Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՑՑԵ ԱՄԵՆԱԱՆԿԱԽ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ապրիլ 05,2011 00:00

\"\"Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ, տարածաշրջանում ամենաանկախ էներգետիկ համակարգը Հայաստանինն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ անցկացվեցին լսումներ՝ «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայով: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը ՀՅԴ խմբակցությանն էր, որը, սակայն, երեկվա լսումներից չափազանց դժգոհ էր: Նախ՝ հրավիրվածների ցանկը որոշել էր ոչ թե առաջարկություն արած խմբակցությունը, այլ հանձնաժողովը, եւ երկրորդ՝ հիմնական զեկուցողը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, իր պատասխաններով չէր կարողանում բավարարել դաշնակցական պատգամավորներին, եւ երրորդ՝ առանց մեծ ջանքերի էլ ակնհայտ էր, որ ՀՅԴ առաջարկը՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, մերժվելու էր, եւ այդ լսումները պարզապես «գազը բաց թողնելու» լսումներ էին: Հիմնական զեկուցող Ռոբերտ Նազարյանը բոլոր հարցերին ի պատասխան միայն իր գլխավորած հանձնաժողովն էր գովերգում եւ իր ասելով՝ չէր ուզում դուրս գալ իր հանձնաժողովի իրավասությունների շրջանակներից: Դաշնակցականներն էլ ավելի ուշ կարծիք հայտնեցին, որ այդ դեպքում ճիշտ կլիներ հիմնական զեկուցողը եւ հարցերին պատասխանողը լիներ կառավարությունը: Ի դեպ, լսումներին ներկա էր նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով եւս որոշ միջամտություններով փորձում էր պատասխաններ տալ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ներկայացնելով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության կարեւորությունը՝ ասաց. «Սա մեղադրական եզրակացություն չէ, հարց է ընդամենը, այդ հարցը տալու իրավունքը մենք, որպես հասարակությունը ներկայացնողներ, ունենք, եւ համարելով, որ էներգետիկան ՀՀ-ի համար այնքան ստրատեգիական մեծ կարեւորություն ունի, երեւի միայն ՊՆ-ն իր կարեւորությամբ կարող է չափվել»:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանին հարցրինք՝ ինքը գո՞հ է անցկացվող լսումներից, չի՞ կարծում, որ ձեւական ինչ-որ բան կար դրանցում: Ի պատասխան՝ պարոն Բոստանջյանն ասաց. «Բոլոր դեպքերում գոյություն ունի գազամատակարարման համակարգը, որը մենաշնորհային կարգավիճակով իրականացվում է «ՀայՌուսգազարդի» կողմից: Սա շատ բարդ համակարգ է եւ բազմաթիվ առանձնահատկություններ ունի: Բոլոր դեպքերում այս լսումները, որքան էլ ուզենա չներկայանալ որպես այդպիսին (արդյունավետ- Մ. Ե.) ես կարեւորում եմ այնքանով, որքանով որ, անկախ նրանից՝ հանձնաժողով կստեղծվի, թե ոչ, այստեղ հարցադրումների մի շարան է գնում, որը, ըստ էության, կբարձրացնի համակարգի գործունեության արդյունավետությունը, չի կարող չբարձրացնել, որովհետեւ հնչում են բազմաթիվ հարցեր, որոնք թեկուզ մի քիչ սուբյեկտիվ բնույթ են կրում, բայց գործին տեղյակ, իրավասու մարդկանց դնում են համապատասխան սահմանների շրջանակներում: Պատասխաններն էլ չեն կարող ամբողջությամբ բավարար լինել, որովհետեւ հարց տվողն էլ գիտի այդ հարցի սահմաններն ու շրջանակները, եւ, բնականաբար, բոլոր պատասխանողներն առաջին հերթին հակված են պատասխանները ձեւակերպել իրենց անվտանգության շրջանակներում»:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Առավոտին» ասաց, որ լսումները հնարավորություն են տալիս հարցեր բարձրացնել. «Բայց մենք ավելի շատ մտածում էինք, որ նրանք, ովքեր բողոք են ներկայացրել եւ սպառողների շահերն են պաշտպանում, նրանք են հիմնական ահազանգը բարձրացրել, սա հենց այնպես բարձրացված հարց չէ, սակայն հասարակական սեկտորը ներկայացված է պակաս չափով: Մեր հարցադրումները շատ հստակ են, բայց մնացին օդում կախված: Նախ՝ հիմնական զեկուցողը պետք է լիներ կառավարությունը եւ ոչ թե հարակից պատասխաներ հարցերին»:
Արմեն Ռուստամյանի կարծիքով, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում կարող է լինել միայն քաղաքական որոշման արդյունքում: Մեր կառավարությունը ներկայացնող էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հարցրեց՝ կա տեսակետ, որ ժամանակին Հայաստանը իր բոլոր էներգետիկ ռեսուրսները Ռուսաստանին է տվել, եւ գազի հետ կապված պայմանավորվածությունների (նկատի ունի գազի գնի չբարձրացման մասին ՌԴ նախագահի խոստումը- Մ. Ե.) արդյունքում Ռուսաստանը առանձնապես մեծ բան չի կորցնում: Նախարարը, պատասխանելով այս հարցին, ասաց. «Մեր էներգետիկ համակարգը ամենաանկախ համակարգերից մեկն է, եթե լավ ուսումնասիրեք մեր օրենքները, մեր հնարավորությունները, կտեսնեք, որ ամենաանկախ համակարգերից մեկն է, համենայնդեպս՝ շատ ավելի անկախ, քան տարածաշրջանի որեւէ երկրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել