Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

Ապրիլ 05,2011 00:00

 Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 5,2% գնաճ: Գների բարձր ցուցանիշով առաջին հորիզոնականում է Եղեգնաձորը՝ 2,7%: Երեւանում գնաճը կազմել է 0,5%: Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, ցուցանիշները ստացել են միջազգային չափորոշիչներին համապատասխան գործիքներով՝ 11 բնակավայրում տնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարելու արդյունքում:
Երեկ ԱՎԾ ներկայացուցչի հետ քննարկմանը Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը նշեց, որ իր հաշվարկներով՝ գնաճը առնվազն երկու անգամ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալներն են ցույց տալիս. «Ձեր ասած տնային տնտեսությունը լղոզված հասկացողություն է, կա տնտեսություն, որն ապրում է 3 հարկանի շենքում, կա տնային տնտեսություն, որն ապրում է թոշակի հույսով: Բայց խոսքը գնում է 1,1 միլիոն անապահով մարդկանց մասին, որոնց համար գնաճը խիստ բարձր է»:
Պարոն Մեսրոպյանի խոսքով՝ վերջին տարիներին կտրուկ բարձրացել է սոցիալապես անապահով խավի քանակը: Եթե 2008-ին հանրապետությունում աղքատության շեմը կազմում էր 23%, ապա 2010-ին՝ 34,1%. «1,1 միլիոն մարդ օգտվում է պարենային ու ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից: Եթե պարզապես այդ ապրանքացուցակի գները հաշվենք, ապա կտեսնենք, որ գնաճը 2010-ին 25%-ից բարձր է եղել»:
ԱՎԾ ներկայացուցիչն էլ շտապեց տեղեկացնել, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, որոշ ապրանքատեսակների գներ նույնիսկ նվազել են. 0,1%-ով նվազել են մսամթերքի, 0,2%-ով՝ մրգի ու 0,4%-ով ձվի գները: Պարոն Մեսրոպյանն էլ կատակեց, թե՝ ձու ասելով պետք է միայն նկատի ունենալ հավի ձուն, այն անհամեմատ ավելի մեծ կիրառություն ունի մյուս ձվերի համեմատ: Մեկ ամսվա ընթացքում թանկացած ապրանքներից էլ ԱՎԾ գների վիճակագրության բաժնի պետն առանձնացրեց ալյուրը, որը թանկացել է 4%-ով, կարագը՝ 4,1%-ով, սուրճը՝ 2%-ով, կարտոֆիլը՝ 7,2%-ով: Պարոն Մեսրոպյանն էլ հավելեց. «Եվրոպայում գնաճ է սկսվել, շուտով մեր գնաճը Եվրոպայով կբացատրենք: Էներգակիրների ու սննդամթերքի գները աշխարհում գնալով աճում են, ու քանի որ Հայաստանը ներկրող երկիր է, ցանկացած դրսի փոփոխություն մեզ վրա ազդելու է, ընդ որում, եթե դրսում 1%-ով գները բարձրանան, մեզ մոտ էլ կբարձրանան, եթե իջնեն, մեզ մոտ կմնան էլի բարձր: Հույս չկա, թե Հայաստանում գնաճը լինելու է կառավարելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել