Տարիներ առաջ, դեռեւս երջանկահիշատակ Վազգեն կաթողիկոսի կենդանության օրոք, նրա կողմից հաստատվել էր Աբովյանում կառուցվելիք նոր եկեղեցու նախագիծը: Քաղաքում գործող միակ Սուրբ Ստեփանոս եկեղեցին անկարող էր տեղավորել բոլոր հավատացյալներին՝ հատկապես հոգեւոր տոների օրերին:
Ցավոք, հետագա տարիները այնքան էլ նպաստավոր չէին եկեղեցաշինության համար եւ եկեղեցու կառուցումը ուշացավ: Հուրախություն աբովյանցիների՝ մի քանի տարի է, ինչ քաղաքապետարանի դիմացի բլրակի վրա, մարդկանց աչքի առաջ սկսեց վեր խոյանալ Սուրբ Հովհաննեսի անունը կրող նորակառույց եկեղեցին: Վերջին տարիներին հոգեւոր տոների նախօրեին բոլորը սպասում էին եկեղեցու նորամուտին, բայց, չգիտես ինչու, այն ուշանում էր: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով օրերս այցելեցի նորակառույց եկեղեցի: Թեեւ շինարարության աշխղեկը տեղում չէր, բայց մյուս աշխատակիցները պատասխանեցին իմ բոլոր հարցերին: Պարզվեց, որ դրսից ավարտուն թվացող եկեղեցու ներսում դեռեւս շատ անելիքներ կան՝ կապված պատերի դրվագման եւ քանդակների տեղադրման հետ: Անելիքները շատ են նաեւ եկեղեցու շրջակա ողջ տարածքի բարեկարգման գործում:
Ինչեւէ, ինձ հայտնեցին, որ եկեղեցու բացման արարողությունը կկայանա 2013 թվականին: Այնպես որ, Աբովյանի հավատացյալները պետք է եւս 2 տարի համբերեն՝ իրենց շքեղ եւ սպասված եկեղեցու նորամուտին: