Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԵՍԸ՝ «ՏԱՇԻՐԻՆ»,«ՀԱՂԹԱՆԱԿԸ»՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Ապրիլ 05,2011 00:00

\"\" Քաղաքապետարանը սպասում է գործարարների ներդրումային կոնկրետ առաջարկներին, վարձակալներն էլ՝ իրենց կարգավիճակին:

Ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը առաջիկայում մեծ ծավալների ներդրումներ կանեն մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, կառուցապատման, հանգստի գոտիների ու կանաչ տարածքների ստեղծման եւ մի շարք այլ ուղղություններով: Երեւանի քաղաքապետարանն արդեն երկարաժամկետ համագործակցության պայմանագիր է կնքել «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հետ: Բացի այն, որ նախատեսվում է Երեւանի կենտրոնում կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուրանոց, ավարտել «Dalma garden» առեւտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առեւտրի ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, նախատեսվում է նաեւ Երեւանի կրկեսի վերակառուցումն ու արդիականացումը: Առայժմ կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն ու «Տաշիր գրուպի» նախագահը ակտիվ բանակցում են: Պարոն Պետրոսյանը խոստացավ մանրամասները մեզ ներկայացնել առաջիկայում՝ բանակցություններն ավարտվելուց հետո: Քաղաքապետարանում էլ դեռ սպասում են կրկեսում ներդրումներ անելու՝ գործարարի կոնկրետ առաջարկին:
«Սա լուրջ քաղաքաշինական ծրագիր է, ու քաղաքապետարանը բոլոր առումներով աջակցելու է: Սպասում ենք ներդրումային կոնկրետ առաջարկի, որը կմշակի ու կներկայացնի «Տաշիր գրուպ» ընկերությունը: Հետաքրքիր բիզնես է, ու քաղաքը կարիք ունի մեծ համալիր կրկեսի, որը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին: Ակնհայտ է, որ այսօրվա կրկեսը ունի թե՛ ֆինանսական միջոցների, թե՛ փորձառու մասնագետների պակաս: Եթե ամեն ինչ նորմալ հունով ընթանա, 2-3 տարում կունենանք վերակառուցված ու հետաքրքիր կրկես»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը:
Նրա տեղեկացմամբ, կրկեսից բացի, առաջիկայում կարդիականացվի նաեւ Հաղթանակի զբոսայգին. այստեղ ներդրումներ անելու առաջարկով հետաքրքրված է գործարար Ռուբեն Վարդանյանը. «Քաղաքապետարանը չի ցանկանում եւս մեկ կանաչ գոտի կամ եզակի մնացած եւս մեկ հանրային հատված բիզնես- գործարարին նվիրաբերել, ուղղակի տեսնում եք, թե ինչ վիճակում է այգին, եկել է լուրջ ներդրումներ անելու ժամանակը: Ունենալու ենք տարածաշրջանում եզակի ժամանցի ու հանգստի վայր՝ խթանելով տուրիզմի զարգացումն ու նոր աշխատատեղերի ավելացումը: Ներդրումային ծրագրի արժեքը մոտ $60 միլիոն է, շինարարության ընթացքը՝ 2-3 տարի»:
Քաղաքապետարանում դեռ չեն խոսում այգու վարձակալների ճակատագրի մասին, նշելով, թե ամեն ինչ պարզ կդառնա բանակցություններից հետո: Այգու 20 վարձակալները առայժմ անորոշ վիճակում են, իսկ այգում գործող «Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն Թորոս Ումրիկյանը նման լուրերի չի ուզում հավատալ. «Մեզ հետ նման հարցեր չեն քննարկում, բայց դե, բնականաբար, ներդրողը չի անհանգստանալու մեր ճակատագրով: Դեռ 20 տարի էլ կա իմ պայմանագրի ավարտին, ու ես կատարում եմ իմ պայմանագրային պարտավորությունները, ինձ դեռ չեն ասել, թե պայմանագիրս խզվել է, բայց գուցեեւ ասեն, ես դեռ շարունակում եմ աշխատել»: Պարոն Ումրիկյանին զարմացրել է, որ ռուսաստանաբնակ գործարարի ներդրումային առաջարկին շատ կարճ ժամկետներում հավանություն տվեցին. «Մեր ընկերությունը մի քանի միլիոնի հասնող ներդրումային ծրագիր էր ներկայացրել, բայց այն արդեն երկու տարի է՝ հավանության չի արժանանում, քաղաքապետարանից հիմնավորում են, թե այլ ծրագրեր են նախատեսել»:
Դիլիջանում օտարալեզու դպրոց հիմնելու նախագծից բան դուրս չեկավ, հիմա էլ անցել է զբոսայգուն: Ռուբեն Վարդանյանի ներդրումային նոր նախագծի մասին այս կարծիքին է նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը. «Երեւի իշխանություններն ուզում են գործարարի սիրտը շահել, նրա ծրագրերը Դիլիջանում տապալվեցին, հիմա էլ նոր հնարավորություն են տալիս: Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց համար ամենամեծ երազանքը փող աշխատելն է, դպրոցի հետ կապված խայտառակ պատմությունն արդեն ամեն ինչ ասում է: Նրանց բարեգործական ձգտումներին, ճոռոմախոսությանը չեմ հավատում: Եթե իրենց բարեգործ են հռչակում ու ներդրում են ուզում անել, թող գնան գյուղերում անեն: Երեւանում զբոսնելու տեղ, այգի չի մնացել, թող Հաղթանակի զբոսայգին լուսավորեն ու չկառուցապատեն, մարդկանց պարզապես ազատ քայլելու հնարավորություն տան»: Բնապահպան Կարինե Դանիելյանի տեղեկություններով էլ, այգում դիսնեյլենդ են կառուցելու. «Դեմ չենք, բայց ծրագրի մասին դեռ չեն մանրամասնում ու, չգիտես ինչու, գաղտնի են պահում: Քաղաքապետարանն ու Ռուբեն Վարդանյանը պարտավոր են լայնորեն տեղեկացնել ծրագիրը, որ տեսնենք՝ ինչ են ուզում անել, գուցե լավ ծրագիր է՝ ծառերն ու կանաչ տարածքներն են ավելանալու, իսկ գուցե ճիշտ հակառակն է տեղի ունենալու՝ եղած ծառերն էլ են հատելու»: Տիկին Դանիելյանն ասաց, որ բնապահպանների հետ քննարկման ժամանակ քաղաքապետը խոստացել է, որ հանրային լսումներ են լինելու այգում ներդրումներ անելու կապակցությամբ. «Բայց այլ այգիների օրինակով պետք է նշեմ՝ փորձը ցույց է տալիս, որ լսումներ չեն արվում, հետո էլ կեղծ ստորագրություններ են հավաքում, իբրեւ թե ամեն ինչ տեղի է ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել