Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հետ ողորմեա»

Ապրիլ 05,2011 00:00

Հայրիկյանը լրջորեն զբաղվել է պատմական հարցերով

Մի քանի օր առաջ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հրավիրվել էր գլխավոր դատախազություն: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Հայրիկյանը երկարատեւ զրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երեկ Հայրիկյանից փորձեցինք ճշտել այցի եւ զրույցի մանրամասները: Պարզվում է՝ դեռ մեկ ամիս առաջ Հայրիկյանը երկու դիմում էր գրել դատախազություն: Դրանցից մեկը վերաբերում է Աշոտ Նավասարդյանի դատապարտմանը՝ իբրեւ պետական հատուկ վտանգավոր կրկնահանցագործի: «Այն ժամանակվա օրենքներով Աշոտին չէր կարելի մեղադրել հակասովետական գործունեության մեջ, որովհետեւ այդ հոդվածաշարն ուղարկելիս ես ամեն ինչ այնքան էի համապատասխանեցրել սովետական օրենսդրությանը, որ նման մեղադրանք ներկայացնող իշխանավորները պետք է իրենց դիրքը չարաշահեին: Աշոտին դատել են որպես հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա անող, բայց այդ փաստաթղթերում հակասովետական ոչ մի բառ չկար. անկախությունն էլ, հանրաքվեն էլ բխում էին սովետական սահմանադրությունից: Աշոտին այն ժամանակ մեղադրող բոլոր մարդիկ, այդ դատական գործի մասնակիցները հանցագործներ են նաեւ այն ժամանակվա օրենքներով: Նրանք այդ ժամանակ չհասան իրենց նպատակին՝ իրենց համար անցանկալի մարդուն ամենածանր հոդվածով ոչնչացնել, հետո՝ հասան: Անկախ իմ եւ Աշոտի հետագա, նաեւ՝ կուսակցական տարբեր ուղղություններից, Աշոտն իմ զինակից ընկերն է եղել, իմ եղբայրն է եղել»,- ասում է Հայրիկյանը եւ պահանջում, որ այդ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն: Դատախազն ու նրա օգնականը վկայակոչել են վաղեմության ժամկետը եւ պարզաբանել, որ հարցը կարելի է միայն բարոյական հարթությունում քննարկել: Հայրիկյանն այժմ փորձելու է հարցը դիտարկել այլ հարթությունում՝ հանցագործություն մարդկության դեմ, ինչը վաղեմության ժամկետ չունի. «Հայաստանի անկախության գաղափարի համար մարդուն դատելը նշանակում է հայ ազգի ազատ ապրելու իրավունքի դեմ ոտնձգություն, որը հավասարազոր է ցեղասպանության, ինչը մարդկության դեմ գործած հանցագործություն է»:
Հայրիկյանի մյուս դիմումը վերաբերում է ՀՀ ԳԽ 1991 թվականին տեղի ունեցած մի արտահերթ նիստի տեսագրությունների բացակայությանն ազգային գրապահոցում: Հայրիկյանն այդ նիստի սիրողական տեսագրությունն ունի, փորձել է ստանալ պրոֆեսիոնալ տեսագրությունը կամ ձայնագրությունը եւ պարզել, որ այն չկա: Սույն փաստը նա համարում է ծանր հանցագործություն՝ պատմական կարեւորագույն փաստաթղթերի ոչնչացում, եւ պահանջում է, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն մեղավորները: Խոսքը մի նիստի մասին է, որտեղ քննարկվել է ԱԻՄ-ի պահվածքը, որը տարբեր հիմնավորումներով վերցրել էր այն ժամանակ քաղաքային կոմիտեին պատկանող շենքը. «ՀՀՇ-ն իրար էր անցել, դատախազությունը մեկ շաբաթ ժամկետ էր տվել, հետո դա համարել էին հանցավոր մոտեցում եւ հրաման էին տվել գիշերով ԱԻՄ-ի վրա հարձակվելու: 50-ից ավելի ԱԻՄ-ականներ բանտերում էին, եւ այդ իրադարձությունների շուրջ էին տվյալ արտահերթ նիստում ընթանում քննարկումները: Հետաքրքիրն այն է, որ պատգամավորներից շատերն ասում են, թե ՀՀՇ-ի շենքն էլ է վերցված. դա ի՞նչ պատճառ է, որ այդ առիթով արտահերթ նիստ եք գումարում: Եվ եթե այդ ամենում հանցագործություն կա՝ դա դատախազության գործն է, ինչո՞ւ եք պառլամենտը վերածել դատարանի»,- վերհիշում է Հայրիկյանը՝ հավելելով, որ նիստի ընթացքում պարզվում է հիմնական պատճառը. «ԱԻՄ-ը կոչ էր անում երիտասարդներին չգնալ խորհրդային բանակ եւ կառավարությունից պահանջում է անմիջապես բանակ ստեղծել»: Այլ մանրամասնություններ վերհիշելով՝ Հայրիկյանն արձանագրում է. «Հետաքրքիր է Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքը. սեղանին չկա, թե ինչ փաստաթուղթ է քննարկվում, վերջում նա կարդում է մի տեքստ, թե այս անգամ բավարարվենք ԱԻՄ-ին նախազգուշացնելով»:
Դատախազությունը, առայժմ բանավոր, պատասխանել է, որ չկա նման օրենսդրական դաշտ, որը կպարտադրի ձայնա կամ տեսագրությունների պարտադիր պահպանում, հետեւաբար ոչ ոք չի կարող պատասխանատվության կանչվել: Ասվել է նաեւ, որ պետական արխիվում պահպանվում է վիճելի նիստի արձանագրությունը: Հայրիկյանը խոստանում է ստուգել դրա ճշմարտացիությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել