Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՂԱՎՈՐ Է

Ապրիլ 05,2011 00:00

Ապրիլի 2-ին Արգենտինայի Դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն, դատավճռի համաձայն, դատապարտել է Թուքիային մեկուկես միլիոն հայերի սպանության համար, որը որակվում է որպես 1915-ից 1923թթ. ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցեղասպանություն: Դատավճռի բնույթ կրող որոշումը հրապարակվել է անձամբ Դաշնային դատավոր Օյարբիդեի կողմից, դաշնային տրիբունալում կայացած կոնֆերանսում, որի ժամանակ նրա խոսքը, ըստ www.online-911.com կայքի, ժամանակ առ ժամանակ ընդհատվել է հուզմունքից: Դատական գործը հարուցվել է 2000թ. նոտար Գրեգորիո Հայրապետյանի դիմումի համաձայն, ով հայտնել էր, որ 1915-ից 1923թթ. ընկած ժամանակահատվածում թուրքերը սպանել են մոտ հիսուն բարեկամների՝ իր հորական եւ մորական կողմից: Հայրապետյանի դիմումը ներկայացնելուց հետո հետաքննության ժամանակ ավելացան բազմաթիվ այլ հայցվորներ եւս: «Ստույգ փաստարկների հիման վրա հաստատվել են Գրեգորիո Հայրապետյանի հայրական եւ մայրական կողմից բարեկամների զոհվելու փաստը եւ հանգամանքները»,- իր որոշման մեջ նշել է Օյարբիդեն եւ բարձր գնահատել հայ համայնքի հետեւողականությունը՝ միջազգային հանրության եւ հենց թուրքական պետության կողմից ցեղասպանության ճանաչման հարցում: Որոշման մեջ դատավորը հստակեցրել է. «Այս գործընթացը որեւէ այլ կերպ չի կարող որակվել, քան այն ձեւով, որ նրան վերագրվում է հայցվորի դիմումի համաձայն եւ նպատակ ունի դատական ճշմարտացի որոշում կայացնել կատարվածի վերաբերյալ, որոնց պատմական եղելությունը պատշաճ կերպով արձանագրված է այդ դարաշրջանի հզոր տերությունների փաստաթղթային արխիվներում»: Օյարբիդեն, համաձայն կոնֆերանսի ժամանակ նրա տված բացատրության, հետաքննության ժամանակ հիմնվել է ինչպես միջազգային փաստաթղթերի վրա, որ ձեռք է բերել եւ խնդրել է տարբեր երկրներից, այնպես էլ վերապրողների եւ Եղեռնի զոհերի հարազատների վկայությունների: Ներկայումս դատական գործով առկա հայցվորները նախատեսում են որոշման միջոցով միջազգային կազմակերպություններից պահանջել հետեւել, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել