«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ իր ասուլիսում ասել է՝ եթե անգամ կարելի է ընդունել, որ իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկում են ՀԱԿ-ի պահանջների կատարման ուղղությամբ, ապա այս պահի դրությամբ դրանք բավարար չեն: Այնուհետեւ հավելել է, որ ապրիլի 8-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը կհայտարարի, թե երբ ՀԱԿ-ը վերջնագիր կներկայացնի իշխանություններին, եթե վերջիններս շարունակեն չկատարել իրենց պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքների թույլատրում եւ Մարտի 1-ի սպանությունների մեղավորներին բացահայտելու հրահանգ:
Զուրաբյանը նշել է, թե, նկատի ունենալով, որ ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3 տարին, ապրիլի 8-ի հանրահավաքը կարելի է համարել այդ 3 տարիների ամփոփման յուրահատուկ հնարավորություն:
Ընդդիմադիր գործիչը, այդուհանդերձ, «ուղղակի աղետալի» է որակել այդ տարիները ժողովրդի համար՝ երեք առանցքային բնագավառներում. սոցիալ-տնտեսական զարգացման, արտաքին քաղաքականության եւ երկրում ժողովրդավարական ազատությունների առումով:
News.am-ի մատուցմամբ էլ, Զուրաբյանը ռեժիմին առաջարկել է նշել՝ որքա՞ն մարդ են ուզում ՀԱԿ-ը փողոց դուրս հանի, որ իշխանությունները թողնեն ու հեռանան: Պատասխանելով ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարություններին, թե՝ չեն հեռանա իշխանությունից, քանի որ հեռացողը մինչեւ այժմ եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը հակադարձել է. «Գիտեք, Հիտլերն էլ չէր ցանկանում հեռանալ, Քադաֆին էլ չի ուզում: Կա համառության աստիճան, որից հետո այդ համառությունը դառնում է ոչ միայն հիմարություն, այլ նաեւ հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ»: