Հայաստանի Շնորհքով Կուսակցությունը (ՀՇԿ) գտել է երջանկանալու բանաձեւը
Սիրելի հայ ժողովուրդ, մեր այս շատ փոքրիկ երկրում կան բազմաթիվ իսկական եւ ոչ իսկական կուսակցություններ, ընդդիմադիր եւ նույնիսկ լրատվական միջոցներ, որոնք, բացի գլուխները գովելուց, ուրիշ բանի ընդունակ չեն: Ստեղծված շիլափլավից դուրս գալու համար մի կարգին, շնորհքով կուսակցություն է պետք, եւ մենք լավ մտածելուց հետո, մի քանի լավ տղաներով հավաքվեցինք եւ որոշեցինք ստեղծել մի շնորհքով կուսակցություն եւ անվանեցինք Հայաստանի շնորհքով կուսակցություն՝ ՀՇԿ: Եթե գալիք պառլամենտական ընտրություններում ՀՇԿ-ն հաղթանակի ու մենք դառնանք Ազգային ժողովի ու կառավարության տերն ու տիրակալը, ապա խոստանում ենք երկրի կյանքում իրագործել մի շարք բարեփոխումներ, որոնցից միայն մի քանիսը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
1. Որոշ միամիտներ կարծում են, թե հարկային, մաքսային, կադաստրի, ոստիկանության, դատախազության, արդարադատության, գյուղատնտեսության, առողջապահության եւ կրթական համակարգերում աշխատողների աշխատավարձերը բարձրացնելով՝ կարելի կլինի արմատախիլ անել կոռուպցիան ու կաշառակերությունը: Նրանք չարաչար սխալվում են, քանի որ նշված կառույցների աշխատողները թքած ունեն պետության կողմից տրվող աշխատավարձերի վրա: Բացառությամբ այդ կառույցներում աշխատող հավաքարարների եւ պահակների, մենք ոչ մեկին աշխատավարձ չենք վճարի, որի արդյունքում բյուջեի մուտքային մասը շեշտակի կմեծանա ու կստեղծվի լավ հնարավորություն՝ բարձրացնել թոշակներն ու նպաստները եւ նույնիսկ կվերադարձվեն խաբված ավանդատուների փողերը, որն այդպես էլ չհաջողվեց անել «Օրինաց երկիր» կուսակցությանը:
2. Հաշվի առնելով, որ վերջին 15-17 տարիներին ժողովրդի մեծ մասը հարստացավ՝ խաղալով լոտո եւ կազինոներում մեծ փողեր շահելով, ապա մոտակա ամիսներին կբացենք եւս 4 կազինոյի խաղատներ եւ 2 լոտոյի հատուկ հեռուստաալիքներ: Ինչ վերաբերում է «Ա+1» հեռուստաալիքին եթեր տրամադրելուն, ապա արդեն համաշխարհային համբավ ստացած Գ. Ամալյանին կնշանակենք ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, որից հետո «Ա+1»-ը կվերանվանենք «Ա+2»-ի, ու թող նա երկար աշխատի հանուն մեր ժողովրդավարության:
3. Երկրի անվտանգությունը ապահովելու համար կաշխատենք գեներալ- գնդապետի, նաեւ երկու մարշալի ու մեկ ծովակալի կոչումներ շնորհել մեր պանծալի ուժային կառույցների նախարարներին, նրանց տեղակալներին ու վարչության պետերին:
4. Հաշվի առնելով մեր երկրում թիկնապահների աճող պահանջարկը, կբացենք հատուկ համալսարան, որտեղ առանց քննությունների կընդունվեն այն երիտասարդները, որոնք կունենան գլխի հատուկ ձեւ ու չափ:
5. Խաղողի, դեղձի, ծիրանի, լոլիկի, վարունգի եւ հատկապես դդումի բերքատվությունը կտրուկ կբարձրացնեք ու այդ նպատակով գյուղնախարարությունում կստեղծենք նոր վարչություններ՝ իրենց պետերով ու աշխատակազմերով, վերը նշված ամեն մի գյուղմթերքի գծով:
6. Բնակարանային գողություններն իսպառ վերացնելու համար կընդունենք օրենք, որով կպարտավորեցնենք շենքերի առաջին եւ վերջին հարկերի ապրողներին՝ իրենց դռների եւ պատուհանների վրա տեղադրել երկաթյա վանդակաճաղեր եւ այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն այս միջոցառումներից, կտուգանվեն միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով, սա եւս հնարավորություն կտա մեծացնելու բյուջեի մուտքային մասը, կստեղծվեն աշխատատեղեր (հումքի ներկրում, ճաղերի պատրաստում եւ տեղադրում):
7. Կստիպենք Հայաստանով զբաղվող զանազան եվրոպաներին ու ամերիկաներին՝ վերջապես ընդունել ժողովրդավարության մեր չափանիշները՝ նաեւ իրենց երկրում պառլամենտական եւ նախագահական ընտրություններ անցկացնելիս:
Էլի շատ լավ բաներ, որոնց մասին կխոսենք հետագայում:
Հարգանքներով՝
ՀՇԿ նորընտիր նախագահ՝
ՇԵՌՈԺ ՂԱԶԻԿՅԱՆ
Հ. Գ. Հասկանալի պատճառներից ելնելով, հետագա անախորժություններից խուսափելով, այսուհետեւ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու համար առավելությունը կտանք այն մարդկանց, անկախ կրթական մակարդակից, որոնց հայրերը, պապերը եւ պապուպապերը թողած կլինեն, որպես ժառանգություն, մեծ հարստություններ: