Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓՈԽԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 05,2011 00:00

 Անդրադառնալով այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակմամբ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար՝ «Ֆորում» իրավունքի կենտրոն Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտի» ուշադրությունը հրավիրեց, որ ՀՀ նախկին նախագահը փոխել է մարտավարությունը եւ ի տարբերություն իր պաշտոնավարման շրջանի՝ այժմ պատասխանատվության է կանչում իր մասին հրապարակումների համար: «Սա նախ նշանակում է, որ լրագրողները բաց են թողել պահը,- ասաց պրն Տեր-Եսայանը:- Եվ հետո՝ կարելի է ասել, թե այսօր նա ավելի ճիշտ ճանապարհի վրա է, քան այն ժամանակ, երբ հանրապետության ղեկավարն էր: Պետության առանցքն է իրավական դաշտը: Եվ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք պետք է ամրապնդեր իրավական այդ հարթությունը: Ցանկալի կլիներ, որ այն ժամանակ հիմքերը ճիշտ դներ, քան թե հիմա, երբ այլեւս պատասխանատվություն չի կրում»:
Մեր դիտարկմանը, որ եթե որպես ՀՀ նախագահ հայցեր ներկայացներ ԶԼՄ-ների դեմ՝ սա կդիտվեր որպես իշխանության կողմից հետապնդում, իսկ հիմա նա ուղղակի «ամենաերիտասարդ թոշակառուն» է՝ Տիգրան Տեր-Եսայանը հակադարձեց. «Ո՛չ, նա այժմ էլ, որպես քաղաքական գործիչ, հասարակության ուշադրության կենտրոնում է: Եվ այսօր նա ինչ-որ չափով անում է այն գործողությունը, որի հիմքերը պետք է գցեր նախկինում: Ես չգիտեմ՝ իրավական առումով որքանով են ճիշտ կամ սխալ Քոչարյանի առաջադրած պահանջները, բայց ողջունելի է, որ դիմում է դատական համակարգին»:
Այս ամենով հանդերձ՝ հավելեց. «Պետք չէ դրոշներ թափ տալ ու փորձել Մարիամի պես կույս ներկայանալ, երբ պետությունը հասցրել ես այս ողորմելի վիճակին: Ավելի ճիշտ կլիներ նախագահ եղած ժամանակ իրավունքի պաստառ լիներ, քան այսօր՝ դրոշակակիր, երբ այլեւս նախագահ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել