Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԽՏԻ ԱՆԻՎԸ

Ապրիլ 05,2011 00:00

Ամենամեծ հաջողությունը կամ դժբախտությունը մարդկանց վրա նույն ազդեցությունն է թողնում

Երբ առաջին անգամ ոտք դրեցի բառի բուն իմաստով ամենահարուստ քաղաք՝ Լաս Վեգաս (դա 1994-ին էր, ֆուտբոլի առաջնության օրերին), իմ ուշադրությունն ամենից առաջ գրավեց գունավոր լույսերի շլացնող խաղը, այն պլպլացող  անափ ծովը, որ ուշ գիշերով ուղղակի ողողել էր կազինոների այդ հեքիաթային մեգակենտրոնը: Այստեղ ամենուր ու անվերջ ելումուտ անող, անմիջապես ու ահավոր հարստության տեր դառնալու մեծ հույսերով գայթակղված բազմահազար հյուրերին, հասկանալի է, կլանել էր միայն մեկ ձգտում՝ փող, «կլոր գումար» շահելու կիրքը, վերջապես դառնալու այդ բախտավորներից մեկը: Իմիջիայլոց, անմիջապես ասեմ, որ ինքը՝ Լաս Վագասը «ոտքից գլուխ» ձեռակերտ է, բնությունն այստեղ տափաստանային է, հարուստ՝ լոկ անհրապույր կակտուսներով: Եվ եթե դրան ավելացնել նաեւ այնտեղի շոգը, ապա հաստատ խելքները կորցրած պետք է համարել այն մի քանի տեղաբնակ հնդկացիներին, որոնց մտքով ժամանակին անցել էր հենց այստեղ  խաղատներ կառուցելու եւ անսովոր բիզնես սկսելու համարձակ գաղափարը: Խաղատուն՝ անմարդաբնակ վայրում: Դժոխային համարվող այդ վայրը գործարար մարդկանց ջանքերով ու միջոցներով վերածվեց-դարձավ դրախտի անկյան՝ կանաչապատվեց, լայնահուն պողոտաներ կառուցվեցին, մեկը մյուսից գեղեցիկ ու  ինքնատիպ հյուրանոց-խաղատներ շարք մտան. արմավենիներ բերվեցին եւ տնկվեցին փողոցների երկարությամբ, եւ բիզնեսը, սպասարկման ամենաբարձր մակարդակով, սկսեց  հրապուրել մարդկանց աշխարհի ամենահեռավոր անկյուններից: Լաս Վեգասը աճեց ու անասելի համբավ ձեռք բերեց:
Առաջին ու հիմնական բախտավորները դարձան, դա կանխատեսելը դժվար չէր, հենց խաղատների սեփականատերերը: Բավական է ասել, որ, ըստ մամուլում հրապարակված տվյալների, ԱՄՆ-ում դրանց տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 70 միլիարդ դոլար, իսկ գանձված հարկերի հաշվին երկրի պետական բյուջեն հարստանում է ավելի քան քսան միլիարդով: Ու թեեւ շահումների հավանականությունը վերջին շրջանում նկատելիորեն նվազել է, բախտը փորձել ցանկացողների թվաքանակը բնավ չի պակասում, եթե չասել՝ հակառակը:
Կազինոյական բախտականչը, որը, բնականաբար, ուղեկցվում է վերջին աստիճանի նյարդային լարվածությամբ, զորեղ ու անզուսպ կիրք է, որի գերին են դառնում հավասարապես չքավորը եւ օլիգարխը:  Խաղում են, այսպես ասած, կայֆ ստանալու համար,  տանուլ են տալիս, թե խոշոր գումար շահում՝ դրանից բնավ չի փոխվում նրանց կնճռալի դեմքերի արտահայտությունը:
Եվս մեկ առաջին հայացքից շատ տարօրինակ երեւույթի մասին: Խաղացողների շրջանում տարածված մի ասույթ կա՝ տասանոցը, որի մասին տեղյակ չեն կինդ ու հարկային տեսուչը, հարյուրից էլ ավելի արժեք ունի այն համարժեք թղթադրամից, որի գոյության մասին գիտեն  վերոհիշյալ երկու ատյանները: Բոլոր դեպքերում գալիս են ու, ասես կախարդանքի ենթարկվածի նման, քրտինքով վաստակած փողերը հեշտ ու հանգիստ  թողնում- հեռանում են: Ու հետո էլ անկեղծորեն ապշած են մնում, երբ ականատես են լինում, թե ինչպիսի դյուրինությամբ են այստեղ  հրաժարվում ընդամենը մի քանի տարի առաջ ահավոր գումարներով  կառուցած ճոխ խաղատներից, քանդում ու ինչպես անմիջապես նույն վայրում սկսում են ավելի արդի, տեսքով ավելի շլացուցիչ խաղատների շինարարությունը: Մինչդեռ, սրա բացատրությունը պարզից էլ պարզ է՝ կառուցվում են  իմ ու քո, հազարավոր միամիտների շռայլորեն տանուլ տված միջոցներով, կառուցում են հաճախորդների ավելի լայն հոսք ապահովելու միտումով:
Այո, խաղային բիզնեսը  դյուրին ճանապարհով հնարավորություն է ընձեռում հարստություն դիզել: Եվ, իհարկե, «կենդանի փողն» է պատճառը, որ ոչ միայն Նեւադայում (այստեղ է գտնվում Լաս Վեգասը), այլեւ Կալիֆոռնիայի նահանգում սկսեցին սնկի պես ի հայտ գալ ու տարածվել խաղատները, եւ այժմ ընդամենը 1-1,5 ժամում կարելի է Լոս Անջելեսից հասնել քո նախընտրած խաղատունը: Եթե հաշվի առնենք այն, որ կազինոներն էլ են շահագրգռում՝ համեստ  (10-20 դոլարանոց) նվերներ  առաջարկելով, ապա դժվար չէ հասկանալ, որ նաեւ թոշակառուներից շատերը չեն պատկերացնում իրենց կյանքն առանց խաղատների:
Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում բախտ որոնող կանանց թիվը առանձնապես մեծ չէր: Բայց այսօր նրանք բնավ չեն զիջում տղամարդկանց եւ եթե կինը «վարակվեց», նրան ետ կանգնեցնել գրեթե անհնար է: Այն էլ ասենք, որ տղամարդիկ ավելի հեշտ են ընկնում ծուղակը, փող հաշվել չգիտեն, ավելի շատ են միամտություն դրսեւորում, շուտ են հուսահատվում: Հաստատ հենց «կյանքից հուսահատվածների» պատճառով եւ, հասկանալի է, ողբերգական միջադեպերից հեռու մնալու նպատակով, կազինոներին կից հյուրանոցային համարներում պատուհանները մշտապես հուսալիորեն փակ են: Ինչ վերաբերում է կանանց,  ապա նրանցից հիմարություններ, չմտածված քայլեր չսպասեք: Նրանք բոլոր իրավիճակներում զուսպ են, հաշվենկատ ու հավասարակշռված:
Փորձագետների ուսումնասիրությունները հանգեցրել են շատ տխուր հետեւությունների: Պարզվում է, այն երկրներում, որտեղ խաղատները լեգալացված են, հանցագործությունների մակարդակը ութ տոկոսով բարձր է այն երկրներից, որտեղ փողով խաղերը օրենքով արգելված են: Հայտնի են նաեւ այդ մոլուցքի այլ անցանկալի հետեւանքները՝ բիզնեսի սնանկացում, ընտանիքների քայքայում, աղքատություն, բարոյական անկում եւ նույնիսկ ինքնասպանություններ:
Շատերի կրքերը նոր ուժով բորբոքեց Թոմի Ուիթքինսը, որը վեց տարի առաջ Նեւադայի կազինոներից մեկում շահեց 38,7 միլիոն դոլար, այնքան, որքան մինչ օրս չի շահել եւ ոչ ոք: Սա, ինչ խոսք, իսկապես բախտավորություն էր, որին արժանանում է տասնյակ միլիոններից մեկը: Երջանկությունը, ինչպես ասում են, գնել հնարավոր չէ, բայց դրա համար երբեմն հարկ է լինում թանկ վճարել: Ու վճարում են: Թանկ է վճարում, օրինակ, հանրահայտ թենիսիստ, մեր հայրենակից Անդրե Աղասին, ով, ի դեպ, ապրում է հենց Լաս Վեգասում, պատահել է, երբ միայն մեկ այցելության ժամանակ «մեկձեռանի ավազակ»  կոչվող խաղային ավտոմատին հարստացրել է մոտ կես միլիոն դոլարով: Ճիշտ է, միլիոնատեր մարզիկին դա առանձին ցավ չպատճառեց, նրա համար դա պարզապես զվարճանք էր, ժամանց, ինչպիսին, ասենք, ռուսաստանցի պրիմադոնա Ալլա Պուգաչովայի ներկայիս ընկեր Մաքսիմ Գալկինի համար էր, ով, ինչպես մամուլն է հայտնում, ընդամենը չորս ժամվա ընթացքում հասցրեց «վճարել» 300 հազար:
Ոչ ոքի չի կարելի արգելել ապրել «լուսավոր ապագայի» քաղցր երազանքներով, մանավանդ որ, գոյություն ունի պատկառելի հարստության տեր դառնալու եւս մի գայթակղիչ միջոց՝ դրամական վիճակախաղ: Վերջերս աշխարհով մեկ տարածվեց իսկապես արտասովոր մի լուր. ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչ, մասնագիտությամբ մետաղագործ Ռոբերտ Հարքսը «Մեգա միլիոն» վիճակախաղի ժամանակ շահեց 275 միլիոն դոլար: Հատկանշական է, որ մինչ այդ նա շատ համեստ կյանք էր վարում, գիշերները ստիպված էր լինում անցկացնել վագոն-տնակում:
Երեւի չկա մեկը, ով իր փայփայած գունավոր երազանքներում չի մտածել, թե ինչ զգացմունքներ են պարուրելու նրան առաջին պահին, երբ ինքը հանկարծ իր աչքերով տեսնում ու հասկանում է, որ միլիոններ է շահել: «Երջանիկները» սովորաբար ուրախության ճիչ են արձակում, այնպիսի ճիչ, որ խորը քնից վեր է ցատկում հարեւանը, աչքերին հայտնվում են երջանկության արցունքներ, դրան կարող է հետեւել եւ ուշաթափություն: Իսկ հետո… Ահա թե այդ մասին ինչ է գրում շահողների խոսակցությունները տարիներ շարունակ հավաքագրող Լուիս Գուլդը՝ «Նայթ մեգեզին»  հանդեսում. «Նրանց տեսնելով, սկսում ես մտածել, որ նման մարդիկ բնավ էլ ռոտշիլդների ու ռոկֆելերների չեն հիշեցնում: Նրանք ավելի շուտ նման են երրորդ կարգի ուղեւորների, որ սխալմամբ հայտնվել են առաջին սրահում»: Այդպիսիներից մեկի՝ Մայքլ Օլդրիջի գործը 1982 թվականին քննարկում էր Արիզոնայի նահանգի դատարանը: Բանն այն է, որ ոչ ոք նրան չէր զգուշացրել գումարը ստանալու պայմանների մասին: Իսկ կարգն այս է՝ վիճակախաղով մեկ միլիոն շահած տոմսակի բախտավոր տիրոջը  20 տարվա ընթացքում 50-հազարական դոլար է փոխանցվում ամեն տարի՝ դեռ չհաշված հարկերը: Իսկ հարկերն էլ այնպիսի մեծության են, որ մեկ միլիոնը անմիջապես «նիհարում»- դառնում է 450 հազար: Այս ամենից անակնկալի եկած Մայքլի զայրույթը դժվար չէր հասկանալ: Բայց նրա բողոքն արձագանք չստացավ, իսկ դատարանի վճիռն այս էր՝ «Եթե դուք բավարարված չեք, կարող եք տոմսակը վերադարձնել եւ ստանալ ձեր մեկ դոլարը»:
Փենսիլվանիայում ապրող Ուիլյամ Փոսթը 1988-ին բախտ ունեցավ շահելու 16 միլիոն, իսկ հինգ տարի անց հայտարարեց իր… սնանկության մասին: Նա որոշեց եռանդուն գործի անցնել՝ հիմնեց իր բիզնեսը, գնեց մի դղյակ,  տեր դարձավ մի քանի թանկարժեք ավտոմեքենաների: Բայց շատ շուտով զարմանքով իմացավ, որ ինքը, ըստ  սահմանված կարգի, իրավունք չուներ վիճակախաղով շահած փողերը երբեւէ գործի մեջ դնել:
Հոգեբանները, ուսումնասիրելով այս կարգի միջադեպերը, եկել են այն համոզման, որ ամենամեծ բախտավորությունը եւ ամենամեծ անհաջողությունը մարդկային մտածելակերպի ու պահվածքի  վրա նույն ազդեցությունն են գործում: Տարբերությունն այն է, որ վթարի ենթարկվածները, այնուամենայնիվ, ապաքինվում են, մինչդեռ «կատաղած փողերի» զոհերը ավելի հաճախ ընկնում են անդառնալի հուսահատության գիրկը:
Բայց եւ այնպես, մի՞թե միլիոններ շահած բոլոր մարդկանց սպասում է անտանելի նյարդային ու անհանգիստ կյանքը: Իհարկե՝ ոչ: Իրենց երջանիկ են զգում առաջին հերթին նրանք, ովքեր մինչ այդ էլ իրենց համարում էին բախտավոր աստղի ներքո ծնված: Այդ մարդիկ ամենից առաջ  հավատացյալներ են, սիրող զույգեր, նրանք, ովքեր գիտեն ու կարող են ստույգ հաշվարկներ անել, ծանոթ են գործող օրենքների նրբություններին: Փողով խաղալը, իհարկե, հիմարություն է, բայց գոնե մեկ անգամ բախտը չփորձելը՝ կրկնակի հիմարություն, ասել է իմաստուններից մեկը: Գուցե այդպե՞ս է:

Ապրիլի 9-ին լրանում է ժուռնալիստիկայի վետերան Միսաք Նազարյանի 80-ամյակը: «Առավոտը» սրտանց շնորհավորում է գործընկերոջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել