Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Ապրիլ 05,2011 00:00

\"\"Ուկրաինայից Հայաստան հարս եկած բժշկուհի Լարիսա Եվսյուկովան մասնակցել է պատերազմին, աշխատել հեռավոր գյուղերում եւ հիմա ներկայացնում է երջանկության իր «դեղատոմսը»:

80-ականների վերջն էր, երբ բժշկական բարձրագույն կրթություն ստացած ուկրաինուհին հարս եկավ Հայաստան: Լարիսա Եվսյուկովան դարձավ Լարիսա Աֆանդյան: Հայ ամուսնու ուկրանուհի կինը երեք երեխա լույս աշխարհ բերեց: Բայց ճակատագիրը սիրող զույգի համատեղ ապագա չէր նախատեսել, նրանց վիճակված չէր երեխաներին միասին մեծացնել: Ու թեեւ չստացված ամուսնությունից Լարիսան հասկացավ, որ երեք փոքրիկների հետ դյուրին չի լինելու, բայց չվախեցավ ու նույնիսկ չփորձեց վերադառնալ հայրենի Խարկով: «Ես իրավունք չունեի Հայաստանի համար այդ ծանր ժամանակներում երեխաներիս զրկել իրենց հայրենիքից: Գնալն ամենահեշտ տարբերակն էր: Բայց գիտակցում էի, որ երեխաներիս իրենց հողից կտրելով՝ մեծ պատասխանատվություն եմ վերցնում վրաս: Բացի այդ, ինքս էլ էի կապվել Հայաստանին: Խղճիս դեմ կգնայի, եթե լքեի երեխաներիս հայրենիքը, որը նաեւ իմն էր դարձել»,- անկեղծացավ բժշկուհին:
Երկրի համար ծանր ժամանակներ էին՝ մի կողմից երկրաշարժ, մյուս կողմից՝ նոր թափ էր հավաքում պարտադրված պատերազմը: Ռազմի դաշտից եկող լուրերից, թե՝ բժիշկների պակասից շատ վիրավորների կյանքը չեն կարողանում փրկել, Լարիսայի մասնագիտական խիղճը տեղի տվեց: Ղարաբաղ մեկնելու որոշում կայացրեց ու գնաց: Հենց սկզբից նշանակվեց հատուկ գնդի բուժծառայության պետ: Երեք տարի աշխատեց վիրավոր զինվորների կողքին ու նրանց համար: Ոչ միայն դեղով ու սպեղանիով, այլեւ խոսքով էր ապաքինում վիրավոր տղաներին եւ վստահեցնում, որ հաղթանակը հայինն է լինելու: «Ինձ համար ոչ միայն պատիվ էր հայ զինվորին բժշկելը, այլեւ՝ պատասխանատվություն, որը կամովին ստանձնել էի թե Հայաստանի, թե հայ զինվորի եւ թե իմ երեխաների առաջ: Հատկապես երկու տղաներիս, որոնց դաստիարակել եմ սեփական օրինակով: Մինչեւ հիմա էլ թե տղաներիս, թե աղջկաս ասում եմ՝ դժվարություններից վախենալ պետք չէ, դժվարությունը պատվով հաղթահարել կարողանալու կամք է պետք: Հենց դժվար կյանքն է մարդուն կոփում, հղկում եւ ազնվացնում»:
Երեք տարի Ղարաբաղում աշխատելուց հետո Լարիսա Աֆանդյանը վերադառնում է Երեւան: Իմանում է, որ Հայաստանի գյուղական շրջաններում էլ բժիշկների խիստ պահանջ կա ու էլի որոշում լինել այնտեղ, ուր իր կարիքը կա: Դիմում է առողջապահության նախարարություն՝ շրջան գործուղելու խնդրանքով: Գործուղում են Ապարան: Մի քանի տարի Արագած գյուղի ամբուլատորիայում աշխատելուց հետո, նշանակվում է Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի բուժամբուլատորիայի վարիչ ու այստեղ է մինչ օրս: Լարիսա Եվսյուկովա-Աֆանդյանը Լեռնագոգ մտավ որպես բժշկուհի, այսօր արդեն նրան բոլորն են ճանաչում: Այսօր նա թե բժշկուհի է, թե ֆերմեր:
«Եվ կյանքում, եւ աշխատանքում ես կարգապահություն եմ սիրում: Այդպես էլ պահանջում եմ աշխատողներից: Գյուղ տեղ է, մարդիկ սովոր չէին գրաֆիկով աշխատելուն: Այստեղ գործի անցնելու առաջին իսկ օրերից նկատեցի, որ ամբուլատորիայի աշխատողները գործի են գալիս՝ ում երբ հարմար էր լինում: Երբ ասացի, որ պետք է հստակ գրաֆիկով աշխատենք, ինձ պատասխանեցին՝ չի ստացվի, որովհետեւ հավ ու կով պահող գյուղացին մինչեւ առավոտյան դրանց կերի ու այլ հարցերը չհոգա, տնից դուրս չի գա: Իսկ այդ աշխատանքները ժամանակատար են, ինչի պատճառով էլ գործից ուշանում են»,- աշխատակիցների հետ զրույցից մի դրվագ հիշեց Լարիսա Աֆանդյանը: Ապացուցելու համար, որ ցանկության դեպքում կարելի է եւ կենդանու խնամքը ժամանակին հոգալ, եւ աշխատանքից չուշանալ, բժշկուհին մի քանի խոշոր ու մանր եղջերավոր անասուն ու մի քանի թռչուն է գնում եւ անձամբ զբաղվում դրանց խնամքով: «Իմ ունեցած կենդանիները նրանց ունեցածներից քիչ չէր: Առավոտները, կենդանիներիս «պրոցեդուրաներն» ավարտելուց հետո, ժամանակին հասնում էի աշխատանքի՝ անձնական փորձով ապացուցելով, որ կարգապահ լինելու համար պետք չէ պատճառներ փնտրել: Ձեռքբերումս ոչ միայն եղավ այն, որ աշխատողներս դարձան պարտաճանաչ, այլ, որ բացահայտեցի կենդանիների նկատմամբ քողարկված սերս եւ դրա դրական ուժը»:
Լինում են օրեր, երբ Լարիսան մի քանի անգամ բժշկական խալաթը փոխարինում է անասուն պահելու եւ գոմ մաքրելու արտահագուստով: Ասում է՝ կենդանիներ շատ է սիրում, բայց երբեք չի պատկերացրել, որ այդ սիրուց ֆերմեր կդառնա: «Չնայած, աշխատողներիս ապացուցելու համար, սկսեցի կենդանիներ պահել, բայց հետո հասկացա, որ առանց դրանց այլեւս չեմ կարող: Մարդկանց հետ շատ եմ հոգնում: Իսկ երբ տուն եմ գալիս, շորերս փոխում, մտնում գոմ, զգում եմ, թե կենդանիների շնորհիվ ոնց են վերականգնվում ուժերս»: Երեք երեխաների մայրն այսօր արդեն տատիկ է: Տղաներից մեկն ու աղջիկը ամուսնացել են, Լարիսան երկու թոռնիկ ունի, սպասում են երրորդին:
Լարիսան նաեւ 25 գլուխ խոշոր ու մանր եղջերավոր անասուն, խոզեր ու նապաստակներ ունի: Քիչ է ասել, թե խնամում է. դրանց վերաբերվում է շատ հոգատար, իր երեխաների պես՝ զրուցում է հետները, մեկիկ-մեկիկ փաղաքշում: Նկատել է, որ այդ հոգատարությունից բարձրանում է կաթնատվությունը: Իր տրամադրությունն էլ է բարձրանում, երբ կենդանիներն իրեն տեսնելիս ուրախ ցատկոտում են: «Ամեն ծնող ուրախ կլինի, որ իր երեխաներն իրեն դիմավորեն այնպես, ինչպես իմ կենդանիներն են ինձ դիմավորում»,- ասաց բժշկուհի-ֆերմերը:
Բոլոր կենդանիներին անուն է տվել ու տանջվում է, երբ մսատուներին մորթի է ուղարկում: «Մինչեւ հիմա էլ աչքերս լցվում են, երբ հիշում եմ Արջուկ անունով ցլիկիս, թե աղերսող հայացքով ոնց էր վրաս նայում»,- հիշում է Լարիսան:
Կենդանիների սիրահար բժշկուհու տունն ու բակն էլ լիքն են չորքոտանիներով: Շունը, սիամական կատուն, ծովախոզուկը նվեր է ստացել: Ասում է՝ իրեն հաճոյանալ ցանկացողները կռահել են, թե ինչ նվիրեն:
Երջանիկ ապրելու իր բացահայտած «դեղատոմսը» ուկրաինացի բժշկուհին բոլորին է առաջարկում: Ասում է՝ եթե անկեղծ ու ինքնավստահ լինես, երջանկությունն ինքը քեզ կգտնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել