Ավանի բնակիչների սիրելի վայրը աճուրդով վաճառել են
Ավան վարչական շրջանի հենց կենտրոնական փողոցում, թաղապետարանի անմիջապես հարեւանությամբ, Խուդյակովի 161/1 հասցեում այս օրերին բուռն շինարարություն է ընթանում: Այս տարածքը ավանցիների սիրելի զբոսանքի վայրերից է, որը տարիների ընթացքում գազոնապատվել է եւ նստարաններ տեղադրվել: Օրերս այդ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել էին «Առավոտին»՝ վրդովված պատմելով, որ հասարակական նշանակության վայրում, առանց հասարակական լսումների եւ բնակիչների կարծիքները լսելու՝ քաղաքապետարանը հողն օտարել է՝ ինչ-որ օբյեկտ կառուցելու համար. «Գոյություն ունի քաղաքի եւ համայնքի զարգացման ծրագիր, որին քաղաքացիներն էլ պիտի մասնակցեն: Մինչ այս վայրում որեւէ շինարարություն սկսելը, պետք էր մի անգամ մեզնից էլ հարցնեին: Բայց այսօր իշխանությունները ժողովրդին բանի տեղ չեն դնում»: Բնակիչները մտավախություն ունեն, որ եթե այս հատվածում արդեն մեկ կառուցապատողին շինթույլտվություն են տվել, ապա այդ ամբողջ տարածքում մյուսներն էլ կսկսեն օբյեկտներ կառուցել եւ այլեւս կանաչ տարածք չի մնա, իրենք էլ զբոսանքի վայր չեն ունենա:
Գագիկ Տոնոյանի խոսքերով էլ՝ «Վերջին 20 տարում այս ձեւի «նագլի» կեցվածքով շինարարություն Ավանում չի կատարվել: Սա նույնն է, եթե, օրինակ՝ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց մի օբյեկտ կառուցեն, հենց մայթի վրա: Նախկինում ոչ մի թաղապետ իրեն թույլ չի տվել, որ այս կանաչ տարածքի վրա մի բան անեն»:
Թե այդպիսի արագությամբ եւ էնտուզիազմով ի՞նչ է կառուցվում մեր հարցմանը բանվորները չկարողացան պատասխանել. ընդամենն ասացին՝ «Մենք ինչ իմանանք՝ ո՞վ է, ի՞նչ է կառուցում: Մեզնից հասնում է պատ շարել՝ մենք էլ շարում ենք»: Ուշագրավն այն է, որ օբյեկտը կառուցվում է «Հայփոստի» բաժանմունքի եւ ԹՁը բանկի մասնաճյուղի հենց դիմաց եւ կառույցի պատրաստ լինելուն պես այն ամբողջությամբ ծածկելու բանկի եւ «Հայփոստի» լուսավորությունն ու շենքն առհասարակ:
Ավան թաղամասի մեկ այլ բնակչի՝ Ջոն Մանուկյանի խոսքերով էլ՝ «Այս կառույցը բոլորիս ապշեցրել է: Սա լպիրշ վերաբերմունք է դեպի քաղաքն ու ժողովուրդը, ընդամենը մի քանի օրում օր ու գիշեր աշխատեցնելով՝ արագ տեմպերով շինարարություն են անում: Հույս ունեմ, որ քաղաքապետն անգամ չգիտի էլ, որ կանաչի հաշվին են սա անում: Ամբողջ հարցն այն է, թե՝ ի վերջո ժողովո՞ւրդը կհաղթի, թե՞ ինչ-որ թափթփուկներ, որ ուզում են մեր հաշվին հարստանալ: Եթե այսպիսի բաներ պիտի անեն քաղաքի գլխին, ուրեմն այս երկիրը հաստատ երկիր չի դառնա: Ոչ պետություն կա, ոչ ժողովուրդ ու ոչ մի լավ բանի չենք սպասում»:
Բնակիչների պնդմամբ՝ այդ հատվածի վրա աչք է դրել եւ օբյեկտ է կառուցում քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանի մտերիմներից մեկը: Մշտապես այդ հատվածում զբոսնող ավանցիները ականատես են եղել, որ այդ մարդը այցելել է շինհրապարակ եւ հետեւել աշխատանքներին:
«Առավոտին» դիմած Ջ. Մանուկյանը խնդրի առնչությամբ դիմել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Վերջինս էլ հեռախոսով կապվել է քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ եւ հարցրել՝ թե ինչո՞ւ են շինթույլտվություն տվել կանաչ գոտում: Քաղաքապետն էլ Վ. Մանուկյանին բանավոր պատասխանել է, որ տեղյակ չէ, թե այդ ինչ շինարարություն է ընթանում: Սակայն ուշագրավն այն է, որ շինհրապարակում փակցված էր շինթույլտվության մասին հաստատող փաստաթուղթը, որի տակ առկա էր քաղաքապետ Կ. Կարապետյանի ստորագրությունը:
Բնակիչների խոսքերով՝ «Մեր հավատը չի գալիս, որ քաղաքապետը նման կառույցի թույլտվություն է տվել: Թող նա գա եւ անձամբ տեսնի, թե ինչ տարածք է տվել կառուցապատման: Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս շինարարությունը, պատժել շինթույլտվություն տվողներին: Շինությունը նախաձեռնողներին պարտադրել տարածքը մաքրել եւ նախկին տեսքին բերել: Ժողովրդին էլ վերադարձնել իր հանգստյան գոտին: Եվ միայն այդ դեպքում մենք հույս կունենանք, որ ունենք նորմալ ղեկավարություն, որ ժողովրդին անասունի տեղ չեն դնում, որ մեր շահերի եւ կարծիքի հետ հաշվի են նստում»:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցրին, որ Խուդյակովի փողոցի 161/2 հասցեում գտնվող տարածքը, որը տրամադրել են կառուցապատման՝ կանաչ տարածք չի համարվում: Երեւանի քաղաքապետի N5927-Ա որոշմամբ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վաճառվել է աճուրդով. «Աճուրդի ներկայացված փաստաթղթերի փաթեթում նախատեսված է կառուցել մեկհարկանի հասարակական նշանակության շինություն: Արձանագրված հողամասի աճուրդային վաճառքի գնորդի կողմից իրականացվող շինարարությունը կատարվում է համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջների: Նախագծային փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով համաձայնեցված են շահագրգիռ կազմակերպությունների հետ, եւ կառուցապատողին տրվել է շինարարության թույլտվություն»: