Ժպտանք միասին, բայց ոչ միայն մեկ օր…
«Ապրիլի 1-ն այն օրն է, երբ մենք հիշում ենք, թե ով ենք տարվա մնացած 364 օրերին»,- ասել է Մարկ Տվենը:
Երեկ հայերը նշում էին Հումորի եւ երգիծանքի օրը:
Համաձայն որոշ կարծիքների՝ ապրիլի 1-ին ծիծաղի օր նշելը կապված է գարնան արեւադարձի հետ: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով եւ ուրախությամբ:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Ծիծաղի օրը կապված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Ֆրանսիայում Նոր տարին նշվել է ապրիլի 1-ին, բայց 16-րդ դարից սկսած, Կարլ IX-րդի որոշմամբ, Նոր տարին սկսեց նշվել հունվարի 1-ին: Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, այդ պատճառով նրանց ծաղրում էին՝ անվանելով «ապրիլյան խենթեր»:
Հայաստանում ապրիլի 1-ը հայտնի է եղել որպես «խաբելու եւ կոճակ պոկելու օր», սակայն ոչ պաշտոնապես: 2006 թվականից, երբ կառավարությունը որոշեց սահմանել Հումորի եւ երգիծանքի օր, խաբելու օրը վերափոխվեց ծիծաղի օրվա: Ամեն տարի այդ օրը հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում: Այս տարի ծիծաղի օրը հոբելյանական էր՝ 5-րդ տարին է: Երեկ առավոտյան ժամը 12-ից «Բոլորին, բոլորին, բոլորին…» կոչերով մեկնարկեցին միջոցառումները: Ի դեպ, որպես հոբելյանական տարի՝ միջոցառումները անցկացվում էին ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Դրա «վառ» ապացույցը Նկարիչների միությունում երգիծանկարների հանրապետական ցուցահանդեսի բացումն էր: Այն կրում էր՝ «Մեր անցած քըսան տարիները» խորագիրը, որի «քըսան» արտահայտությունը փոքր-ինչ զայրացրել էր ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանին: Նա չէր ցանկանում, որպեսզի «քըսան» ոչ ճիշտ գրառումով ցուցահանդեսի պաստառը փակցվեր միության «ճակատին»: Ըստ նրա՝ «Սա լուրջ հիմնարկ է»……բայց դե երգիծականներին ոչինչ եւ ոչ ոք չխանգարեց՝ իրենց ցանկությամբ անցկացնել ցուցահանդեսը: Միության ցուցասրահում ներկայացված էին հայ մեծանուն ծաղրանկարիչների աշխատանքները՝ Արսեն Գեւորգյան՝ Դիզո, Վլադիմիր Աբրոյան, Պավել Ջանգիրով՝ Պավլե, Ալիս Մալոյան եւ այլն: Ապա տոնական միջոցառումը շարունակվեց «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում, որտեղ իրար ետեւից բացվեցին ծիծաղաշարժ լուսանկարների ցուցադրություն՝ երիտասարդ լուսանկարիչների մասնակցությամբ, երգիծաքանդակների ցուցահանդես՝ արդեն պրոֆեսիոնալ նկարիչների եւ քանդակագործների մասնակցությամբ:
Ապրիլմեկյան միջոցառումների նախաձեռնությունը «Սամվել Բաղդասարյան» ընկերությանն էր:
Երգիծաբան, ծաղրանկարիչ Խաչատուր Միրիջանյանի խոսքով՝ Հայաստանում հումորը մեծ զարգացում է ապրել. «Այսօր ես մեկ սրահում ներկայանում եմ երիտասարդ սերնդի հետ եւ դա ինձ մեծ ուրախություն է պարգեւում: Հայաստանում հումորը երբեք չի մեռնի: Մենք՝ հումորիստներս, շատ ասելիք ունենք, մեր միակ խնդիրը ֆինանսն է: Կարծում եմ, ծաղրանկարն ու ծաղրաքանդակը պետք է շատ ազատ լինեն, երիտասարդության շրջանում այդ ազատությունը նկատում եմ: Ավելի թեթեւ են ամեն ինչին նայում եւ հումորի վրա ավելի շատ են շեշտադրությունը դնում»:
Քանդակագործ Կարեն Բաղդասարյանի բնորոշմամբ էլ՝ առանց հումորի ապրել չի լինում:
Լուսանկարչական ցուցահանդեսի մասնակից Ռոբերտ Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սիրողական մասնակցություն է ցուցաբերել. «Ամեն ինչի մեջ պետք է հումոր գտնել, տեսնել: Միայն այս օրը չպետք է հումորով ապրենք»:
Ցուցահանդեսների շարքին հաջորդեց ապրիլմեկյան կինոցուցադրություն եւ վարպետաց դաս` «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ Ռուբեն Բաբայանի «Հայի բախտ» ներկայացումը եւ «Քաջասիրտ ZOZO-ն պղպջակների աշխարհում» շոուն:
Արամի եւ Նալբանդյան փողոցների հատույթում գտնվող, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարան տանող գետնանցումում մի խումբ երիտասարդներ պատերին գրաֆիտիներ էին անում: Դա ապրիլմեկյան միջոցառումների շրջանակներում հայտարարված գրաֆիտի մրցույթ էր, որը ամփոփվեց երեկոյան, որից հետո գետնանցումի հարակից տարածքում սկսվեց բացօթյա համաժողովրդական տոնակատարություն:
Նշենք, որ ծիծաղի օրվա կապակցությամբ միջոցառումներ են եղել նաեւ Գյումրիում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Ստեփանակերտում, Վանաձորում, Արտաշատում, Մարտունիում, Էջմիածնում, Քաջարանում, Մեծամորում եւ Սեւանում: