Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուժեղ հավատ, թույլ լեզու

Ապրիլ 05,2011 00:00

Թուրքիայում հայ հավատքը պահպանելու համար գործիք է ծառայում նաեւ թուրքերենը

2010 թվականի սեպտեմբերի 8-ին «Լոռեցիներին ջերմ են ընդունել» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Վանաձորի «Տաթեւ» պարային համույթը՝ 16 պարուհիներով եւ պարախմբի ղեկավար Ֆլորա Ասոյանի գլխավորությամբ, Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հովանավորությամբ եղել են Վրաստանում եւ Թուրքիայում ու պատրիարքի օրհնությամբ կնքվել: Երկու տարում արքեպիսկոպոս Աթեշյանը հայաստանցի 17 երեխայի կնքահայր է դարձել: «Մկրտությունը կարեւոր է յուրաքանչյուր երեխայի կյանքում, հաջողակ զավակներ ունենալը ինձ համար մեծ բերկրանք է: Ես բազում մանուկների կնքահայրն եմ, երբ ինձ ընդառաջ են գալիս՝ մեծ ուրախություն եմ ապրում»,- Վանաձորում եղած օրերին մեզ հետ զրույցում հայտարարեց Արամ արքեպիսկոպոսը: Հոգեւորականը զարմանում է, որ հատկապես Լոռիում չմկրտված մեծահասակների է հանդիպում եւ ընդգծում, որ Թուրքիայում նույնիսկ թրքախոս թաղամասերում, որտեղ քարոզը թուրքերեն է կատարվում, բոլոր կրոնական տոներին մարդիկ գալիս են եկեղեցի, հետեւում եկեղեցու կանոնակարգին. «Եթե 26 հոգանոց պարի խմբից 13-15-ամյա պատանիներից ու աղջիկներից 17-ը կնքված չեն, դա հեթանոսության նշան է»: 20 տարի է արդեն, որ անկախություն ունենք, բայց ժողովուրդը սոցիալական խնդիրներից կքած՝ քայլ չի անում դեպի եկեղեցի: Իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի սանիկների թիվն ամեն տարի ավելանում է: Այս տարի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում մկրտվեցին պարախմբի 3 անդամ եւ 2 լրագրող:
Արամ արքեպիսկոպոսն ասաց, որ այսօր Թուրքիայում մոտ 70 հազար հայ է ապրում, 38 հայկական եկեղեցի, 14 դպրոց, երգչախումբ, ուսանողական միություն կան ու բոլորը միասին մասամբ կարողանում են լուծել ամենակարեւորը՝ հայապահպանության խնդիրը: «Ազգին պահողը լեզուն է ու հավատը, ոսկեղենիկ հայերենը օտար հողում անաղարտ պահելը միայն երազանք է մնում»,- ասում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հայկական եկեղեցիներում պատարագը մատուցվում է մաքուր հայերեն, բայց, օրինակ, Ստամբուլի Սուրբ Գեւորգ եւ թրքախոս թաղամասերի եկեղեցիներում հայկական պատարագից հետո քարոզը կարդում են թուրքերեն: «Սա միակ միջոցն է՝ օտար ափերում ապրող եւ հատկապես այնտեղ ծնված մարդուն եկեղեցի ու հավատքի բերելու»,- վստահ են Թուրքիայի հայ հոգեւորականները:
Թրքախոսությունը տարածվել է Անատոլիայից Ստամբուլ գաղթած հայերի պատճառով, նրանք վախենում էին սովորել եւ գործածել մայրենի լեզուն՝ չբացահայտելու համար իրենց ինքնությունն ու կրոնը ու հիմա «մեծ դժվարություններ ունինք մեր ժողովուրդը, մանավանդ մեր երիտասարդ ժողովուրդը եկեղեցի հրավիրել եւ գրավել իրենց սիրտը եւ միտքը: Թուրքիայում դժվար է իբրեւ հայ ապրել, ինչ իմաստ ունի քարոզել քո մայրենի լեզվով, եթե ավետարանական պատգամը չես կարող փոխանցել, ուրեմն պարտավոր ես իրենց հասկանալի լեզվով խոսել, հատկապես թրքախոս թաղամասերում: Թուրքիայում պետք է պահպանել հավատքը, ու եթե պետք է՝ դրա համար ծառայեցնել թուրքերենը», -ասում է Արամ արքեսպիսկոպոս Աթեշյանը:
Պոլսո պատրիարքարանում վեճեր լինում են եւ, ըստ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի փոխառաջնորդ, կրոնական ժողովի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, պետք չէ դրանք շահարկել. «Պատրիարքը հիմա անկողնային հիվանդ է, մինչեւ մահկանացուն չկնքի՝ նոր պատրիարքի ընտրություն չի լինի, ով ինչքան ուզում է՝ թող գոռա, մենք խնդիր չունենք»:
Արամ արքեպիսկոպոսը գիտի, որ շատ հայաստանցիներ մեկ տարով գնում են Թուրքիա, բայց երկար տարիներ մնում, իսկ Թուրքիայի իշխանությունը նրանց դուրս չի անում: Արդյունքում՝ խառը ամուսնություններ են լինում, առանց քաղաքացիական կամ եկեղեցական գրանցման: Ու թեեւ Թուրքիայի հայկական եկեղեցիներում սակավ ամուսնություններ են գրանցվում, հոգեւորականը պնդում է, որ հայկական եկեղեցիներում հավատացյալների եւ ծեսերի պակաս չի զգացվում, իրենք հայ մանուկներին անպայման մկրտում եւ քրիստոնյա հավատով են դաստիարակում: «Պոլսում անհամար սանիկներ ունեմ, բայց այնտեղ ես գնում եմ փոքրիկների հետեւից, մեծերը պետք է, որ ինձ գտնեն»,- ասաց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել