Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-4

Ապրիլ 05,2011 00:00

Եթե մրցութային առաջարկներն իրարից արտագրելու այս էլ երկրորդ դեպքը մենք ենք նկատում՝ հնարավո՞ր է ենթադրել, որ դրանք չեն նկատել ՀՌԱՀ 8 անդամները, հատկապես նրանք, ովքեր «Ա1+»-ին զրո նշանակելով՝ պնդում էին, թե գործել են բացառապես օրենքով:

\"\"

«Աբովյան» հեռուստախմբագրության մրցութային առաջարկից է:

\"\"
«Կենտրոն» հեռուստաընկերության մրցութային
առաջարկից է:

Թե ուզում ես
փաստաթղթերը չքննեն՝ եղի՛ր պետականամետ

2010 թվականի հոկտեմբերի 1-ին՝ մրցույթից առաջ կայացրած որոշմամբ «Արփաինֆորմ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր, Երեւանի բնակիչ Գարիկ Բադալյանը Վայոց ձորի մարզում թվային հեռարձակման ցանցով հեռարձակվող հեռուստաընկերություն ստեղծելու եւ դրա հետագա զարգացման նպատակով մասնավորապես որոշել է. «Վերցնել 182 500 000 դրամի չափով բիզնես վարկ «Frunzik International limited» ընկերությունից»: Շատ հայկական անուն է, այնպես չէ՞: Բայց որքան էլ զարմանալի է՝ այն, ըստ տրված փաստաթղթի՝ գրանցված է օֆշորային գոտում՝ Trident Chambers, P. O. Box, 146, Road Town Tortola հասցեով, հաշվեհամար ունի Շվեյցարական բանկում, իսկ 500 հազար դոլարի փոխառության վերաբերյալ 2010 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագիրը ռուսերեն է: Մեր ՀՌԱՀ-ի համար պետք է թերեւս առիթ լիներ նույն ձեւակերպման, ինչպես «Ա1+»-ի վերաբերյալ որոշման մեջ են նշել. «Վերոշարադրյալը հիմնավոր կասկածներ է առաջացրել ներկայացրած տվյալների տեղեկությունների իսկության վերաբերյալ», եւ փորձեին այդ կասկածները փարատելու համար հարցումներ ուղարկելով պարզել՝ ո՞վ է այդ «Ֆրունզիկ Ինթերնեյշնըլ»-ը, հավատարժա՞ն է դրա տված հավաստագիրը: Սակայն հայտնի չէ՝ արդյոք արվե՞լ է նման հարցում:
Թերեւս այս դեպքում նման մանրակրկիտ քննության անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ մրցութային առաջարկից դատելով՝ «Արփաինֆորմ»-ի հետեւում յուրայիններ են. «Սույն գործարարության ծրագրի կատարողն է հանդիսանում «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն»: Եվ հեռուստաընկերության առաջնային նպատակ են հռչակել մասնավորապես՝ «Ստեղծել պետության եւ հասարակության շահերին չհակասող այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի կառնեն հասարակության տարբեր շերտերի տարիքային, քաղաքական, ազգային եւ այլ առանձնահատկություններ»: Անգամ որպես լրատվական հաղորդումների նյութ նշվում է. «Կտրվեն պարզաբանումներ եւ մեկնաբանություններ ընդունված օրենքների եւ շրջանառության մեջ դրված նախագծերի վերաբերյալ: Լրատվական տեղեկատվական հաղորդումների նպատակն է մարզի ազգաբնակչությանը իրազեկել պետության կողմից վարվող քաղաքականության, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում իրականացվող եւ իրականացվելիք քայլերի մասին»: Նման շեշտադրումներ արվել են անընդհատ: Ասենք. տեղական-սոցիալական թեմաներով հաղորդումների մասին գրել են. «Մեր խնդիրն է ոչ միայն պարզաբանել պետության կամ մարզի կողմից վարվող սոցիալական քաղաքականությունը, այլեւ նպաստել ճիշտ շեշտադրումներ կատարելուն», հասարակական-քաղաքական հաղորդումների մասին մանրամասնել են. «Պետություն, պետականություն-այս առանցքի շուրջ միահյուսվող այն բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են հասարակությանը եւ ունեն հասարակական բարձր հնչեղություն: Ներքաղաքական իրողություններ, քաղաքական կուլտուրա եւ հանդուրժողականություն կարեւոր հարցերի նկատմամբ»: Թերեւս նման մեջբերումների առատությունն է պատճառը, որ ՀՌԱՀ-ը բավական հանդուրժողաբար է վերաբերվել ոչ միայն վերոհիշյալ կասկածահարույց փաստաթղթին, այլեւ այն հանգամանքին, որ մրցութային այս առաջարկում չկան օրենքով հաղթողի ընտրության համար սահմանված մի քանի չափորոշիչների՝ օրինակ, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ տվյալներ:
Եվ էլի՝ գրագողություն
«Աբովյան» հեռուստախմբագրություն ՍՊԸ-ի առաջարկում (հիշեցնենք, որ այն մրցույթում հաղթեց «Սիրակ» ՍՊԸ-ին) էլի հայտնաբերեցինք ապացույցներ միմյանցից արտագրելու մասին: Նախ նկատենք, որ «Աբովյանը» նախապես է իմացել, թե ով է լինելու իր մրցակիցն այս մրցույթում, քանի որ առաջարկի 20-րդ էջում նշել է մրցակցի հանդեպ առավելությունները, եւ մասնավորապես՝ «Մրցակցի նկատմամբ հիմնական առավելություն է համարվում նաեւ մեր եթերով լրատվական թողարկումների ժամանակ նախագահական նորությունների հեռարձակումը: Վերջինս միայն «Աբովյան» հեռուստաընկերությանն է տրամադրվում նախագահի լրատվական բաժնի նախաձեռնությամբ», «Միայն մեր եթերի միջոցով ազգաբնակչությունը բացառիկ հնարավորություն ունի հաղորդակցվելու մեր տարածաշրջանի կողմից ընտրված ԱԺ պատգամավորի հետ»: Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է:
Հիշեցնենք, որ մարզային հեռուստաընկերություններն իրենց հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ՀՌԱՀ ներկայացնեին հոկտեմբերի 17-27-ը: Նրանցից մեկ շաբաթ ավելի շուտ՝ հոկտեմբերի 10-20-ը նույնը պետք է անեին հանրապետական ու մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունները: Բոլորի մրցութային առաջարկները պետք է լինեին կնքված, եւ դրանց պարունակությունը, ենթադրվում է, պետք է անհայտ լիներ որեւէ երրորդ անձի: Բայց ահա այս մրցութային առաջարկի 7-րդ էջում կարդում ենք. «Աբովյան» հեռուստաընկերության գործունեության համար հիմք են ծառայել բարոյահոգեբանական սկզբունքներն ու նորմերը, հայ ժողովրդի ավանդական արժեքները: Իմաստային լայն առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումներն ունեն լավատեսական բնույթ եւ հույս են ներշնչում հեռուստադիտողին»: Սա էլի «Կենտրոն» հեռուստաընկերության մրցութային առաջարկի 15-րդ էջից փոքր-ինչ ձեւափոխված «փոխառություն» է, որը նաեւ «Ֆորտունան» էր մեջբերել՝ անփոփոխ. «Հեռուստատեսային գործունեության քաղաքականության հիմքում ընկած են բարոյական սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաեւ հայ ժողովրդի ավանդական արժեքները: Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»:
«Աբովյանի» առաջարկում եւս մի հաստատում կա, որն էլի կարդացել ենք այլ առաջարկներում. «Հեռուստաընկերության ծրագիրը օրենք է մեր հեռուստաընկերության յուրաքանչյուր աշխատակցի համար: Այն խախտվում է միայն ծայրահեղ դեպքերում»: Էլ չենք ասում ներքոհիշյալ պնդումների մասին, որոնք նույնությամբ արդեն այնքա՜ն առաջարկներում ենք ընթերցել, որ զգալի ծավալ կկազմեր անվանումների թվարկումը միայն. «Աբովյան» հեռուստաընկերության հեռուստահաղորդումների հիմքում կլինեն համամարդկային արժեքները, արդարության, մարդու իրավունքների, հանդուրժողականության, բազմակարծության սկզբունքները»: Լավ, ինչու հատկապես այդ սկզբունքներն են բոլորը վերհիշել ու գրեթե նույն հաջորդականությամբ: Եվ հնարավո՞ր է ենթադրել, որ ՀՌԱՀ անդամները չէին նկատել այս նույնականությունը: Չնկատել հնարավոր է, եթե նրանք ընդհանրապես չեն կարդացել այս առաջարկները: Կամ էլ՝ գուցե նկատել են, սակայն քաղաքական կամ այլ նպատակահարմարությամբ ձեռնտու չի եղել բարձրաձայնել այս մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել