Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն առողջ ապրելակերպի

Ապրիլ 05,2011 00:00

Ամենախոցելին ուսանողներն են

Գլոբալիզացիայի եւ ինտեգրման համաշխարհային քաղաքականության գործընթացների արդի մարտահրավերներից թերեւս ամենազգայուններն են աղքատությունը եւ առողջ ապրելակերպի խնդիրը: Առողջ հասարակություն ձեւավորելու համար կարեւոր դերակատարում ունի կենսակերպը` իր սոցիալական միջավայրով: Ի վերջո, մարդու մտավոր կարողությունները պայմանավորված են առողջությամբ, կենցաղով, մարմնակրթական եւ խոհանոցային մշակույթով:
Գաղտնիք չէ, որ անորակ, անառողջ սնունդը ուղղակիորեն ազդում է մարդկանց կյանքի տեւողության վրա եւ լի են զանազան հիվանդությունների առաջացման վտանգով: Որքան էլ տարատեսակ եւ բազմազան են աշխարհի ժողովուրդների ազգային խոհանոցները, թերեւս բոլոր մարդկանց համար ընդհանուր է հետեւյալ պատգամը. «Մինչեւ քսան տարեկանը կեր՝ որքան կարող ես, մինչեւ հիսունը` միայն այնքան, որքան քեզ անհրաժեշտ է, հիսունից հետո` որքան հնարավոր է քիչ»: Միշտ չէ, որ մարդիկ ճիշտ եւ ժամանակին  են սնվում, մտածում, թե ինչ ազդեցություն ունի սննդամթերքը իրենց առողջության վրա:  Այս խնդիրն ավելի արդիական է դառնում մասնավորապես մեզանում, որովհետեւ հայերս նվազ բծախնդիր եւ պատրաստակամ ենք առողջ ապրելակերպին ուղղված ինֆորմացիայի եւ խորհրդատվության հարցերում:  Իսկ բժշկի կամ համապատասխան մասնագետի դիմում ենք  միայն այն ժամանակ, երբ «դանակը հասնում է ոսկորին»:
Այս առումով հասարակության առավել խոցելի շերտը երիտասարդներն են, հատկապես՝ ուսանողները, երբ ընդմիջումներին կամ պարզապես դասերից հետո օգտվում են «արագ» սննդի   կետերից, չխորանալով այդ ուտելիքների եւ ըմպելիքների սննդային բաղադրության մեջ: Այլ խոսքով, սննդային հավելման E գաղտնատառը նրանց բնավ չի հետաքրքրում: Մինչդեռ, երբ բացում ենք փակագծերը, ապա գործ ունենք կոնսերվանտների, հակաօքսիդիչների, հակասեպտիկների, հակախմորիչների, նիտրիտների եւ նիտրատների, ֆոսֆատների եւ գլյուտամատների, սննդային տարբեր հավելումների, համի ուժեղացուցիչների եւ ախորժաբեր խթանիչների հետ;
«Առողջ ապրելակերպ» թեմայով «Թեոդոր Հոյս Կոլեգ» (գերմանական կազմակերպություն է) ծրագրի շրջանակներում Երեւանում ավստրիական գրադարանի համագործակցությամբ կանցկացվի երկօրյա (ապրիլի 14-15) սեմինար՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ինչը նպատակ ունի ուսանող երիտասարդությանը մեկ անգամ եւս ներգրավել առողջ կենսակերպի առաջնահերթությանը եւ կարեւորությանը առնչվող հիմնահարցերի քննարկմանը: Սեմինարի ընթացքում շահեկան քննարկումներով կարծածվեն անկանոն սնվելով պայմանավորված հիվանդությունների, ալկոհոլի, ծխախոտի եւ թմրանյութերի բացասական ազդեցության հիմնահարցերը եւ թե որքանով են կենսակերպը, քաղաքականությունը եւ աղքատությունը շաղկապված միմյանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել