Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԵԴԱԼ ԵՎ ԹԻՄԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՏԵՂ

Ապրիլ 05,2011 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Դորտմունդում անցկացված մարզաձեւի Եվրոպայի առաջնությունից տուն է վերադառնում անհատական չորս մեդալով եւ թիմային երրորդ տեղով:
Արժանին մատուցելով մեր բոլոր ըմբիշներին՝ հարկ է նշել, որ Գերմանիայում նրանցից լավագույնը Ռոման Ամոյանն էր: Նա Դորտմունդի մրցագորգում անցկացրեց հինգ գոտեմարտ եւ բոլորում էլ գետնելով մրցակիցներին՝ 55 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի մեծահասակների կրկնակի չեմպիոն:
Փորձառու թիմակցի հաջողությունը կրկնելուն շատ մոտ էր կանգնած տակավին երիտասարդ Արթուր Ալեքսանյանը (96 կգ քաշային կարգ): Գյումրեցի 20-ամյա մարզիկը, որ երիտասարդների մեջ հասցրել է առաջինը ճանաչվել աշխարհում ու Եվրոպայում, նորամուտը մեծահասակների եվրոպական պաշտոնական առաջնություն՝ նշանավորեց Հին աշխարհամասի փոխչեմպիոնի տիտղոսով՝ միայն եզրափակչում միավորներով զիջելով բելառուսցի Տիմոֆեյ Ձեյնիչենկոյին: Ճիշտ է, մեր ըմբիշին մրցակիցը գերազանցեց ֆիզիկական տվյալներով եւ ավելի բարձր պատրաստվածության աստիճանով, սակայն եւ նա, եւ այդ քաշային կարգի մյուս հեղինակությունները ոչ հեռու ապագայում հայաստանցու հետ հաստատ լուրջ խնդիրներ են ունենալու: Այս կարծիքին են նաեւ Արթուրին Գերմանիայում տեսած հեղինակավոր մասնագետները: Իսկ հանրահռչակ Միխայիլ Մամիաշվիլին նրան բնութագրել է որպես ապագա օլիմպիական չեմպիոն: Մնում է միայն, որ ինքը՝ Արթուր Ալեքսանյանը, շարունակի լրջորեն մարզվել:
Հայ մարզասերները լուրջ սպասելիքներ ունեին Եվրոպայի քառակի չեմպիոն (երկու անգամ Հայաստանի դրոշի ներքո)՝ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւից: Սակայն այս անգամ մարզիչ Սամվել Գեւորգյանի սանը բավարարվեց երրորդ տեղով:
Բրոնզե մեդալի արժանացավ նաեւ մեր չորրորդ ներկայացուցիչը՝ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը:
Իր համար անսովոր 5-րդ տեղը գրավեց Վիլնյուսում երկու տարի առաջ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արսեն Ջուլֆալակյանը: Սակայն հեռուստաէկրանների առջեւ երրորդ տեղի համար նրա գոտեմարտին հետեւած մարզասերները տեսան, որ Արսենը ոտքի եւ ուսի վնասվածք ուներ:
Ինչ վերաբերում է Վահան Ջուհարյանին (60կգ) եւ Սասուն Ղամբարյանին (66), նրանց բախտը չբերեց: Եթե պայքարի սկզբում իրենց հաղթած մրցակիցները հասնեին եզրափակիչ, նրանք էլ սփոփիչ մարտերին մասնակցելու եւ հաջողություն ունենալու պարագայում երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն կունենային:
Թիմային հաշվարկով գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած ընտրանին ճանաչվեց երրորդը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին եւ Ադրբեջանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել