Ցանկացած տեսակի դաժանություն տարածվում է առանց վերահսկողության
«Այսօր հայկական ԶԼՄ-ները, հատկապես էլեկտրոնային կայքերը սենսացիա ապահովելու համար տարածում են ամեն ինչ: Հասկանալի է, որ խմբագիրները ռեյտինգի համար են իրենց կայքը զարդարում ամեն տեսակ սարսափազդու ինֆորմացիայով, բայց նրանք իրավունք չունեն տեղադրել այնպիսի լուսանկարներ ու վիդեոներ, որոնք կարող են վատ անդրադառնալ կայքի այցելուի վրա: Հայերը լրատվական կայքն ու սոցիալականը կարծես թե խառնել են իրար: Առավոտյան բացում ես, որ ինֆորմացիա ստանաս, այնինչ ականատես ես լինում առնվազն շամշյանական կադրերի: Ինչպես կարելի է, օրինակ, սպանվածի լուսանկարները տարբեր պոզաներով ու ամենայն մանրամասնությամբ ցուցադրել հանրությանը: Ցուցադրում են, թե մարմնի որ մասում է դանակը մտել, քանի անգամ, նաեւ այն, թե մեռածի դեմքը ինչպես է այլայլվել, երբ մահը վրա է հասել, ու թե ինչպես է արյունը թափվել, հեղեղվել եւ այլն: Եվ ամենից վատն այն է, որ այս լուսանկարները տեղադրելիս կայքերը գոնե զգուշացում չեն տեղադրում. օրինակ՝ ռուսականները, որոնք անհամեմատ գրագետ են աշխատում նման նյութեր հրապարակելիս, անպայման նշում են՝ «Զգուշացում. սարսափազդու կադր. երեխաներին եւ տպավորվող անձանց խորհուրդ չի տրվում դիտել»: Մեզ մոտ ամեն ինչ հայավարի է արվում. ոչ զգուշացում կա, ոչ էլ վերահսկողություն»,- «Առավոտի» հետ զրույցում հայկական լրատվական կայքերի ցուցաբերած ոչ պրոֆեսիոնալիզմի մասին մտահոգված կիսվեց հոգեբան Վահագն Տերտերյանը: Նրա ձեւակերպմամբ, բացի այն, որ նախ իրավապահները չպետք է թույլատրեն, որ, օրինակ, սպանությունից հետո դեպքի վայրում գտնվեն օտար անձինք՝ ֆոտոլրագրողների տեսքով, առավել եւս պետք է արգելվի այդ լուսանկարների հրապարակայնացումը ԶԼՄ-ներում: Վ. Տերտերյանը նշում է, նախեւառաջ այդ լուսանկարները հրապարակելիս, եթե նույնիսկ օրենքով չի էլ արգելվում, բայց էթիկայի կանոնները ենթադրում են, որ պետք է թույլտվություն ստանալ մեռածի հարազատներից: «Ինչ են մտածում կայքերը, երբ տեղադրում են այդպիսի լուսանկարներ: Տեսնես այդ կայքատերերի երեխաները երբեւէ բացե՞լ են այդ լուսանկարները. շատ հետաքրքիր է՝ հարցեր չե՞ն առաջացել իրենց երեխաների մեջ: Իսկ ինչպես պատասխանեն երեխաների հարցերին այն մարդիկ, որոնց մանկահասակ փոքրիկները պատահաբար են տեսել այդ սարսափազդու կադրերը: Նույնիսկ մեկ անգամ դիտելիս երեխաների վրա դա բացասաբար կանդրադառնա: Հատկապես մանկահասակները կսկսեն վախենալ, երազներ տեսնել: Վերջերս ռուսական լրատվամիջոցները ցուցադրեցին, թե ինչպես էր Նովոռոսիյսկում վեցամյա տղան դանակահարել երեք ամսական քրոջը ու գիտե՞ք ինչու, որովհետեւ նա հեռուստացույցով տեսել էր, թե ինչպես են «բոմժերը» սպանել մի նորածնի…… Սա էլ սենսացիա տարածող, ռեյտինգային լրատվամիջոցի տված պտուղներից է»,- հավելեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով նաեւ ինքնասպանության դեպքերն ու փորձերը տարածող լրատվամիջոցներին, համոզմունք հայտնելով, որ այս փաստը տարածելով՝ ԶԼՄ-ները նպաստում են դրանց շատացմանը:
Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը: Այս տեղեկատվությունը մոտ երկու ամիս առաջ հրապարակվեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետի կողմից: Ըստ տվյալների՝ օրինակ, 2010 թվին Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք՝ 18,9 տոկոսով ավելի, քան 2009-ին էր: Դրանցից 225-ը ինքնասպանություն է, 367-ը՝ ինքնասպանության փորձ: Ինքնասպանությունների մեջ գերակշռել են 30-65 եւ 65-ից բարձր տարիքի անձինք: Ինքնասպանությունների փորձ առավելապես կատարել են 18-29 եւ 30-65 տարիքային խմբերում: Ընդ որում՝ 18-29 տարիքային խմբերում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով: Վ. Տերտերյանի ձեւակերպմամբ, պետք չէ շահարկել ինքնասպանության դեպքը. «Մեր լրագրողները սովոր են մի բանի մասին 100 նյութ սարքել: Երիտասարդն ինքնասպան է լինում, լրագրողն այդ մասին գրում-գրում ու չի հանգստանում: Մեկը թաղման օրն է գնում- գրում, մեկն էլ մեկ շաբաթ հետո, ապա գնում է նրա դպրոց կամ համալսարան, հետո գտնում է ընկերներին, նախկին ընկերուհուն, առաջին դասարանի ուսուցչուհուն… Սա սխալ է, չի կարելի: Պետք չէ հրապարակայնացնել ուրիշի անձնական կյանքը, հատկապես մահվանից հետո, անկախ այն բանից, թե ինչ մահով է նա մահացել: Ինքնասպան եղածի մասին պարբերաբար ինֆորմացիա ներկայացնելով, ինչ-որ տեղ շահագրգռություն է առաջանում այդ պահին տվյալ ինֆորմացիան ստացող հոգեկան քիչ թե շատ անհավասարակշիռ վիճակում գտնվող անհատի մեջ: Սիրահարված, սերը կորցրած երիտասարդը մտածում է, գուցե ինքն էլ այդպես անի……Գուցե այդպես կապացուցի, որ սիրում է կամ էլ գուցե այդպես անի, որովհետեւ այլ ելք չունի: Ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի ավելացման պատճառն ու մեղավորը նաեւ ԶԼՄ-ներն են»,- ավելացրեց Վ. Տերտերյանը՝ շեշտելով, որ ԶԼՄ-ները հերիք չէ, որ տարածում են սպանության անմարդկային կադրերը, դեռ «Youtube»-ում էլ են տեղադրում ու հպարտորեն վերնագրում, թե ինչպես է հայ ծնողը զավակին սպանել եւ այլն. «Մի մոռացեք, այդ կայքը ամբողջ աշխարհն է նայում: «Youtube»-ը լցված է հայկական դաժանություններով: Այդ պատճառով էլ օտար ազգի աչքին հայերը արնախում են ու ոչ թե ցեղասպանվել են 1915 թվին, այլ հենց իրենք են կոտորել թուրքերին: Այնպես որ, պետք չէ նեղսրտել, թե աշխարհը չի ճանաչում մեր ցեղասպանությունը: Մենք ինքներս ենք աշխատում եւ աշխատել մեր «բարձր» հեղինակության վրա»: