկն իրեն ասում է, որ ԱՄՆ-ից է վերադարձել եւ որ այնտեղ իմացել է, թե իր հետ կապված գործեր կան: Բայց քանի որ Արան Նորքի զանգվածի բնակիչ էր, Խաչիկն ասում է, որ ինքը չի կարող գործի նյութերը ուզել: Ա. Կարապետյանն ասում է, որ նա դուրս է եկել Նորքի գրանցումից, գրանցվել Կոտայքի մարզում, եւ որ գործի նյութերն էլ իր միջոցների ու իր շնորհիվ է բացվել, եւ իր նկատմամբ ոչինչ չի եղել: «Ո՞ւր են այդ ցուցմունքները, որտեղ գրած էր, որ Արան կապ չունի»՝ հարցրեց մեղադրյալը: Պաշտպանական ճառը չավարտվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել