Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ 215 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

Ապրիլ 06,2011 00:00

2010-ին պետբյուջեից Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ճիշտ այդքան գումար է հատկացվել:

\"\"Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն արդեն մեկ տարի է, ինչ նշանակվել է այդ պաշտոնում: 2010-ի փետրվարի 25-ին հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը դեղ ներկրողներին տուգանելու հայտնի դեպքը չմարսելուց հետո, ինչպես գիտենք, դիմում գրեց ու ազատվեց աշխատանքից, եւ մարտի 1-ին արդեն նրա փոխարեն եկավ Ա. Շաբոյանը: Այս մեկ տարվա ընթացքում պարոն Շաբոյանը կարծես թե չի ընդունել կտրուկ որոշումներ, իշխանության թիմակիցների, նրանց բարեկամ-հարեւանների բիզնեսին «վայիս» չի եղել, ոչ մեկի «հավին», այսպես ասած, «քշա» չի ասել, ուստի 5 տարի ժամկետով նշանակված հանձնաժողովի նախագահը, եթե այս տեմպերով աշխատի, բոլոր հիմքերն ունի առաջիկա 4 տարիների ընթացքում զբաղվելու մեր տնտեսության համար ամենացավոտ խնդրով:

Պարզելու համար, թե այս 1 տարվա ընթացքում ինչ է արել պարոն Շաբոյանը հանձնաժողովում, նախկին ղեկավարներից հետո ինչ է փոխել այնտեղ՝ մենք մի քանի հարց ուղղեցինք նրան: Պատասխանն անսպասելի էր: Ա. Շաբոյանը նշել է, որ «եթե 2009 -ին հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցվել է թվով 9 վարչական վարույթ, ապա նախորդ տարի դրանց թիվը հասնում է 124-ի: Կամ, օրինակ. 2009-ին հանձնաժողովի նախաձեռնությամբ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար նշանակվել է թվով 3 պատասխանատվության միջոց, իսկ 2010-ին այդ ցուցանիշը հասել է 54-ի»: Այսինքն՝ հանձնաժողովի ներկայիս նախագահը, ի տարբերություն նախկինների, լավ «քանակ» է տվել, իսկ թե իրականում ինչ որակ ու կշիռ ունեն այդ թվերը, դաշտում ինչ են փոխել՝ տեսնում է մեզանից յուրաքանչյուրը. ունենք մենաշնորհացված, բարձր կենտրոնացվածությամբ ավելի շատ շուկաներ, ավելի վատ բիզնես միջավայր, ավելի բարձր ու չհիմնավորված գներ: Ըստ պարոն Շաբոյանի՝ «Իմ պաշտոնավարման 1 տարվա ընթացքում հանձնաժողովը մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել: Ակնհայտորեն ավելացել են տնտեսական մրցակցության ոլորտում կատարված չարաշահումների եւ օրենսդրական խախտումների հետ կապված բացահայտումներն ու հանձնաժողովի որոշումների քանակը»: Պարոն Շաբոյանը նաեւ մի հսկայական տեքստ է ներկայացրել, թե ինչ ծրագրերի է մասնակցել ինքը, որոնց Դավիթ Հարությունյանն ու Աշոտ Շահնազարյանը չէին մասնակցել, ում հետ է հանդիպել, քանի թղթի տակ է ստորագրել, ով է գովել հանձնաժողովին եւ այլն:

Ներկայումս մեր տնտեսության համար գերխնդիր է մի շարք կարեւորագույն ոլորտներում մենաշնորհների առկայությունը, որը բերում է բարձր գների աճի: Մեր հարցին՝ բացի օրենսդրական բարեփոխումներից, կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, Ա. Շաբոյանը, ըստ էության, չի պատասխանել. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը հակամենաշնորհային չէ, այն միտված է պայքարելու ոչ թե մենաշնորհների, այլ դրանց չարաշահումների դեմ, որպեսզի շուկայում գործող տնտեսվարողների համար գործեն շուկայի մուտքի եւ աշխատելու հավասար հնարավորություններ: Նշենք նաեւ, որ ներկայումս ԱԺ-ում քննարկվող նոր օրինագծով նախատեսվում են ավելի խիստ միջոցներ եւ մեխանիզմներ՝ մենաշնորհների չարաշահման դեմ պայքարում: Քննարկվող օրինագծի ընդունման դեպքում ակնհայտորեն կավելանան հանձնաժողովի լիազորությունները եւ կգործեն շատ ավելի արդյունավետ մեխանիզմներ՝ նաեւ մենաշնորհների ապախոշորացման ուղղությամբ»:

Մենք պարոն Շաբոյանից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչո՞ւ չի շահագրգռվում, որ մենաշնորհային շուկաներ այլ ընկերություններ էլ մտնեն, թեկուզ՝ արտասահմանյան: Ո՞վ է խանգարում դրան: Ա. Շաբոյանի դիտարկմամբ՝ «Հանձնաժողովը չի կարող այս դաշտում միայնակ գործել: Մուտքի խոչընդոտների վերացման արդյունավետության բարձրացման համար միայն հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը բավարար չէ: Անհրաժեշտ է այլ իրավասու պետական մարմինների ակտիվ համագործակցությունը եւ աջակցությունը՝ խնդրի լուծման համար: Նշենք նաեւ, որ օրենքի փոփոխություններով ընդլայնվել են հանձնաժողովի լիազորությունները ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների դեմ պայքարելու տեսանկյունից, ինչը միանշանակ կբարձրացնի ձեր կողմից նշված խնդրի լուծման արդյունավետությունը»: Պարոն Շաբոյանը գտնում է, որ հանձնաժողովը չունի բավարար լիազորություններ՝ մենաշնորհների չարաշահումների դեմ պայքարի ուղղությամբ: Ըստ նրա, գործող օրենքում առկա են մի շարք թերություններ եւ բացեր, որոնք բացասաբար են անդրադառնում հանձնաժողովի գործունեության արդյունավետության վրա. «Մասնավորապես, օրենքի փոփոխություններով հստակեցվել են գների չհիմնավորված բարձրացման, իջեցման եւ պահպանման հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա ապացուցել տնտեսվարող սուբյեկտների գնային չարաշահումները, քանի որ այս հարցի հետ կապված նախկինում հանձնաժողովի ներկայացրած ապացույցները դատարաններում չեն ընդունվել»: Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ եթե նոր օրենքն ընդունվի, իրենք ավելի օպերատիվ կաշխատեն եւ մրցակցության օրենսդրության խախտումներին ավելի արագ կարձագանքեն. «Օրինակ, եթե գործող օրենքի պայմաններում մրցակցության օրենքի խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները լուծարվում են եւ այդ միջոցով խուսափում տուգանքից, ապա օրենքի փոփոխությունների ընդունումից հետո գերիշխող դիրք ունեցող եւ մրցակցության օրենսդրության խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտը կարող է լուծարվել միայն հանձնաժողովի որոշմամբ»: Այս որոշումն ակնհայտորեն կհարվածի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործին, որի «Ալեքս գրիգը» վերջին տարիներին նման մեծ ճանապարհ է անցել՝ «Ոսկե սաղարթից» դառնալով «Աստղացոլք», հետո «Ֆլիտֆուդ», հետո «Սալեքս գրուպ» ու «Ալեքս գրիգ»՝ խուսափելով մի շարք պատասխանատվություններից:

Ըստ պարոն Շաբոյանի, օրենքի փոփոխություններից հետո արդեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին ուրիշ կերպ են որոշելու. արդեն հաշվի են առնելու ոչ միայն ապրանքային շուկայում նրա ունեցած բաժինը, այլեւ նրա շուկայական իշխանությունը: Այսինքն՝ եթե տնտեսվարող սուբյեկտն իրացման ծավալներով առաջատար դիրքերում չէ, սակայն ունի շուկայում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ այլ տնտեսվարող սուբյեկտների վրա ազդելու հնարավորություններ, ապա օրենքի փոփոխությունների համաձայն՝ պետք է համարվի գերիշխող դիրք ունեցող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել