Հրանուշ Խառատյանը՝ հասարակական եւ քաղաքական իրադարձությունների մասին
«Այստեղ իրական բանավեճ՝ գաղափարների վեճ, քննարկում, ես չեմ տեսնում: Եթե ճիշտ եմ հասկացել պրոցեսը՝ վեճը գնում է այն մասին, թե ընդդիմադիր դաշտում ով ում հետ կարող է միանալ կամ պետք է միանա: Հետեւաբար, նման գործընթացում դարձյալ խնդիր կա. հանուն ինչի՞ միանալ: Հանուն միայն ընդդիմադիր լինելո՞ւ, թե՞ հանուն ինչ-որ գաղափար իրականացնելու, եւ ո՞րն է այդ գաղափարը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում խոսելով ՀԱԿ-«Ժառանգություն» վերջին շրջանում հրապարակային դարձած «փոխհրաձգության» մասին՝ ասաց ազգագրագետ, ակտիվ հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը: Մեր զրուցակցի համար, ով Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմի ավարտից հետո Ազատության հրապարակում անցկացվող «լուռ ակցիաների» ակտիվ մասնակիցներից է, վառ երեւակայության արդյունք են այս օրերին տարբեր տրամաչափի «կոնգրեսականների» կողմից «Ժառանգության» հասցեին հնչող մեղադրական արտահայտությունները: Պետրոս Մակեյանը երեկ մեղադրանք հնչեցրեց, որ «Ժառանգության» մեջ Քոչարյանի ուրվականն է պտտվում», ու դա պարզ էր Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմից: Քանի որ ծոմին հետեւեցին հայ մտավորականների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում իրականացվող «լուռ ակցիաները», մեր զրուցակիցը հարկ է համարում հստակեցնել, որ այդ ակցիաները որեւէ քաղաքական ուժի, այդ թվում «Ժառանգության» հետ որեւէ կապ չունեն: Մասնավորաբար, խոսելով երեկվա նստակիցանստացուցային ակցիայի մասին, տիկին Խառատյանը նկատեց. «Դա ընդհանրապես քաղաքականացված եւ կուսակցականացված չէ: Ես սկզբից էլ եղել եմ քննարկումներին, եւ ի սկզբանե էլ խոսքն այն մասին է եղել, որ դրանք մաքուր քաղաքացիական ակցիաներ պետք է լինեն: Սրանք ժողովրդի մտահոգությունների միանգամայն այլ ասպեկտի խնդիրներ են, որոնք, իհարկե արդյունքում կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ, որովհետեւ բոլոր արժեզրկումները, բարոյականության անկումը, հասարակության նվաստացումն, ի վերջո, ապաշնորհ քաղաքականության հետեւանք են: Բայց այս ամենը կապել որեւէ քաղաքական ուժի, քաղաքական նկատառումի կամ ծրագրի հետ՝ ինձ համար տարօրինակ եւ զարմանալի է»:
Հրանուշ Խառատյանին, սակայն, չի զարմացնում մեր քաղաքական ուժերի ներկայիս փոխհարաբերությունները, առավել եւս, որ ընտրությունները յոթ սարի ետեւում չեն: Այս առումով նրա համար անակնկալ չեն ընդդիմադիր դաշտի վերջին վայրիվերումները: Ավելին, մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ իշխող կոալիցիայում գտնվող քաղաքական ուժերի փոխհարաբերությունները 2007-ի եւ 2008-ի ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ իբրեւ արդյունք՝ ձեւավորված քաղաքական կոալիցիան. «Մեղմ ասած, այդ ուժերը բավականին լարված հարաբերություններում էին, բայց հետո, չգիտեմ թե ինչ քաղաքական համոզմունքների վաճառքի, զոհաբերությունների, հաշտությունների ու համաձայնությունների գնով, կոալիցիա կազմեցին: Իմ տպավորությամբ, զոհաբերությունները ոչ այնքան քաղաքական համոզմունքներից էին, որքան անձնական ամբիցիաներից, քանի որ ոչ որեւէ մեկի ծրագրում, ոչ որեւէ մեկի պահվածքում եւ ոչ էլ կոալիցիայի օրակարգում քաղաքական մոտեցումների, թեկուզ առանձին խնդիրների համադրում կամ բախում չեմ տեսել: Անձնական ամբիցիաների եւ անձնական ծրագրերի կոմպրոմիսների արդյունքում, ի վերջո, իշխանության դաշտում ձեւավորվում են կոալիցիաները, իսկ ընդդիմության դաշտում շարունակվում են առճակատումները կամ միմյանցից փախչելու ձգտումները: Սրանցից որեւէ մեկը նոր բան չէ, եւ ես այսօր չեմ տեսնում, որ մեր քաղաքական ուժերն առաջիկայում կարող են նոր բան բերել»:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով մամուլի դեմ օլիգարխների սկսած արշավին, որտեղ առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տիկին Խառատյանը հիշեց մամուլի հետ սեփական հաշիվները. «Ես մինչ օրս շատ վիրավորված եմ, որ իմ հասցեին զրպարտչական հոդվածներ տպագրած մամուլը, անգամ համոզվելով սեփական սխալի մեջ, անհրաժեշտ չհամարեց անդրադառնալ իր իսկ գրածին եւ որեւէ ձեւով ցույց տալ, որ հասկացել է իր արածի սխալականությունը, թեեւ պատշաճ կլիներ ներողություն խնդրելը: Նաեւ այս իմաստով՝ ինքս ինձ միշտ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է մամուլում զրպարտանքը եւ որտե՞ղ է իրականությունը: Բայց քանի որ չեմ հավատում նաեւ դատարանին, առավել եւս չեմ հավատում, որ այդ հարցերը դատարանի միջոցով լուծում են գտնում, տեսնում եմ, որ դատարանը զգալի չափով այն նույն մարդկանց ձեռքին է, ովքեր առաջացրել են այդ նույն զրպարտանքի հնարավորությունները, համարում եմ, որ մարդիկ, ովքեր առաջացրել են այդ անբարոյականության մթնոլորտը, իրենք նույն ձեւի անբարոյական ճանապարհներով փորձում են ընդհանուր մթնոլորտը ոչ թե պարզել, այլ խտացնել: Մամուլն օգնում է այդ երեւույթին այնքանով, որ այնտեղ, որտեղ սխալներ է արել, իր արժանապատվությունից ցածր է համարում դրանց անդրադառնալը»: