Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ ժողովուրդը չի վստահում նախարարությանը
Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ գյուղատնտեսության հարցերին նվիրված: Ըստ ամենայնի, Ազգային ժողովը եւս անսալով հանրապետության նախագահի կոչին՝ որոշել է զբաղվել գյուղական թեմաներով: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ նախորդ ամսի կեսերին Ծաղկաձորում հրավիրած խորհրդակցության ժամանակ էր շեշտել, որ մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն, ովքեր ի վիճակի չեն ծրագրեր իրականացնել, պետք է զբաղվեն այլ խնդիրներով: Նախագահի համոզմամբ, դրանից կշահի միայն գյուղատնտեսությունը, դրանից կշահի միայն գյուղացին. «Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր աշխատանքի արդյունքներով է ձեւավորվում մեր հասարակության բարեկեցությունը»:
Երեկ Ազգային ժողովում գյուղատնտեսության խնդիրների շուրջ լսումների ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձեց գյուղատնտեսության նախարարից պարզել՝ ճի՞շտ է համարում, որ նախարարությունն անմիջական մասնակցություն ունենա պարարտանյութի, դիզվառելիքի, գյուղտեխնիկայի եւ որակով թունաքիմիկատների ու սերմերի ներկրմանը՝ գոնե առաջիկա 5 տարիներին, որպեսզի նպաստի գյուղատնտեսության զարգացմանը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքն, իհարկե, շատ լավ գիտակցում է, որ դա մասնավորի գործն է, բայց «կառավարությունը մի քանի տարի պետք է կենտրոնացված գնումներ կատարի ու այդպիսով օգնի գյուղացուն»: Գյուղատնտեսության նախարարն, իհարկե, համաձայնեց. «Ոչ թե ճիշտ է, այլ անհրաժեշտ»: Նախարարն անգամ մի տեսակ նեղսրտեց այն բանի համար, որ երբ մի քանի հարցերի շուրջ հարց է բարձրացվում, իրեն հասկացնել են տալիս, թե շուկայական խնդիրներին նախարարությունը չպետք է միջամտի: Եվ, որպես բիզնեսի նախկին ներկայացուցիչ, իր ասելով՝ դա հասկանում է, բայց կա մի կարեւոր «բայց». «Քանի որ շուկան կարգավորված չէ՝ մեզ մոտ ոչ թե շուկա է, այլ բազառ, եւ ով ինչ ուզում՝ անում է, ցանկացած գին է թելադրում եւ այլն, ապա այո, մինչեւ տնտեսության զարգացումը դա, այնուամենայնիվ, պետք է վերցնենք մեր հսկողության տակ»: Հիշեցնելով, որ երկրի նախագահի կողմից գյուղատնտեսությունը հռչակվել է իբրեւ գերակա ոլորտ, նախարար Սերգո Կարապետյանը իր խոսքում քննադատեց վերջին երկու տարիներին ոլորտի բարձիթողի վիճակը, ինչը նշանակում է, որ Սերգո Կարապետյանը բացահայտ մատնանշեց հիմնական պատասխանատուին՝ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանին. «Համոզվել եմ, որ վերջին երկու տարիներին բազմաթիվ բացթողումներ ու թերություններ կան: Բացակայում են թիմային աշխատանքն ու գործառույթների հստակ տարանջատումը, իսկ որ ամենակարեւորն է՝ անձնական պատասխանատվությունը, իրականացրած ծրագրերի մոնիթորինգի եւ ընթացիկ վերլուծության պայմաններում վերջնական արդյունքն էլ ուղղակի անհամատեղելի է ներդրված միջոցներին: Օրինակ, նախարարության միջոցով իրականացվող 2009-2010թթ. միջին տարեկան բյուջետային ծախսերի շուրջ 2.4 տոկոսը հատկացվել է տեղեկատվական եւ խորհրդատվական համակարգի գործունեությանը: Սակայն ըստ Համաշխարհային բանկի մոնիթորինգի տվյալների, 340 հազար գյուղացիական տնտեսություններից ընդամենը 45 հազարն է ուղղակիորեն օգտվել խորհրդատվական ծառայություններից»:
Խորհրդարանում կրծողների թեման եւս չշրջանցվեց, քանի որ հատկապես վերջին օրերին գյուղատնտեսական հողերը մեծ վնասը հենց կրծողներից են կրում: Ըստ նախարարի, «հիմա բազմաթիվ առաջարկներ են հնչում, թե ինչպես եւ ինչ միջոցներով կարելի է պայքարել կրծողների դեմ, սակայն առաջնային է պարզել հետեւյալ հարցը՝ ինչո՞ւ ժամանակին չեն իրականացվել համապատասխան գործողությունները: Ոչ մի արդարացում ընդունելի չէ»: