Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ թացը չորից ջոկի

Ապրիլ 06,2011 00:00

Նաջարյանը չփոշմանի՞

Երեկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 28 ա շենքի բնակիչները ահազանգել էին, որ իրենց շենքի դիմացի կանաչ տարածքը քանդում են: Մեր այցելության պահին տրակտորը իր գործն արել-վերջացրել էր, իսկ ինչ-որ անձինք եռակցման միջոցով խողովակներ էին զոդում: Մեր հարցին բանվորները պատասխանեցին, թե նոր խողովակներ են անցկացնում: Բնակիչները տարակուսում էին, որ խողովակների անցկացման անվան տակ ջրմուղի իրավաբան, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կապի բաժնի աշխատակից, մայոր Բագրատ Մարգարյանը փորձում է շենքի հարեւանությամբ գտնվող խաղահրապարակի ու այգու տարածքում խանութ կառուցել: «Բազմաթիվ անգամ ցանկացել են այս տարածքում օբյեկտներ կառուցել, ամեն անգամ աղմուկ ենք բարձրացրել, բողոքել: Մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետ Գագիկ Թամազյանին, իսկ նա պատասխանում է, թե որոշումը կայացվել է եւ պետք է կառուցվի: Այսինքն, մեր երեխաների խաղահրապարակի եւ կանաչ տարածքի հաշվին բետոնե շինություն պետք է խոյանա: Քաղաքապետի կողմից մեր հորդորները չլսելու համար դիմել ենք եւ նախկին, եւ ներկա մարզպետներին, սակայն նրանք պատասխանում են, որ քաղաքապետը հզոր մեջք ունի, իրենք անզոր են»,- ասացին բնակիչները: Իսկ քաղաքապետի «հզոր մեջք» ասելով՝ հավանաբար նկատի ունեն, որ նրա հորեղբոր տղան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն է: Մեզ հետ զրույցում Արամ Թամազյանը հաստատեց, որ քաղաքապետը իր հորեղբոր տղան է եւ նշեց. «Դա ոչ մի արտոնություն չի տալիս, որ նրա կողմից կատարվեն անօրինական գործողություններ: Եթե կան այդպիսի փաստեր, կարող եք հրապարակել եւ գործին կտրվի իրավական ընթացք»: Մարզպետ Սարգիս Սահակյանը նախ զարմացավ, թե ինչու են բնակիչները դիմել «Առավոտին», եթե կա մարզպետարան: Նա հանձնարարեց քաղաքաշինության բաժնի պետին, որպեսզի կասեցվեն նշված տարածքում շինաշխատանքները, մինչեւ ինքը կարողանա «թացը չորից ջոկել»: Մարզպետին ավելի շատ զարմացրեց այն հանգամանքը, որ նախագահի վերահսկողական ծառայության պաշտոնյաները երբ այցելել են Տիգրան Մեծի 28ա շենք, դադարեցնել են տվել աշխատանքները, սակայն որոշ ժամանակ անց նորից վերսկսվել է խաղահրապարակի եւ կանաչ տարածքի քանդումը: «Հանրապետության նախագահը խիստ հանձնարարական է տվել մարզպետներին, որ ամեն շենք ունենա իր խաղահրապարակն ու կանաչ տարածքը: Որպես պետական պաշտոնյա՝ խոստանում եմ, որ մի քանի օրից երբ այցելեք նշված հասցե, կտեսնեք, որ այնտեղ դադարեցվել են շինարարական աշխատանքներն ու տարածքը բերվել է նախկին տեսքին, իսկ մեր կողմից էլ կտեղադրենք կարուսելներ: Դրանից հետո բաց ճակատով կասենք, որ հանրապետության նախագահի խոսքը մեզ համար օրենք է»,- ասաց Ս. Սահակյանը: Իսկ բնակիչները կեսկատակ-կեսլուրջ նշում էին՝ «հանկարծ Նաջարյանը չփոշմանի՞»: Ի դեպ, շինաշխատանքները իրականացվում են ոստիկանության Աշտարակի վարչական շենքի անմիջապես հարեւանությամբ եւ բնակիչներին վրդովեցնում է այն, որ ապօրինի շինարարության հետ կապված բանավեճերին ոստիկանությունը քար անտարբերություն է ցուցաբերում: Չի բացառվում, որ ոստիկանները չեն ցանկանում իրենց նախկին կոլեգային նեղացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել