Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղազախստանի նոր նախագահ է ընտրվել հին նախագահը

Ապրիլ 05,2011 00:00

\"\"Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, երկրի գործող նախագահը հաղթել է ապրիլի 3-ին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններում՝ ստանալով քվեների 95,5 տոկոսը: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է ԿԸՀ նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը, որի մատուցմամբ՝ մյուս թեկնածուներից որեւէ մեկը չի կարողացել 2 տոկոսից ավելի ձայն ստանալ:
Նուրսուլթան Նազարբաեւը 1990-ից ի վեր Ղազախստանի անփոփոխ նախագահն է: Հերթական՝ չորրորդ ժամկետում նա երկիրը կկառավարի եւս 5 տարի:
Բացի Նազարբաեւից, տեղի ունեցած նախագահական ընտրություններին մասնակցել էին նաեւ Ղազախստանի Կումունիստական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ժամբիլ Ահմեդբեկովը, պատգամավոր Գանի Ղասիմովը եւ բնապահպան Մելս Ելեուսիզովը: Նրանք հավաքել են ընտրողների քվեների, համապատասխանաբար, 1,4, 1,2 եւ 1,9 տոկոսը:
Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունները բոյկոտել էին՝ վկայակոչելով ընտրություններին պատրաստվելու համար տրամադրված ոչ բավարար ժամանակն ու ռեալ մրցակցության բացակայությունը:
AP-ն հաղորդում է, որ ակտիվիստները տեղերից հաղորդել են մի շարք ընտրախախտումների մասին, մասնավորապես պնդելով, որ ուսանողներին բուհերից հեռացնելու սպառնալիքի տակ ստիպել են քվեարկել: Գործակալության տվյալներով, Ալմա-Աթայի համալսարաններից մեկում տեղակայված ընտրական տեղամասում դեռ լուսադեմին հավաքված են եղել հարյուրավոր ուսանողներ:
Ինքը՝ Նազարբաեւն արդեն կիրակի օրը այդ ընտրությունները գնահատել է որպես՝ «բաց եւ ազնիվ»: Նրա կարծիքով, ընտրությունները «եւս մեկ անգամ ամբողջ աշխարհին ապացուցեցին մեր հասարակության ժողովրդավարական բնույթը»:
Հիշեցնենք, որ նախորդ նախագահական ընտրություններում Նազարբաեւը ստացել էր 91 տոկոս ձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել