Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիբիայի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե…

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը (նկարում) ապրիլի 1-ին Բենղազիում հայտարարել է, որ Լիբիայի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել կրակը: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով Reuters-ը: Ջալիլը նշել է, որ դրա համար կպահանջվի կատարել մի քանի պայմաններ. կառավարական զորքերը պետք է դուրս գան Լիբիայի արեւմտյան քաղաքներից, այնտեղ ապրող մարդիկ հնարավորություն ստանան բացահայտ արտահայտել իրենց հայացքները, իսկ Քադդաֆիի կողմից հրավիրված բոլոր օտարերկրացի վարձկանները՝ դուրս գան Լիբիայից: «Այս պայմաններով մենք դեմ չենք զինադադարին»,- հայտարարել է Ջալիլը:
Նա նաեւ խոստովանել է, որ ռազմական գործողությունների շարունակման դեպքում իրենք կարիք կունենան լրացուցիչ զենքի՝ կառավարական զորքերի հետ հավասար պայքար մղելու համար: Կրակի անհապաղ դադարեցումը հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի հիմնական պահանջներից մեկը:
News.am-ը հաղորդում է, թե ԱՄՆ-ը մտադիր է իր ռազմաօդային ուժերը հանել Լիբիայում ընթացող միջազգային գործողություններից՝ հուսալով, որ ՆԱՏՕ-ի այլ երկրների կհաջողվի կատարել այդ աշխատանքը: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը: Այդ հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք է գտել Կոնգրեսում: Նախարար Ռոբերտ Գեյթսի եւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մայքլ Մալլենի հայտարարություններն այդ կապակցությամբ որակվել են «տարօրինակ», «մտահոգիչ» եւ «նյարդայնացնող»: Ամերիկյան ռազմական օդուժը իր ռազմական գործողությունները Լիբիայում իրականացնելու է մինչեւ ապրիլի 2-ը:
Ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն, Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին կոչ է արել արեւմտյան կոալիցիայի պետությունների ղեկավարներին՝ անհապաղ հրաժարական տալ, դադարեցնելու համար «խելահեղ արյունահեղությունը» ու ուժի գերակայությունն օրենքի նկատմամբ, նաեւ Միջերկրածովյան տարածաշրջանի ընդհանուր շահերի կործանումը կանխելու նպատակով:
Քադդաֆին հայտարարել է, թե «այդ խելագարները ցանկանում են մեզ գցել միջնադար՝ սկսելով վտանգավոր պատերազմ, որում շուտով կկորցնեն վերահսկողությունը»: Նա առաջարկել է արեւմտյան երկրների ժողովուրդներին իրենց նոր առաջնորդներ ընտրել, որոնք հարգում են պետությունների միջեւ հարաբերությունները ու միջազգային իրավունքը:
Հակառակ դեպքում, Քադդաֆիի խոսքերով, աշխարհը շուտով ականատես կլինի քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ սարսափելի պատերազմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել