Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ ԿՆՔԵԼ

Ապրիլ 05,2011 00:00

\"\"Լիբիայի փոխարտգործնախարար Աբդելաթի Օբեյդին, որը դիվանագիտական այցով գտնվում է Միջերկրածովյան երկրներում, հայտարարել է, թե լիբիական կառավարությունը երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիներ է փնտրում: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Օբեյդին Հունաստանում հանդիպել է այդ երկրի վարչապետ Յորղոս Պապանդրեուի հետ, ապրիլի 4-ին եւ 5-ին լիբիացի դիվանագետը ծրագրում է այցելել Թուրքիա եւ Մալթա:
«Լիբիացի բանագնացի խոսքերը վկայում են, որ ռեժիմը խնդրի լուծումներ է փնտրում»,- լրագրողներին ասել է Հունաստանի վարչապետը:
Թուրքիայի կառավարությունը, ուր պատրաստվում է այցելել Օբեյդին, լիբիական ափերին մոտ ստեղծել է «Անկարա» անունը կրող լողացող հոսպիտալ, որտեղ նրանց հաջողվել է տեղափոխել Միսուրատա քաղաքում ապստամբների եւ լիբիական կառավարական զորքերի միջեւ ռազմական գործողություններից տուժած ավելի քան 250 վիրավորների: Միսուրատան միակ լիբիական քաղաքն է երկրի Արեւմուտքում, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո:
Reuters-ի փոխանցմամբ, լողացող հոսպիտալը չորս օր սպասել է նավահանգիստ մուտք գործելու համար ու արդյունքում մոտեցել է Միսուրատային՝ թուրքական F-16 եւ երկու ռազմական նավերի ուղեկցությամբ:
Նավ-հոսպիտալը, թուրք դիվանագետների ասելով, ստիպված է եղել ժամանակից շուտ լքել նավահանգիստը, քանի որ այնտեղ հավաքվել էր մարդկանց բազմություն՝ հույս ունենալով այդ նավով լքել քաղաքը: Ականատեսների ասելով, Միսուրատայի մեծ մասում ոչ ջուր կա, ոչ էլեկտրաէներգիա եւ ոչ ոք երաշխավորված չէ հրետանային գնդակոծումից կամ դիպուկահարների կրակոցներից: «Անկարան» հաջորդ անգամ մտադիր է Լիբիայից շուրջ 100 վիրավորների Թուրքիա տեղափոխել:
Ընդսմին, կոալիցիոն ուժերի ինքնաթիռներից մեկը, որը կոչված էր ապահովելու Լիբիայի օդային տարածքի ոչ թռիչքային ռեժիմը, թյուրիմացաբար ավիահարվածների է ենթարկել ապստամբների ավտոշարասյունը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, ապստամբ ուժերի պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով: Հարվածներից հետո ապստամբները սկսել են օդ կրակել: Միջադեպի արդյունքում 13 մարդ է զոհվել:
Լիբիայի արեւելքում ապստամբները մարտի են բռնվել Քադդաֆիին հավատարիմ ուժերի հետ՝ Բրեգա քաղաքի համար, բայց, ըստ BBC-ի, իրավիճակն այնտեղ կարող է փակուղի մտնել: Կառավարական զորքերը վերահսկում են քաղաքի համալսարանին հարող տարածքը, բայց չեն համարձակվում ապստամբների հետ կռվի մեջ մտնել՝ ՆԱՏՕ-ի կողմից հնարավոր ավիահարվածների սպառնալիքի պատճառով:
Ապստամբների վատ զինված ու անկազմակերպ ուժերն իրենց հերթին չեն կարողանում կամ չեն ցանկանում հարձակման ենթարկել կառավարական ուժերը եւ Արեւմուտքից լրացուցիչ օգնություն են խնդրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել