Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՈՐԻ ՈՉ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 05,2011 00:00

\"\"«Ոստիկաններ» սերիալը չի փրկի ոստիկանության համակարգի այն աշխատակիցներին, որոնք կոչված լինելով քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, իրենք են հանցագործություններ կատարում: Այդպիսիներից մեկի քրեական գործի քննությունը ավարտվում է հատուկ քննչական ծառայությունում:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ տեսուչ, ոստիկանության մայոր Ալբերտ Թամրազյանը իր ծանոթ Յուրա Հովհաննիսյանից տեղեկանում է, որ նա բնակարան գնելու ցանկություն ունի: Մայորը 2010թ. մարտի սկզբին նրան առաջարկում է իր օգնությամբ, շուկայականից 50-60 տոկոս ցածր գնով՝ մոտ 32.000-33.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերել հարկադիր աճուրդի հանված Երեւանի Արաբկիրի 37-րդ փողոցի 3/2 շենքի 5-րդ բնակարանը: Յուրա Հովհաննիսյանի համաձայնությունն ստանալուց հետո Ալբերտ Թամրազյանն աճուրդում նրան հաղթող ճանաչելու համար եւ այդ գործընթացի դրական ելքն ապահովող անձանց «մաղարիչ տալու կեղծ պատրվակով» նրանից պահանջում է 1 200 00 ՀՀ դրամ:
Յուրա Հովհաննիսյանը մարտին մաս-մաս նրան է տվել պահանջված գումարը՝ 1 200 000 ՀՀ դրամը, հավատալով «ձեռներեց» ոստիկանին:
Ա. Թամրազյանը Յուրա Հովհաննիսյանին տեղեկացնում է, թե վերոհիշյալ գումարից 500 000 ՀՀ դրամ վերջինիս անունից վճարվել է որպես աճուրդի հանված՝ վերը նշված բնակարանի մեկնարկային գնի 5 տոկոսը կազմող նախավճար եւ նրանից կրկին պահանջում է լրացնել այդ գումարը, իսկ երբ Յուրա Հովհաննիսյանն իր հերթին պահանջում է ցույց տալ նախավճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը, ոստիկանը հրաժարվում է:
Ըստ «Առավոտի» ունեցած տեղեկությունների, Ա. Թամրազյանը Յուրա Հովհաննիսյանին հայտնում է, որ Երեւանի Արաբկիրի 37-րդ փողոցի 3/2 շենքի 5-րդ բնակարանը վաճառվել է, եւ փոխարենն առաջարկում է նույն գնի սահմաններում, դարձյալ աճուրդային կարգով, ձեռք բերել գրավի առարկա հանդիսացող Երեւանի Մամիկոնյանց փողոցի 38-րդ շենքի 7-րդ բնակարանը: Ի դեպ, այդ բնակարանը դեռեւս 2010 թ. ապրիլի 13-ին հարկադիր էլեկտրոնային աճուրդով արդեն իսկ վաճառված էր մեկ այլ քաղաքացու: Այդ մասին ոստիկանը տեղյակ էր:
Մայոր Թամրազյանը, փետրվար-մարտին իր ծանոթ Աննա Նազարյանից տեղեկանալով, որ նրա ընկերուհու եղբայրը՝ Արսեն Մելքոնյանը, ցանկանում է բնակարան գնել, նրան ներկայանալով որպես ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչ, տեղեկացնում է, թե իբր Երեւանի Գայդարի փողոցի 97-րդ շենքի թիվ 82 երկուսենյականոց բնակարանը բանկում գրավ է դրված եւ իր կապերի շնորհիվ կարող է այնպես անել, որ այն 40 000 ԱՄՆ դոլարով հարկադիր աճուրդով օտարվի Արսեն Մելքոնյանին: Ոստիկանը հստակ գիտեր, որ իր ծանոթ Լեւոն Հովհաննիսյանին պատկանող վերոհիշյալ բնակարանը գրավի չի դրված, այլ վաճառվում է 65 000 ԱՄՆ դոլարով: Ա. Մելքոնյանին եւ նրա ընտանիքի անդամներին նորահայտ «բրոքերը» ցույց է տալիս Հովհաննիսյանի բնակարանը, պայմանավորվում է, որ 40 000 ԱՄՆ դոլարից 25 000 ԱՄՆ դոլարն Արսեն Մելքոնյանն իրեն պետք է տա՝ «բեհը», իսկ 15 000 ԱՄՆ դոլարը՝ աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո:
Ծուղակն ընկած Մելքոնյանը, վստահելով Ա. Թամրազյանին, 2010թ. մարտին որդու՝ Արման Մելքոնյանի միջոցով նրան է տալիս 25 000 ԱՄՆ դոլարին համարժեք 9 900 000 դրամը, իսկ մոտ 20 օր հետո (ըստ գործի նյութերի, երբ վերջինս սուտ տեղեկություն է հայտնել, թե իբր աճուրդում հաղթող է ճանաչվել Արման Մելքոնյանը)՝ նաեւ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք 6 000 000 դրամը:
15 900 000 դրամից մայոր Թամրազյանը 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամն օգտագործում է իր անձնական կարիքների համար, իսկ 30 000 ԱՄՆ դոլարը վերադարձնում է քրոջը՝ Վարդանուշ Թամրազյանին, որպես նրանից նախկինում վերցրած պարտքի գումար:
Գումարը ստանալուց հետո Ա. Թամրազյանը Մելքոնյաններին հայտնում է, թե գործարքը չի կայացել` սեփականատիրոջ կողմից վճարումներ կատարելու եւ բանկի կողմից այն աճուրդից հանելու պատճառով: Փոխարենը Թամրազյանն Ա. Մելքոնյանին առաջարկում է նույն՝ 40 000 ԱՄՆ դոլար գնով դարձյալ աճուրդային կարգով ձեռք բերել գրավի առարկա հանդիսացող մեկ այլ բնակարան, որը, սակայն, հարկադիր էլեկտրոնային աճուրդով արդեն իսկ վաճառված էր: Ոստիկանը խաբում է, թե Մելքոնյաններից ստացած 40 000 ԱՄՆ դոլարն իր անձնական 12 000 ԱՄՆ դոլարի հետ միասին տվել է անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող, «HSBC» բանկի աշխատակից Հովհաննես  Սողոյանին:
Գումարը ուտել էր պետք, եւ նա այլուրեքություն ապահովելու նպատակով 2010 թ. օգոստոսի 12-ին Աշտարակ-Եղվարդ մայրուղում՝ նախկինում ձեռք բերված եւ ավտոմեքենայի բեռնախցիկում պահվող ողորկափող հրացանից կրակել է իր «Ջիպ»՝ «Գրանդ Չերոկի Լարեդո» մակնիշի, 18 ՍՏ 757 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:
Թամրազյանն իր հորինած սյուժեն ավելի «դրամատիկ» է դարձնում:
Նա գալիս է «ֆայլաբազար», ծանոթանում ոմն Սուրենի հետ, ով պետք է հանդես գար իբր Հովհաննես Սողոյան: Վերջինիս 100 ԱՄՆ դոլարի դիմաց գրել  է տալիս մի ստացական, ըստ որի, իբրեւ  Հովհաննես Սողոյանը  Ալբերտ Թամրազյանից 52 000 ԱՄՆ դոլար է ստացել: Ոստիկան-սյուժեիստի ստեղծած երեւակայական Սողոյանը խոսում է Ալբերտ Թամրազյանի  հետ: Թամրազյանը խոսակցությունը բջջային հեռախոսով ձայնագրում է եւ հետագայում  տրամադրում է վարույթն իրականացնող մարմնին: Օգոստոսի 12-ին ահա թե ինչու Ալբերտ Թամրազյանը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել հանցագործության մասին, որում որպես հանցագործությունը կատարողների ներկայացրել է իր կողմից հորինված Հովհաննես Սողոյան եւ Արամ Գեւորգյան անձանց՝ հայտնելով, թե իբր Աշտարակ-Եղվարդ ավտոմայրուղում հանդիպել է սեւ «Նիսսան Մուռանո» մակնիշի 18 ՕԼ 665 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանած իր ծանոթ Հովհաննես Սողոյանին, որտեղ էլ գումարային պարտք ու պահանջի հետ կապված վիճաբանություն է եղել, որի ընթացքում վերջինիս ընկեր Արամ Գեւորգյանը նշված ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է որսորդական հրացանն ու վնասելու դիտավորությամբ կրակել իր «Ջիպ»՝ «Գրանդ Չերոկի Լարեդո» մակնիշի 18 ՍՏ 757 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա՝  պատճառելով զգալի չափերի վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել