Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂՔԵՆԻԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ՝ ԿՐԵՄԼՈՒՄ

Ապրիլ 05,2011 00:00

«Տաշիր-2011»-ի սոցիալ-կենցաղային եւ քաղաքական ենթատեքստերը

Արդեն 6-րդ անգամ Մոսկվայի Կրեմլյան պալատում կայանում է «Տաշիր-2011» համերգ-մրցանակաբաշխությունը, որը մինչ օրս հեռարձակվում էր «Հ1»-ով, սակայն այս անգամ՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ: 
Գալահամերգ-մրցանակաբաշխության հյուրերն էին Լարա Ֆաբիանը, արդեն «գազն անցած» Տոտո Կուտունիոն, Manolo&Gipsygitanes խումբը, «Կոմեդի քլաբի» տղաները: Համերգը վարում էին Մարկ Սաղաթելյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Քսենյա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը եւ այլք:  Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ «Տաշիրի» կազմակերպիչները տառացիորեն սեր խոստովանեցին ռուսներին, ասելով, թե չեն կարող վայրկյան անգամ ապրել առանց այս ժողովրդի: Օրինակ՝ «Կոմեդի վումենի» աղջիկներից մեկը բարեւեց դահլիճին. «Խոնարհվում եմ քո առաջ, ռուս ժողովուրդ»: Երբ մյուս արտիստը սցենարով «ուղղեց» նրան՝ թե ռուսներ չեն, հայեր են, հետեւյալ պատասխանը ստացավ. «Դու հապա նրանց անձնագրերը նայիր»:  Ի դեպ, այս հումորի ժամանակ ցույց տվեցին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փայլող դեմքը:
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կատակեց, թե ֆրանսիացիները ամեն ինչ՝ սկսած «մերսիից», վերջացրած «Մուլեն ռուժով» հայերից են «թխել»: Չգիտես ինչու, հայ ժողովրդի բարեկամ ճանաչվեց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ով ոչինչ չէր անում, որ ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը օր առաջ բացվի, ընդ որում՝ անցակետը փակ էր ռուսական կողմից եւ առավելապես հայերին էր պետք:
Հայաստանի բարեկամ հռչակվեց նաեւ անվանի կինոռեժիսոր, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ  Նիկիտա Միխալկովը: Նա  նայելով դահլիճին, ասաց, որ երբեք այսքան հայի մեկտեղ չի տեսել. «Եթե Կրեմլում այսքան հայ կա, փաստորեն հայկական թաղամասի հարցը կարելի է լուծված համարել, մնում է մի բնակարան էլ ինձ տաք՝ Երեւանի կենտրոնում»: «Եթե Հայաստանի մասին ֆիլմ նկարեք՝ կտանք»,- ասաց Մարկ Սաղաթելյանը: Բնակարան ուզողների թվում էին Բասկովը եւ մյուս ռուս արտիստները, բայց բնակարաններ ստացան Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանը, Ջիվան Գասպարյանը, Արմենչիկը, Սիրուշոն, մի խոսքով՝ գրեթե բոլորը, բացի  Էմմիից ու Լուսինայից: Նրանց մեքենաներ նվիրեցին, որոնք, ըստ կազմակերպիչների, ավելի թանկ արժեն, քան երեւանյան բնակարանները: Սոսո Պավլիաշվիլիին էլ համերգի կազմակերպիչները «հայաֆիկացրին», բայց ոչինչ չնվիրեցին. նա ընդամենը ներկայացվեց որպես հայկական վրացի կամ վրացական հայ: Ոչինչ չստացած Բասկովը կատակով տնտղեց ոչինչ չստացած Սոսոյի պիջակի գրպաններն ու բարձրաձայնեց՝ փաստորեն դատարկ են:
Այս անգամ չկար ՌԴ պետդումայի էքսցենտրիկ փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին. այնպես որ, Արարատը այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում  այդպես էլ Հայաստանին չվերադարձվեց:  Գալահամերգ-մրցանակաբաշխության ամենազվարճալի «կիքսերից» մեկն այն էր, որ ուղիղ եթերում հեռարձակվող միջոցառումը Հայաստանում անջատեցին ու գովազդ մտցրին այն  բանից հետո, երբ Գարիկ Մարտիրոսյանը հնչեցրեց Սերժ Սարգսյանի անունը: «Կոմեդիականը», սակայն, չզլացավ իր մենախոսությունը կրկնել ուղիղ եթերում՝ ավելի ուշ: Նա ոչ այնքան հաջող կատակում պատմեց, թե վերջերս, երբ ինքը Դմիտրի  Մեդվեդեւի նստավայր էր հրավիրվել ու նրա հետ քննարկում էր «Տաշիրը» վարելու իր զուգընկերուհու հարցը, այդ պահին զանգել է Սերժ Սարգսյանը եւ հենց նրանից էլ խորհուրդ է հարցրել: Գարիկի խոսքով, Սերժ Ազատիչը Քսենյա Սոբչակի թեկնածությունն  է առաջարկել:
Դառնալով «Տաշիր-2011-ին», որ այլեւս «Արմենիա» է կոչվելու, նշենք, որ այն բնավ չէր տարբերվում նախորդներից՝ եթերում միայն ռուսերեն էր եւ ռուսամոլությունը՝ գումարած  չտեսությունն ու քաղքենիությունը:

Հ. Գ. Ի դեպ, «Տաշիր-2011»-ի հեռարձակումից անմիջապես հետո Ֆեյսբուկ սոցիալական ցանցում խումբ ստեղծվեց, որը կոչ էր անում բնակարան ստացած երգիչ-երգչուհիներին՝ իրենց նոր բնակարանը նվիրել անտուններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել