Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՆԱՆՈԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 02,2011 00:00

«Բաց նամակ»՝ ԳՊԿ-ի արհեստածին եւ կլանային լինելու մասին

\"\"

Հենց սկզբից մենք` ներքոստորագրյալներս, ուզում ենք նշել, որ այս նամակը բողոք չէ վերին ատյաններին` վերանայելու մրցույթի արդյունքները (ինչը, իրոք, արդարացի կլիներ): Մենք ցանկանում ենք միմիայն փաստարկված ներկայացնել մեր պատկերացումները ՀՀ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) իրականացրած գիտական թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքների մասին եւ դրանց վերլուծման հիման վրա ցուցադրել, որ ԳՊԿ նախագահի` գիտական թեմաների ընտրության հռչակած սկզբունքների եւ իրականացրած մեթոդների միջեւ, ըստ էության, ոչ մի ընդհանրություն չկա:
Թյուր եւ դիլետանտական եզրահանգումներից խուսափելու նպատակով ստորեւ կխոսենք միայն ֆիզիկայի այն ուղղության մասին, որով մենք զբաղվում ենք երկար տարիներ, այն է` նանոկառուցվածքների եւ ցածր չափայնությամբ համակարգերի ֆիզիկայի մասին: Կարծում ենք, որ ավելորդ է մանրամասն խոսել նանոհամակարգերի ֆիզիկայի բնագավառում կատարվող հետազոտությունների արդիականության մասին: Այս բնագավառն ամբողջ աշխարհում ներկայումս իր բուռն զարգացումն է ապրում: Բավական է նշել, որ բոլոր զարգացած երկրները դեռեւս անցյալ դարի վերջին եւ այս դարի սկզբին ընդունել են նանոտեխնոլոգիաների զարգացման ազգային ծրագրեր (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան եւ այլն): Նշված բնագավառում լուրջ ներդրումներ կատարող երկրները, անտարակույս, ապագայում կունենան (կամ արդեն ունեն) էական առավելություններ այն երկրների նկատմամբ, որոնք նախընտրել են արդյունաբերության զարգացման այլ, ավելի քիչ գիտատար ուղղություններ:
Այս տեսանկյունից հատկանշական է, որ ՀՀ կառավարությունը դեռեւս 2004-2008թթ. նանոէլեկտրոնիկան առանձնացրել է որպես զարգացման գերակա ուղղություն, ֆինանսավորելով «Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա» պետական նպատակային ծրագիրը: Նշված տարիներին այս ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների արդյունքները հրատարակվել են շուրջ 400 գիտական աշխատանքներում, որոնցից ավելի քան 130-ը` միջազգային գրախոսվող, ազդեցության գործոն (impact factor) ունեցող ամսագրերում, ստացվել է 5 արտոնագիր, պաշտպանվել են 1 դոկտորական եւ 18 թեկնածուական ատենախոսություններ: Ծրագրում ընդգրկված գիտաշխատողների 50%-ը եղել է 30-ից մինչեւ 50 տարեկան:
Ծրագրի մի խումբ կատարողներ արժանացել են 2007թ. ֆիզիկայի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի` կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային եւ օպտիկական հատկությունների ուսումնասիրմանը նվիրված աշխատանքների շարքի համար: Պատահական չէ, որ հենց նպատակային ծրագրի մասնակիցներին է առաջարկվել գրել երկու ակնարկային հոդված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Նանոգիտություն եւ նանոտեխնոլոգիաներ» հանրագիտարանում, որի ռուսերեն տարբերակն արդեն հրատարակվել է, իսկ անգլերեն տարբերակը պատրաստվում է լույսընծայման՝ «Oxford Press» հրատարակչությունում:
Այսօր Հայաստանում ակտիվորեն աշխատում են մի քանի գիտական խմբեր (ԵՊՀ, ՌՀՀ, ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղ), որոնց հետազոտությունների հիմնական ուղղությունը նանոկառուցվածքների ֆիզիկան է: Դրանց գիտական հետազոտությունների արդյունքները հրատարակված են բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում եւ քաջ հայտնի են միջազգային հանրությանը, ինչի վկայությունն են այլ հեղինակների հարյուրավոր հղումներն այդ աշխատանքներին (մասնավորապես, 2006-2010թթ. ընթացքում` ավելի քան 250, առանց ինքնահղումների): Նշենք նաեւ, որ այս խմբերի որոշ անդամներ ավելի քան մեկ տասնյակ միջազգային ամսագրերի կողմից ընտրված են որպես պաշտոնական գրախոսներ:
Մենք կցանկանայինք, որ վերն ասվածը չդիտվի որպես ինքնագովություն, պարզապես ԳՊԿ-ի ղեկավարը սիրում է հղումներ կատարել գիտական գործունեության գնահատման միջազգային չափանիշներին, որոնց կարեւորագույն բաղադրիչներից են վերը նշված հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակման գործոնը, հղումների թիվը եւ հետազոտությունների արդիականությունը:
Այժմ տեսնենք, թե իրականում ինչպես է «միջազգային մակարդակով» կազմակերպվել ֆիզիկայի բնագավառում ներկայացված աշխատանքների «որակյալ փորձաքննությունը»: Առաջին փաստը, որը փորձաքննության անցկացման օբյեկտիվության եւ արհեստավարժության նկատմամբ կասկածներ է առաջացնում՝ մրցույթի արդյունքների հայտարարման ժամկետների հետաձգումների հանգամանքն է: Նախապես որոշված էր, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2010թ. դեկտեմբերի վերջին: Ի վերջո, ավելի քան երկու ամիս ուշացումով հրապարակված արդյունքներից եւ մի շարք ակտիվ աշխատող եւ արտասահմանում հրատարակվող հեղինակներին տրված գնահատականներից պարզ դարձավ, որ աշխատանքների գնահատումը կատարվել է ծայրահեղ սուբյեկտիվ եւ ոչ արհեստավարժորեն:
Չնայած ԳՊԿ ղեկավարության բազմիցս հռչակած սկզբունքներին, առ այն, որ հիմնականում արտասահմանյան փորձագետները պետք է գնահատեն մրցույթին ներկայացված թեմաները (հասկանալի է, որ Հայաստանի փոքր գիտական համայնքում շահերի բախումն անխուսափելի է), պարզվում է, որ դրանք հիմնականում գրախոսվել են Հայաստանում: Ընդ որում, բազմիցս տեղի եւ անտեղի հայտարարվել է, որ փորձագետներին ընտրում է համակարգիչը` ըստ տվյալ բնագավառը բնութագրող, այսպես կոչված, «բանալի» բառերի:
Շնորհիվ ինտերնետի եւ տվյալների առկա բազաների, դժվար չէ որոշել ակտիվորեն աշխատող եւ առաջատար ամսագրերում հրատարակվող գիտնականներին: Սակայն, նանոկառուցվածքների ֆիզիկայում մասնագիտացված երկու ակադեմիկոսներից, երկու թղթակից անդամներից եւ գիտության երեք դոկտորներից ոչ մեկը չի մասնակցել փորձաքննությանը: Բնականաբար, հարց է ծագում, իսկ ովքե՞ր են գրախոսել այս բնագավառի թեմաները: Ինչո՞ւ են դրանք ուղարկվել ոչ մասնագետների: Պարզվում է, որ միաժամանակ մի շարք գիտնականների մրցույթը եզրափակելուց ընդամենը երկու-երեք օր առաջ ուղարկվել է փորձաքննության 5 եւ ավելի աշխատանք: Նրանցից ոմանք նշել են, որ ուղարկված աշխատանքներից շատերն ընդհանրապես կապ չեն ունեցել «համակարգչի ընտրած» փորձագետի գործունեության ոլորտի հետ:
Ավելացնենք նաեւ, որ համատեղ գիտական ծրագրերի փորձաքննություն իրականացնելիս, երբ համադրվում են հայ եւ արտասահմանցի փորձագետների փորձագիտական գնահատումները (օրինակ` Ֆրանսիայի հետ համատեղ CNRS ծրագրի շրջանակներում), համակարգիչը, չգիտես ինչու, «ընտրում է» լրիվ այլ մասնագետների:
Դժվար չէ «կռահել», որ «բարձրորակ փորձագետների» համար թեմաների հեղինակների գիտական հոդվածների հրատարակումը եւ այլ գիտնականների կողմից հեղինակներին հղումները ոչ մի նշանակություն չեն ունեցել, ինչում հեշտությամբ կարելի է համոզվել հանրահայտ միջազգային «Elsevier-Scopus» գիտական կայքի տվյալների տարրական վերլուծման հիման վրա: Այսպես, օրինակ, այս կայքում կարելի է գտնել ԵՊՀ 40 ամենաակտիվ հրատարակվող գիտնականներին, որոնցից 24-ը ֆիզիկոս է, եւ 24-ից միայն մեկն է ստացել թեմային ֆինանսավորում: Մրցույթի արդյունքները վերլուծելիս պարզվում է մի հիշարժան փաստ եւս` որոշ գիտական խմբերին տրված են շատ ցածր գնահատականներ, ընդ որում, դրանք այնպես են դրված, որ անիմաստ է դառնում թեմաների հնարավոր բողոքարկումը: Ստեղծվում է այն տպավորությունը, որ որոշ թեմաներ ընդհանրապես չեն ուղարկվել փորձաքննության, եւ հենց սկզբից «նկարվել» են ոչ անցողիկ գնահատականներ: Սրա լրացուցիչ ապացույցն է այն փաստը, որ ԳՊԿ-ն հրաժարվում է որոշ թեմաների վերաբերյալ տրամադրել փորձաքննության թերթիկները` համապատասխան գնահատականներով: Իսկ, գուցե, դրանք չկա՞ն:
Մեզ հայտնի են դեպքեր, երբ դիմել են գրախոսի, պարզելու համար, թե նա, արդյոք, բարձր գնահատական կնշանակի՞, եթե աշխատանքն ուղարկվի իրեն:
Այսպիսի «փորձաքննության» հետեւանքով հանրապետությունում նանոգիտությամբ զբաղվող գիտական օղակներից ոչ մեկը չի ստացել ֆինանսավորում, այն դեպքում, երբ նշված ուղղությունը, ինչպես ասվեց, եղել է ՀՀ գիտական գերակա ուղղություններից մեկը: Ափսոսանքով պետք է նշենք, որ այս մրցույթը օրգանական շարունակությունն էր իր այն անօրինականությունների, որոնք կատարվեցին երիտասարդ գիտնականների մրցույթն անցկացնելիս, երբ բացահայտ ուժեղ ծրագրերը տապալվում էին, իսկ ակնհայտ թույլ աշխատանքները` հաղթում:
Վերջին փաստը վերջնականապես համոզել է շատ երիտասարդ գիտնականների` հույսեր չկապել Հայաստանում գիտական գործունեության հետ եւ իրենց ապագան կապել արտասահմանի հետ: Մեզ հայտնի է դեպք, երբ հաղթել չցանկացող (որովհետեւ կային ավելի ուժեղ աշխատանքներ), բայց «ի վերուստ» որոշված հաղթած թեմայի երիտասարդ ղեկավարն ազնիվ մարդուն վայել շիտակությամբ ներողություն է խնդրել մրցույթում տապալված իր ընկերներից եւ հեռացել Հայաստանից:
Այս տեսակետից հատկապես ցինիկորեն են հնչում ԳՊԿ-ի նախագահի` պատեհ եւ անպատեհ առիթներով ամպագոռգոռ հայտարարություններն այն մասին, որ կոմիտեն ամեն ինչ անում է երիտասարդ եւ ակտիվ աշխատող գիտնականների հոսքն արտասահման՝ կանգնեցնելու համար:
Այս նամակով մենք ցանկանում ենք միայն շեշտել, որ լավ հասկանում ենք, թե ինչ հնարքներ են օգտագործվել գիտական թեմաների «օբյեկտիվ» եւ «անկախ» փորձաքննության ժամանակ, եւ ինչ սկզբունքներ են դրվել այս կամ այն գնահատման հիմքում:
Գիտական եւ ընդհանրապես հայ հանրությանը հերթական անգամ ցուցադրվեց, որ ԳՊԿ-ն նեղ, արհեստածին, կլանային կազմակերպություն է, որն ընդհանուր ոչինչ չունի Հայաստանում իրական գործող, եւ ի հեճուկս տարբեր կոմիտեների, մաքառող եւ զարգացող գիտական հանրության հետ:
Մենք համոզված ենք, որ ԳՊԿ-ի կատարած եւ մեր թվարկած, ինչպես նաեւ չթվարկված բազմաթիվ արարքներին ժամանակի ընթացքում կտրվեն համարժեք պատասխաններ:

ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
ԱԼԲԵՐՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հ. Գ. Նամակում նշված օբյեկտիվ ցուցանիշներով առաջնորդվելու դեպքում ներկայացված թեմաների նախնական ընտրությունը կարելի էր իրականացնել առանց մի ամբողջ կոմիտեի, գործը հանձնարարելով գիտության հետ կապ չունեցող համակարգչային մի օպերատորի, որը երկու շաբաթվա ընթացքում կկատարեր ընտրության գործը՝ օգտվելով համացանցում անվճար հասանելի աղբյուրներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել