Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՑԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ

Ապրիլ 05,2011 00:00

\"\"Սոցցանցում բանը հասել է «Մարտի 1»-ի սրբագրումներին

Ընդդիմադիր քաղաքական երկու ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» ակտիվի միջեւ առավելապես մարտի 17-ից ծայր առած հեռակա, այդ թվում՝ Facebook-ային բանավեճն ու փոխադարձ մեղադրանքները հասել են իրենց գագաթնակետին՝ ավիրելով իրենց ճանապարհին եղած բոլոր արգելապատնեշներն ու բարոյականության նորմերը: Հիմա արդեն կոնգրեսականները ոչ միայն «Ժառանգության» ներկայացուցիչներին, այլեւ այլոց հասցեին են հայհոյանքներ տեղում՝ ինչպիսին, օրինակ, կոնգրեսական այս ակտիվիստի գրառումն է՝ «Մի քիչ հանդուրժող, մի քիչ ընդդիմադիր, մի քիչ արդար, մի քիչ չհասկացող, մի քիչ այլ կարծիք ունեցող՝ մի քիչ ձեր մաման…», որին, ի դեպ, «լայքողներ» էլ են եղել: Դեռ ավելին, բանը հասել է նրան, որ «Ժառանգության» ու ՀԱԿ-ի ակտիվը, թերեւս, սպառելով քաղաքակիրթ բանավեճ ծավալելու իրենց զինանոցային գործիքները, լծվել են մարտիմեկյան դրամատիկ իրադարձությունների նորովի «հետաքննությանն» ու «բացահայտումներին»՝ սեփական հարմարության խմբագրմամբ:
Ահավասիկ, Facebook սոցցանցում Կոնգրեսի ներկայացուցիչներից մեկն այսպիսի դիտարկում է արել. «Ինչքան 2008 թվականի մարտի մեկը հեռանում ա, էնքան մարտի 1-ի «հերոսների» թիվը ավելանում ա, բայց, չգիտես ինչի, էդ օրվա «հերոսները» ոչ մի զրկանք չեն կրել, դեռ ավելին՝ իրենց փամփլիկ տուտուզներով լպստում են իշխանությունների կերակրատաշտը ու ծոմ պահում…»: Ու շարունակել՝ «հետաքրքիր ա՝ ո՞ւր էին մեծ-մեծ փրթողները մարտի 1-ի երեկոյան, երբ մարդ էին սպանում, կամ էլ փետրվարի 19-ից մինչ մարտի 1-ը գոնե 1 օր անցկացրե՞լ են Ազատության հրապարակում կամ որեւէ հանրահավաք կազմակերպե՞լ են: Բա որ ասում եմ փուչիկի ժառանգություն եք, երբեմն չեք հավատում… Կամ էլ մարտի 1-ի ցերեկը, երբ ոստիկանները փորձում էին պրովոկացիա սարքել… Կամ էլ մարտի 1-ի առավոտյան, երբ Ֆրանսիայի դեսպանության մոտ մարդ էին ծեծում… ու սենց շարունակ: Թե՞ ձեր գործը մենակ զոհերի, քաղբանտարկյալների ու խոշտանգվածների վրա ՊՌ անելն ա: Որոշ մարդիկ սեփական տուտուզը քերծել էին ու նենց էին սարքել, որ, իբր, իրանց դանակով խփել են, որ հետո հերոսանան, բայց ես Մարտի 1-ին հա՛մ ներկա եմ եղել, հա՛մ բոլոր վիդեոները նայել, ոչ միայն դանակով մարդ չի եղել, այլ նաեւ տուտուզը քերծող էլ չի եղել»: Խոսքն ընդհանուր առմամբ ուղղված է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու կուսակցության անդամներին, իսկ վերջին դիտարկումն էլ՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, ում մարտիմեկյան դեպքերի ժամանակ քաղաքապետարանի շենքի մոտ դանակահարել էին: Ավելի ուշ հենց ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իր դանակահարությունը իշխանությունների գործակալների կողմից սադրանք է եղել: Ավելին, անկախ ոմանց կծու հարցադրումներից, բազմաթիվ տեսագրություններով ու վկայություններով ամրագրված փաստ է, որ «Ժառանգության» պատգամավորները 2008-ի մարտի 1-ի առավոտյան եղել են ֆրանսիական դեսպանատան մոտ, ավելին՝ Անահիտ Բախշյանը փորձել է իշխանությունների ու ոստիկանների հետ բանակցել նաեւ նախկին Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի միջոցով՝ հավաքվածներին զերծ պահելու համար ոստիկանության ոտնձգություններից: Փաստ է նաեւ, որ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանն այդ օրը եղել են ոստիկանության Կենտրոնի եւ այլ բաժիններում՝ փորձելով օգտակար լինել ձերբակալված ընդդիմադիրներին: Ու հիմա այս ակնհայտ ճշմարտությունները կասկածի տակ առնելն ու դրանով մրցակից թիմին, իբր, հարվածելը, թերեւս, բարոյական չէ:
Կոնգրեսականի հիշյալ հարցադրումներին մեկը՝ ոչ «ժառանգական», այսպես էր հակադարձել. «Պաշտոնապես հայտարարում եմ բոլորիդ. մարտի 1-ին, առավոտյան ժամը 11-ից մինչեւ 13-ը, մոտ 50 հոգով պահել ենք Ֆրանսիայի դեսպանատունը՝ մինչեւ մնացածը հավաքվել են: Անձամբ եմ տեսել «Ժառանգության» պատգամավորներ Անահիտ Բախշյանին, Ստեփան Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, Արմեն Մարտիրոսյանին: Արմեն Մարտիրոսյանի դանակահարվելն էլ տեսել եմ, ու տեսա, թե ոնց տարան»: Նույն այս մեկնաբանը նաեւ հակադարձել էր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի այն հայտարարությանը, թե, իբր, ՀԱԿ առաջնորդը մարտի 1-ին իրեն ասել է, որ ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքվածը «իմ ժողովուրդը չէ». «Չեմ հավատում, որ պապին տենց բան ա ասել: Չեմ հավատում, որ որեւէ մեկն էդ օրը ընդդիմությունից մուտիտ ա արել՝ լինի ՀԱԿ, թե «Ժառանգություն»: Ու վերջապես, ամեն ինչի մասով խոսելու թեմա կա, Մարտի 1-ից վազն արեք. սա վերաբերում է բոլորին»: Այսուհանդերձ, Ստ. Սաֆարյանը, որպես հակադարձում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարտի 1-ին քաղաքից բացակայելու ՀԱԿ-ականների մեղադրանքին, մատնացույց է արել, որ մարտի 1-ին Տեր-Պետրոսյանն էլ Մյասնիկյանի արձանի մոտ չի եղել՝ պնդելով, որ այդ օրն առավոտյան Տեր-Պետրոսյանի ասուլիսի ավարտին ինքը մոտեցել է վերջինիս եւ ի պատասխան իր հարցին՝ ի՞նչ փոխանցվի ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված ժողովրդին՝ որպես ուղերձ, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որեւէ հավաք չի պլանավորել: Միգուցե սադրիչներ են հավաքվել: Այս պահին իմ շտաբի անդամները փախուստի մեջ են, եւ մինչեւ շտաբը չհավաքվի, որեւէ բան ես չեմ անի»: Պարզ չէ, թե հատկապես ի՞նչ էր ուզել ապացուցել Ստ. Սաֆարյանը՝ մեջբերելով Տեր-Պետրոսյանի այս, թերեւս, ավելի քան արդարացված ու տրամաբանական հայտարարությունը՝ եթե այն նույնիսկ եղել է, ինչպես պնդում է «Ժառանգության» պատգամավորը, կամ չի եղել, ինչպես պնդում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Թերեւս, պատգամավորն էլ ուզում էր ցավ պատճառած լինել ՀԱԿ-ականներին:
Ֆեյսբուքյան այս հեռակա բանավեճին անդրադառնալով՝ «Մարտի 1»-ի զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց, թե իր համար շատ ցավալի է, որ այս պահին, երբ ռեալ է երկրում իշխանափոխություն անելը, տարաձայնություններ են սկսվել ընդդիմադիր ուժերի միջեւ: «Մենք՝ զոհերի ծնողներս, վստահ ենք, որ մեր երեխաների սպանությունը հնարավոր է բացահայտել միայն իշխանափոխության դեպքում եւ ապացուցել ու վստահ լինել, որ մեր երեխաների թափած արյունն իզուր չի եղել: Չեմ ուզում որեւէ կողմին մեղադրել կամ մյուսի դատապաշտպանի դերը ստանձնել, բայց ցանկալի կլիներ, որ վերջ դրվեր այս ամենին: Իմ անձնական կարծիքն այն է, որ այսօր երկրում իշխանափոխություն կարող է անել, դրան ընդունակ է միայն ՀԱԿ-ը: Արդեն երեք տարի է՝ ՀԱԿ-ն է զբաղվում մեր երեխաների սպանությունները բացահայտելու գործով, եւ հավատարիմ լինելով Կոնգրեսին, կոչ կանեի մյուս ընդդիմադիր ուժերին՝ միանալ կամ լինել ՀԱԿ-ի կողքին՝ իշխանափոխությանը հասնելու համար»,- ասաց տիկին Ալլան՝ հավելելով, որ կուսակցությունների միջեւ տարակարծություններ միշտ էլ կարող են լինել, բայց դրանք պետք է տեղափոխել քաղաքակիրթ բանավեճի հուն եւ միայն իշխանափոխությունից հետո: «Չեմ գտնում, որ կարելի է մինչ իշխանափոխությունը, քանի դեռ երկիրը ճիշտ ռելսերի վրա դրված չէ, որեւէ հարցի շուրջ վիճել: Եթե մարդիկ մանր խոսակցությունների հետեւից են ընկել, ապա հակված եմ կարծելու, որ նրանք դեմ են իշխանափոխությանը. ուրեմն՝ նրանք ընդդիմություն են ընդդիմության ներսում»,- եզրափակեց նա ու զգուշացրեց, որ եթե մյուս անգամ «Մարտի 1»-ը ու զոհերի թափած արյունը դառնան շահարկման առարկա, «մենք դրան կարձագանքենք կոշտ ու կոպիտ»:
Ֆեյսբուքյան բանավեճերն այս հունով դեռ կշարունակվեն, եթե կողմերի առաջնորդները իրենց համակիրներին սթափության կոչ չանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել