Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննություններ եւ դժգոհություններ

Ապրիլ 02,2011 00:00

Առաջին փուլն ավարտված է

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար փետրվարի 19-ից մեկնարկած քննությունների առաջին փուլն ավարտվեց: Երեկ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում վերջին 26 «տնօրենացուները» հանձնեցին քննությունները: Նրանցից գրավոր փուլը չկարողացավ հաղթահարել 3-ը: «Առավոտը» զրուցեց միայն գրավոր փուլը հաղթահարած տնօրենների հետ, քանի որ «կտրվածները» խուսափեցին խոսել:
ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տեղեկատվության վերլուծության եւ խորհրդատվության կենտրոնի ղեկավար Արտակ Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց, որ այս փուլում «տնօրենացուների» շուրջ 30%-ը հավաստագիր չի ստանա:
Երեւանի թիվ 12 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արծվիկ Արշակյանը հավաստագրման գործընթացին դեմ չէ: «Կան լճացած տնօրեններ, որոնք պետք է գոնե երբեմն կարդան, բայց 20-30 տարվա տնօրենները նորեկների հետ նույն սանդղակով չպետք է քննվեին»,- կարծում է Ա. Արշակյանը:
Նոյեմբերյանի շրջանի Հաղթանակ գյուղի միջնակարգ դպրոցի 20 տարվա տնօրեն Գեւորգ Բիջոյանը եւս հավաստագրմանը մասնակցելուց հետո գտնում է, որ գործող տնօրենների համար հավաստագրման գործընթացն անհրաժեշտ էր. «Այսօրվա հարցաշարը բարդություն չէր ներկայացնում, ով աշխատել էր՝ կարողացավ հեշտությամբ հաղթահարել շեմը: Օրենսգրքերն իմանալը պետք է, բայց յուրաքանչյուր տնօրեն դրանք պետք է ունենա իր աշխատասենյակում եւ անհրաժեշտ պահին նայի: Հարցաշարում թեկուզ պրիմիտիվ հարցեր կան, որ այնքան էլ էական չեն, եւ ծավալը կարելի էր թեթեւացնել»:
2010թ. «Տարվա լավագույն տնօրեն» ճանաչված Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը 60 հնարավորից 59 միավոր էր հավաքել. «Օրենքներին տիրապետելու հարցում հավաստագրումը միայն օգնող դեր կատարեց: Այսպես գոնե տեսական պատրաստվածությունն ապահովվում է»:
ԿԳ նախարարության ներկայացուցիչներին նա այս մասով դիմելու հարց չուներ, սակայն կարծում է, որ համակարգում խնդիրները բազմաթիվ են: «Հայաստանի բոլոր դպրոցներում լաբորատոր գործնական աշխատանքը թերի է: Խոստացել էին մինչեւ 2010-ը բոլոր դպրոցները ապահովել լաբորատորիաներով, բայց չստացվեց»:
Մ. Ղազարյանը կարծում է, որ 12-ամյա կրթությունն այնքան էլ տեղին չէ. «Դրա նպատակն էր դասագրքերում ընդգրկված նյութը թեթեւացնել, բայց հակառակը կատարվեց: Քիմիայի մասնագետ եմ եւ իմ մեծ փորձի պայմաններում հայ հեղինակների կազմած 7-րդ դասարանի քիմիայի դասագրքի նյութը լրիվ ձեւափոխում, նոր եմ աշակերտին մատուցում: Եթե միջին մասնագետ լինես, չես կարող ուսուցանել այնպես, ինչպես հարկն է: Փորձել են, որ հայ երեխան շատ գիտելիք ունենա, բայց երեխային գրքից չպետք է զզվեցնել, այլ պետք է կապել գրքի հետ: Մի թեմայի մեջ 15 գիտնականի անուն եւ տեսություններ են դնում, ո՞ւմ է պետք սա: Այդքան նյութը պարտադրելով երեխային, նրա առողջության հետ ենք խաղում»: Նրա փոխանցմամբ, Գորիսում կա միայն մեկ ավագ դպրոց, ինչը հնարավորություն չի տա, որ գյուղերի բոլոր խելացի աշակերտները հաճախեն այդ դպրոց. «Դպրոցի տնօրեններով բավականին դժգոհություններ եւ առաջարկներ ենք ներկայացրել ԿԳ նախարարություն եւ կառավարություն, որ նման քաղաքականությունը գյուղերում տանելու է կործանման, առանց այն էլ գյուղերը ամրապնդման առումով այնքան էլ լավ վիճակում չեն: Եթե հայ ծնողը տեսավ, որ երեխան գյուղում չի կարողանում լրիվ ուսուցում ստանալ, գյուղից տեղափոխվելու է քաղաք: Առայժմ ըմբռնումով են մոտեցել այդ առաջարկներին եւ առայժմ գյուղերում ավագ դպրոցների ստեղծման գործընթացը կասեցվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել