Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մրցույթ գիտության… ընդդեմ գիտության

Ապրիլ 05,2011 00:00

Չնայած պարզ է՝ ով ով է

ՈՉ ոքի  համար նորություն չէ, որ աշխարհի զարգացման հիմքում ընկած են պայքարն ու մրցակցությունը: Բնականաբար,  մարդկային հասարակության համար կարեւորագույն այդ գործընթացներն էլ ունեն իրենց նորմերն ու կանոնները (խնդրում եմ ոմանց՝ չզարմանալ, նաեւ բարոյական), իրենց տրամաբանությունը: Մրցակցության նորմերի եւ կանոնների պահպանման պարագայում պարտվողը, ինչ աստիճանի ամբիցիոզ անձնավորություն էլ որ լինի, միեւնույն է, փորձ չի անի որեւիցե կասկած հայտնել մրցակցության արդյունքների վերաբերյալ: Լրիվ այլ է իրավիճակը, երբ մրցակցությունը զուտ անունով է մրցակցություն եւ խախտված են նրա անցկացման կանոններն ու բուն տրամաբանությունը: Այդ դեպքում արդեն չկան հաղթողներ՝ բառի եւ երեւույթի իսկական իմաստով: Դրանց փոխարինում են «հաջողացնողները» (կամ «դասավորողները»՝ անվանեք ոնց կկամենաք): Չկան նաեւ պարտվողներ: Այս դեպքում այդ կոնտինգենտը բնութագրվում է արդեն որպես «քաշվածներ», «նեղացածներ» կամ, եթե հնչեցնենք ամենաժամանակակից հայերենով՝ «աբիժնիկներ»: Նույնպես անվանեք՝ ոնց կկամենաք:
Մեր երկիր դրախտավայր Հայաստանում խեղված ու խաթարված են հատկապես այդ նորմերն ու կանոնները: Ինչի հետեւանքով էլ պետությունն ու հասարակությունը հայտնվել են այսօր, մեղմ ասած, բավականին անմխիթար ու ծանր վիճակում: Այն վիճակում, երբ կասկածի տակ են դրվում կամ ուղղակիորեն հասարակության կողմից պարզապես օրինական չեն ճանաչվում երկրում իրականացվող  մրցակցային գործընթացների արդյունքները՝ ամենաբարձր համապետական ընտրություններից մինչեւ մի փոքրիկ գյուղի դպրոցի տնօրենի ընտրությունները: Բնական է, որ նորմերի ու կանոնների խախտումներով ընթացած այդ մրցապայքարից դուրս մնացածը արդեն ոչ թե իր մեջ է փնտրում «ինչո՞ւ ես պարտվեցի» հարցի պատասխանը, այլ կենտրոնանում է այլ հարցի վրա՝ «ինչո՞ւ այսինչը հաղթեց» կամ նույնիսկ «իսկ ի՞նչ արժանիքի շնորհիվ այսինչը հաղթեց»: Այս դեպքում նույնպես նկատվում է երկու շարունակություն: Պարտվողը պարզապես հրաժարվում է հետագա մրցապայքարում մասնակցել՝ կրկին գիտակցելով, որ դա իր տեղը չէ: Բայց այս անգամ արդեն ոչ թե սեփական թուլության գիտակցումից, այլ՝ չցանկանալով մասնակցել առաջադրված կանոններով կեղծ մրցապայքարին: Կամ էլ, առաջնորդվելով «դե ուրեմն ճիշտը սա է» փիլիսոփայությամբ, ընդունում է առաջադրվող խաղի կանոնները եւ «պոկվում» առաջ: Սա հենց այն իրավիճակն է, երբ նորմալ մրցակցային գործընթացի փոխարեն ունենում ենք դրա իմիտացիան, դրա հետեւում էլ, բնականաբար, զուտ կոռուպցիոն երեւույթներ: Իսկ մրցապայքարում ներգրավված համապատասխան սոցիալական շերտի ներսում մթնոլորտն ու ձեւավորված փոխհարաբերություններն էլ կլինեն, բնականաբար, ընթացող գործընթացներին լիովին համահունչ եւ համապատասխան: Բարեկրթության դրսեւորումն այդ իրավիճակում, համենայնդեպս, բացառված է, քանզի ոչ բարեկիրթ է եւ ոչ ազնիվ է ի սկզբանե հենց ինքը՝ կազմակերպված գործընթացը:
Այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակի ստեղծման համար ոմանք մեղադրում են իշխող եւ նախորդ վարչակարգերին, ոմանք էլ՝ ժողովրդին, հասնելով մինչեւ նախաուրարտական շրջան: Փորձենք զերծ մնալ չափազանց, ինչպես այսօր ընդունված է ասել՝ «գլոբալ» մոտեցումներից եւ կենտրոնանանք ընդամենը մեր կյանքի մի նեղ հատվածի՝ գիտության ֆինանսավորման, իսկ ավելի ճշգրիտ՝ 2010-ի վերջերին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի վրա: Այս մրցույթի հետ Հայաստանի գիտական հանրությունը կապում էր բավականին մեծ հույսեր: Ենթադրվում էր, որ այդ քայլով վերջապես սկիզբ կդրվի Հայաստանում մարդկանց գիտական գործունեության ֆինանսավորմանը՝ թեկուզեւ համեստ, բայց բնականոն եւ շարունակական: Եվ ամենակարեւորը՝ ֆինանսավորվող թեմաներն ու գիտական խմբերը կընտրվեն ոչ թե Հայաստանում ավանդական դարձած մյուս ընտրությունների նմանակով ու տեխնոլոգիաներով, այլ գիտական հանրությանը իրոք վայել եւ հարիր մակարդակով, չափանիշներով ու սկզբունքներով: Փայփայվում էին նաեւ հույսեր, թե մտավոր աշխատանքի՝ հանրության շրջանում իրականացրած անաչառ ընտրության գործընթացը կարող է սկիզբ եւ օրինակ դառնալ նաեւ մեր կյանքի այլ բնագավառների առողջացման համար: Այստեղ է ասված՝ O, sancta simplisita:
Կատարվեց այն, ինչ  պետք է կատարվեր, քանզի կազմակերպիչների կողմից գործընթացը տարվեց այնպես, ինչպես  իրենց էր պետք: Կամ էլ, լավագույն դեպքում, այնպես, ինչպես որ իրենք կարող էին: Իմաստ չենք տեսնում անդրադառնալ բուն գործընթացին, որի աղաղակող խեղումների մասին՝ սկսած պետական հաստատության կողմից հայտարարված ու խոստացված ժամկետի երկամսյա՝ այդպես էլ ոչ մի ձեւով չհիմնավորած ու չբացատրած ուշացումից, մինչեւ ավելի քան կասկածելի փորձաքննությունն ու նույնիսկ նախօրոք կանխորոշված գնահատումը, ապա մամուլում դրանց վերաբերյալ մի շարք հրապարակումներ՝ համապատասխան հիմնավորումներով արդեն իսկ ի հայտ եկել են: Մեզ մնում է ավելացնել միայն բավականին տհաճ եւ տագնապալի մի հետեւանքի մասին. սույն մրցույթի արդյունքում էապես փոխվեցին (զուտ բացասական առումով) փոխհարաբերություններն ու մթնոլորտը Հայաստանի գիտական «համքարության» ներսում: Մրցույթով անցածները չվայելեցին իրական հաղթողի բերկրանքը եւ ասես մի տեսակ  մեղքի զգացողություն ունեն իրենց գործընկերների հանդեպ: Չանցածներն էլ, հաշվի առնելով՝ բացի իրենց ուղարկած գնահատականից, նաեւ բազմաթիվ զուտ օբյեկտիվ եւ անհերքելի գործոններ, չեն համաձայնում եւ համակերպվում իրենց ծրագրերը մերժելու փաստի հետ:
Երկիրը փոքր է, գիտնականներն էլ շատ չեն, եւ բոլորը միմյանց կարողություններին լավ ծանոթ են: Հասկանալի է, որ ցանկացած փորձաքննություն իր մեջ անխուսափելիորեն պարունակում է սուբյեկտիվ պահեր եւ ռիսկեր: Բայց մի բան է՝ ինչ-որ չափի շեղում գիտնականի գործունեության վերաբերյալ տարիների ընթացքում կայացած ու հիմնավորված գնահատականից, եւ լրիվ այլ բան է ակնհայտորեն ցածր գնահատում ներկայացնել տարիների ընթացքում տվյալ բնագավառում արդյունավետ աշխատող եւ իրական ճանաչում ունեցող  գիտնականի առաջարկին: Եվ դրանով իսկ ստեղծել մի իրավիճակ, երբ մերժված նախագծի հեղինակը սկսում է փնտրել ոչ թե իր թույլ կողմերը, այլ ստիպված է պարզապես մատնանշել, թե սրան, սրան, սրան շատ լավ ենք ճանաչում: Այդ ո՞նց եղավ, որ հանկարծ այս մրցույթում դրանք մեզանից բարձր ընկալվեցին: Փառք Աստծո, որ մեր շատ գիտնականների՝ դեռեւս առկա գիտական էթիկայի նորմերը թույլ չեն տալիս ուղղակի պարզաբանումներով եւ փաստարկված բողոքներով հանդես գալ այս մրցույթի որոշ «հաջողակների» հանդեպ:  Ինչպես դիպուկ ասաց երկարամյա փորձ ունեցող դասախոսներից մեկը, ԿԳՆ այս կոմիտեն ցույց տվեց, որ գործելաոճը ընդունելության քննության հանձնաժողովներ կազմելու ավանդույթից այն կողմ չգնաց: Ոնց որ այն պարագայում մարդկանց առանձին-առանձին կանչում-ասում էին, թե «դու կաս, բայց ոչ ոքի չասես, թե չէ՝ կխանգարեն», այդպես էլ այս դեպքում՝ դեռեւս մինչեւ արդյունքների պաշտոնական հրապարակումը սրան-նրան հույժ գաղտնի տեղեկացնում էին՝ «դու անցել ես, բայց մարդու չասես…»:
Գիտենք, իհարկե, գիտենք… գիտության հասանելիք գումարները բաշխող հայ պաշտոնյաներին՝ հատկապես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել