Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՀԱԷԿ-Ի ՄԱՍԻՆ

Ապրիլ 06,2011 00:00

Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք այսքան համադրված չեն աշխատել, նրանց պատվիրակներն իրարից «չէին պոկվում» անգամ հանգստի պահերին եւ սնվելիս. ըստ «ՆՏ»-ի՝ ապրիլի 5-ի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մարտի 31-ից ապրիլի 1-ը Ժնեւում անցկացված «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման գործում» խորագրով խորհրդաժողովին մասնակցած Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Ըստ նրա, խորհրդաժողովի առաջին իսկ օրը Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, շեղվելով քննարկման թեմայից, կոչ են արել միջազգային հանրությանը հրատապ քննարկել Հայկական ԱԷԿ-ի փակման հարցը՝ պատճառաբանելով, որ սեյսմիկ գոտում գործող ատոմակայանը մեծ վտանգ է ողջ տարածաշրջանի համար: Նաեւ կոչ է արվել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը՝ չաջակցել ու չֆինանսավորել նոր ԱԷԿ-ի շինարարությունը: Բնականաբար, չի անտեսվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ադրբեջանի պատվիրակը խոսել է Հայաստանի կողմից իր երկրի «20 տոկոսն օկուպացնելու մասին»:

Հրայր Կարապետյանը հայտնել է. «Նախ՝ իմ պարտքը համարեցի փարատել մեր թուրք եւ ադրբեջանցի գործընկերների մտահոգությունը՝ կապված ՀԱԷԿ-ի գործունեության հետ, եւ հանգստացնել նրանց այն իմաստով, որ ատոմակայանը գործում է անվտանգ եւ անխափան, եւ այդ մասին կան ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ ստուգումների եւ մոնիթորինգի եզրակացությունները»: Ընդգծել է նաեւ, որ մինչ նոր ատոմակայանի կառուցումը հինը գործելու է, «մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այլընտրանք չունի, որովհետեւ 17 տարուց ի վեր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ»: Նշվել է, որ Թուրքիան մարտին պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ նույն սեյսմիկ գոտում ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Հայ պատվիրակը նաեւ կոչ է արել հաշվի առնել, որ խորհրդաժողովը «բացարձակապես այլ օրակարգով էր, եւ ոչ տեղն էր, ոչ էլ ժամանակը ղարաբաղյան խնդրի արծարծման առումով»: Նա խոսել է նաեւ Ադրբեջանի ռազմական բյուջեն մեծացնելու մասին, ինչի արդյունքում այդ երկրի ռազմական բյուջեն գրեթե 10 անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեին: Նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետություններ սպառազինում են Ադրբեջանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել