Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջեմալ փաշայի թոռը ցավում է

Ապրիլ 05,2011 00:00

Ինչպես ԱՄՆ-ից տեղեկացնում է մեր գործընկերուհի Աննա Հակոբյանը՝ ՀԲԸՄ Ասպետների հրավերով Լոս Անջելեսում էր գտնվում թուրքական «Միլիյեթ» թերթի սյունակագիր Հասան Ջեմալը՝ Ջեմալ փաշայի թոռը: Նա մարտի 31-ին մասնակցում էր ՀԲԸՄ Ասպետների կազմակերպած հանդիպմանը, որը կայացել է USLA սրահում: USLA-ն Լոս Անջելեսի համալսարաններից է, որտեղ Ռիչարդ Հովհաննիսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայկական ստուդիայի եւ պատմության ամբիոնի վարիչն է: Հանդիպմանը, Հասան Ջեմալից եւ Ռիչարդ Հովհաննիսյանից բացի, մասնակցել է նաեւ Ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռնուհին: Ըստ մեր գործընկերուհու՝ հանդիպումը նախատեսված էր երեկոյան ժամը ութին, բայց արդեն ժամը յոթից դահլիճում տեղ չկար, եւ շատ-շատերը մնացին դրսում: Հասան Ջեմալն իր խոսքը սկսել է հայերեն՝ դիմելով ներկաներին «սիրելի բարեկամներ», եւ ասել է, որ ինքը տեղի ներկաներին իրենց նախնիների երկրից՝ Անատոլիայից բարեւներ է բերել:
Մեր գործընկերուհու տպավորությամբ՝ դահլիճը շատ լարված էր, Հասան Ջեմալն էլ լարված էր, բայց, չկորցնելով ինքնատիրապետումը, խոսել է հայերի վշտի, ցավի, կորուստների մասին, մի քանի անգամ կրկնել է, որ Ցեղասպանություն է եղել, բայց ցավ է հայտնել, որ ինքը թուրքական կառավարությունը չի  ներկայացնում եւ կառավարության անունից ոչինչ չի կարող ասել: Ներկաներին տեղեկացրել է եւ լուսանկար է ցույց տվել, թե ինչպես է ինքը երեք տարի առաջ Երեւանում այցելել Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ դրել: Երեւանում եղած ժամանակ հանդիպել է իր պապին սպանողի թոռնիկին, որի հետ բարեկամացել են: Ասել է, որ ինքը միշտ Հրանտ Դինքի կողքին է եղել, հիշել է, թե ինչպես է Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ Դինքի հիշատակին նվիրված միջոցառման մասնակցել, որի ժամանակ ինքը եւ իր նման հարյուր հազարավոր թուրքեր ինչպես էին լալիս:
Հասան Ջեմալը տեղեկացրել է, որ ինքն առաջին անգամ Ցեղասպանության մասին սկսել է հետաքրքրվել 1972-ին, երբ ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետ սպանվեց, որն իր ընկերն էր: Ըստ Աննա Հակոբյանի՝ խոսելու ընթացքում Հասան Ջեմալը ծանր հեւում էր եւ ասել է, որ իր համար շատ դժվար է լինել այսքան հայերի մեջ, այն էլ՝ միայնակ: Ի դեպ, երբ մի քանի անգամ Անատոլիա է ասել, Ռիչարդ Հովհաննիսյանը նկատողություն է արել, ասելով, որ դա պատմական Հայաստանն է:
Իր ծագումից խոսելով՝ Հասան Ջեմալն ասել է, որ իր երակների մեջ կովկասյան արյուն կա, իսկ իր հորաքույրը երկար ժամանակ վախենում էր Ջեմալ ազգանունը կրելուց, իրեն էլ են քանիցս զգուշացրել, որ ճանապարհորդելիս զգույշ լինի, հատկապես՝ Բեյրութ, Դամասկոս, Հալեպ… Ի լրումն՝ տեղեկացրեց, որ իր հարազատ քաղաքում թիկնապահով է շրջում:
Հասան Ջեմալից հետո խոսել է Մորգենթաուի թոռը, որը ցեղասպանություն բառը չի օգտագործել՝ ի տարբերություն իր պապի, եւ քարոզել է եղբայրություն եւ բարեկամություն հայերի եւ թուրքերի միջեւ՝ օրինակ բերելով հրեաներին եւ գերմանացիներին: Բնականաբար, այս տիկնոջ ելույթը Ցեղասպանության ենթարկվածների ժառանգների կողմից վատ է ընդունվել, ներկաները նույնիսկ հետաքրքրվել են՝ արդյոք նա ծանո՞թ է իր պապի վկայություններին…
Ըստ Աննա Հակոբյանի՝ շատ ազդեցիկ էր Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքը, որը ասել է, թե առաջին անգամ 19 տարեկանում է թուրք տեսել, եւ դա իր համար անմոռանալի է, եւ ինքը հարց է տվել՝ արդյոք թուրքերը դեռ շարունակո՞ւմ են սպանել հայերին: Խոսելով Ջեմալ փաշայից՝ Ռ. Հովհաննիսյանն ասել է, որ թուրքերն ամեն կերպ փորձում են արդարացնել նրան՝ ասելով, որ նա ներկա չի եղել ջարդերի ժամանակ, եւ որ թուրքական կառավարությունը ամեն կերպ փորձ է անում Ջեմալին որպես մարդասեր ներկայացնել՝ պնդելով, թե նա 150 000 հայ որբերի եւ նրանց մայրերին տեղավորել է որբանոցներում: Սակայն շեշտել է, որ այդ որբուկներից եւ ոչ մեկը հետագայում չի վերադարձել իր արմատներին, նրանք բռնի թրքացվել են՝ փոխելով կրոնը՝ «իսկ բռնի կրոնափոխությունն արդեն իսկ ցեղասպանություն է»:
Հարցուպատասխանի ժամանակ Հասան Ջեմալից ներկաները հետաքրքրվել են հողերի վերադարձի եւ Ցեղասպանության ճանաչման մասին, վերջինս, բնականաբար, չի կարողացել այդ հարցին լիարժեք պատասխան տալ, սակայն ասել է, որ այս տարի Ստամբուլում նախատեսվում է նշել Ցեղասպանության տարելիցը, որ թուրք ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է եղել 96 տարի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել