ՀԱԿ-ին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի՝ Facebook-ում տարածած այն հայտարարությանը, թե 2008թ. մարտի 1-ին ինքը եւ մի շարք այլ պատգամավորներ գնացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն եւ խնդրել են նրան գնալ Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ վերջինս էլ պատասխանել է, թե այնտեղ իր ժողովուրդը չի հավաքվել, ամբողջությամբ սուտ է որակել։ «Նախ, եթե Սաֆարյանն այս մասին սկսել է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմից հետո, արդեն պարզ է, թե նա քաղաքական ինչ պատվեր է կատարում։ Իհարկե, նա սուտ է ասում։ Ես տեղեկացված եմ, որ Տեր-Պետրոսյանին սկզբում թույլ են տվել իր տանից դուրս գալ, իսկ հետո արգելել են, բայց նա պատրաստակամություն է հայտնել առանց թիկնազորի դուրս գալու, սակայն վարչախումբը նրան կրկին նման բան թույլ չի տվել»,- նշել է Մակեյանը՝ կարծիք հայտնելով, թե «Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է այդ կուսակցության մեջ»։