Ասում է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանը
2008-ին Համազգային շարժմանն ակտիվ մասնակցություն ունեցած, 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը երկու առանձին կուսակցությունների տրոհվելու արդյունքում այսօր Հայաստանում գործում է ՍԴՀԿ՝ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, եւ «Հնչակյան» կուսակցություն՝ Գեւորգ Պերկուպերկյանի ատենապետությամբ, որը, ի տարբերություն ՍԴՀԿ-ի, ՀԱԿ-ին մաս չի կազմում: «Հնչակյանը» նոր է Հայաստանում գրանցում ստացել, բայց ինչպես ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ («Հնչակյանների» ԿՎ-ն, որ գործում է արտերկրում՝ շարունակում է կրել ՍԴՀԿ անունը), լոսանջելեսաբնակ Համբիկ Սարաֆյանն ասաց «Առավոտի» հետ զրույցում՝ չի պատրաստվում քաղաքական դաշտի լուսանցքում մնալ: Մեր զրույցի ժամանակ Հ. Սարաֆյանն անդրադառնալով Հայաստանում առկա ներքաղաքական խնդիրներին, ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին՝ ասաց, թե իր դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ 2008-ից ի վեր չի փոխվել, բայց իրավիճակն է Հայաստանում փոխվել. «Միշտ էլ հասկանալի է եղել, որ իշխանությունների կողմից ներսում երկու ճակատով՝ ընդդիմության ու նաեւ ժողովրդի դեմ, պայքարելը դժվար է, ու ավելի հեշտ է միայն մեկ ճակատի դեմ հանդես գալը: Բայց եթե համաժողովրդական ալիք առաջանա, եւ սոցիալական խնդիրների պատճառով հուսահատված մարդիկ փողոց դուրս գան, դա մեծ դժվարություն կստեղծի իշխանությունների համար: Այդ պարագայում ամբոխին կառավարելը շատ դժվար է լինելու, ինչպես դա տեսնում ենք տարբեր արաբական երկրներում»: Հ. Սարաֆյանի դիտարկմամբ, արաբական երկրներում համատեղվեցին մարդկանց ե՛ւ երկիրը ժողովրդավարացնելու ձգտումը, ե՛ւ սոցիալական պահանջները, թեեւ ավելի ընդգծված էին սոցիալական պահանջները՝ հատկապես Թունիսում: Նա արձանագրեց, որ արաբական երկրներում մարդիկ դուրս եկան փողոց անելանելի դրությունից՝ օրվա հացն ապահովելու հնարավորություն չունենալով: «Հիմա բոլորն էլ հասկացան, որ կարելի է քաղաքական ընդդիմության դեմ պայքարել, բայց երբ քաղաքացիական դիմադրություն է ստեղծվում, երբ մարդկանց տարրական իրավունքներն ու պահանջներն են անտեսվում, երբ նրանք անվտանգության երաշխիքներ չունեն, ու մարդիկ իրենք են սկսում պահանջներ ներկայացնել, ապա այդ ճնշումը շատ ավելի ուժեղ է լինում, եւ ավելի անհարմար՝ իշխանության համար: Եթե այն ճգնաժամը, որ եղավ, լիներ 2008-ին, եւ քաղաքական պահանջներին էլ ավելանային նաեւ հասարակության սոցիալական խնդիրները, այդ երկուսի համադրությունն ավելի մեծ վտանգ կառաջացներ իշխանությունների համար, ինչը հիմա, փաստորեն, առաջացնում է: Հենց դրա համար էլ կարծում եմ, որ այն, ինչ հիմա անում է իշխանությունը՝ փորձելով ինչ-որ ձեւ գտնել, ինչ-որ փոխզիջումներ գտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ, երեւի դրան է միտված: Այսինքն՝ իշխանությունը նպատակ ունի ինչ-որ ձեւով օգտագործել Կոնգրեսի հեղինակությունը ժողովրդի մեջ եւ կառավարել կամ ինչ-որ ձեւով կանխել սոցիալական հնարավոր բունտը եւ զսպել ժողովրդի ցասումը»:
Այսուհանդերձ, Սարաֆյանը շեշտեց, թե չի կարծում, որ ՀԱԿ-ի ու իշխանությունների միջեւ որեւէ պայմանավորվածություն կա, «որովհետեւ եթե նման բան լիներ, այս ամենը շատ ավելի վաղուց եղած կլիներ»: «Ուղղակի իշխանությունն ինքը նաեւ ինչ-որ ձեւով հաշվարկում է իր քայլերը ու հասկացել է, որ կարող է չդիմանալ ե՛ւ Տեր-Պետրոսյանին, ե՛ւ հասարակական ճնշմանը»,- ասաց ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցիչը: Նրա ասելով, իշխանությունները միշտ էլ կարող են կեղծել ընտրությունները, ու այդ իմաստով իրենք իշխանությունը կորցնելու վտանգ չեն տեսնում, բայց եթե մարդկանց սոցիալական ու տնտեսական վիճակը շարունակի այս տեմպերով վատանալ, իրենք կարող են առաջիկա ընտրությունների ժամանակ լուրջ խնդիրներ ունենալ: «Հիմա իշխանություններին պարզ է, որ եթե այս իրավիճակը մինչեւ 2012-ը շարունակվի, իսկ իրավիճակը բարելավելու որեւէ միտում չի երեւում, ապա ժողովրդական ընդվզման ալիքը գնալով շատ ավելի հզոր է դառնալու, եւ դա կանխելն ավելի ճիշտ կլինի: Դրա համար էլ իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Եթե նկատեցիք, նրանց վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի այդ 15 կետ պահանջների նկատմամբ ընթացքում միանգամից փոխվեց: Մարդիկ, ովքեր ամիսներ առաջ հեգնում էին ՀԱԿ-ի գործողությունները, հանկարծ սկսեցին դրանցում դրական միտումներ տեսնել: Դա պատահական չէ եւ նշանակում է, որ մտահոգություններն իշխանության ներսում բավական լուրջ են: Նրանք հասկանում են, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ, դուրս գալ սահմաններից, եւ այդ ալիքը իսկապես կքշի, կտանի այս իշխանություններին»:
Պարոն Սարաֆյանի հետ խոսեցինք նաեւ ՀԱԿ-«Ժառանգություն» հակադրության, նաեւ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խմորումների մասին: Այն, ինչ կատարվում է այդ դաշտում հիմա, ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցչի դիտարկմամբ, ինչ-որ չափով օրինաչափ է. «Ամբողջ ընդդիմության պայքարի գաղափարը՝ Համաժողովրդական շարժման գաղափարը, հիմնված էր պայքարի վրա՝ ապօրինի իշխանությունների դեմ, սահմանադրական կարգի վերականգնման համար: Տեր-Պետրոսյանն այդ հենքի վրա էր առաջնորդում ընդդիմությանը: Այսօր փաստորեն ոչինչ չի փոխվել, բայց ահա հանկարծ արմատական ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, այսօր կոչ է անում կայունության, կոչ է անում պայքար չասել եւ շատ ավելի մեղմացնել ժողովրդի մոտ պայքարելու այդ բուռն մոտեցումներն ու ցանկությունները: Ընդհանրապես, կարծում եմ, դժվար է լինելու ընկալել դա այն մարդկանց համար, ում հետ տարիներ շարունակ դու մի ուղղությամբ ես գաղափարական աշխատանք տարել, եւ հանկարծ հիմա այդ մարդուն ասել, թե՝ ճիշտ է, այսքան ժամանակ դու ինձ հետ պայքարում էիր, բայց հիմա արի մի քիչ փոխենք մեր մարտավարությունը: Դա է պատճառը, որ ընդդիմադիր դաշտում ճեղքեր են առաջանում: Ընդդիմադիր դաշտում ոչ բոլորն են համոզված, որ փոխզիջումային տարբերակն ընդունելի է, որովհետեւ դա ժամանակին առաջին հերթին ընդունելի չէր հենց Կոնգրեսի համար: Եթե հիշում եք, երբ որեւէ կոնգրեսական իշխանության հետ փոխզիջումների նշաններ էր ցույց տալիս, անմիջապես պիտակավորվում էր եւ դառնում հալածանքի ենթակա: Պարզ է, որ հիմա ժողովուրդը հասկանում է՝ մարդիկ, ովքեր շատ արմատական էին դիրքավորված, հանկարծ սկսում են խոսել արժանապատիվ գործակցության, շախմատային քայլերի մասին: Պարզ է, որ շատերը պետք է հիասթափվեին, եւ շատերի համար էլ այդ մարտավարությունը պետք է անհասկանալի լիներ»: Մեր հարցին, թե արդյոք Հայաստանում բանը կհասնի՞ արտահերթ ընտրություններին, Սարաֆյանն այսպես արձագանքեց. «Թեեւ շատ է խոսվում դրա մասին, բայց ես այսօր չեմ տեսնում դրան հասնելուն նպաստող իրավիճակ: Արտահերթ ընտրություն պետք է լինի քաղաքական պահանջի արդյունքում, բայց եթե մինչ այդ սոցիալական տարերային ընդվզում լինի, ապա այդ ալիքը կխառնի բոլորի՝ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանությունների խաղաթղթերը: Կարծես թե եւ Կոնգրեսի, եւ իշխանությունների համար դեպքերի այդպիսի զարգացումը ցանկալի չէ, որովհետեւ որեւէ խմբավորման մեջ չմտնող մարդկանց ալիքը երկու կողմերի համար էլ անկառավարելի է, եւ երկու կողմերն էլ դրա մեջ վտանգ են տեսնում: Որեւէ մեկը չի կարող ասել, թե այդ ամենն ինչով կարող է ավարտվել»: Նա հավելեց նաեւ, որ վերջին հաշվով առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ ամենաարդիական հարցը լինելու է հասարակ ժողովրդի կողմից իշխանությունների դեմ ուղղված բողոքի ջերմաստիճանը. «Մնացած հարցերը՝ քաղաքական ակտիվությունը, աշխատանք տանելը, չեմ կարծում, որ ազդեցություն են ունենալու: Եթե իրավիճակը գնալով վատանա, ու ժողովրդի ցասումն էլ հզոր լինի, ուրեմն՝ իշխանություններին դժվար կլինի կասեցնել այդ ալիքը, իսկ եթե ոչ՝ նրանք այս անգամ էլ կհաղթահարեն այն»: